Skip to main content

Ախտանիշներ - Սրտամկանի ինֆարկտ

Սրտամկանի ինֆարկտի գանգատները փոփոխական են:

Որոշ մարդիկ նշում են թեթև գանգատներ, մյուսների մոտ զարգանում են սուր և ծանր ախտանիշներ, մինչդեռ կան դեպքեր, երբ գանգատները կամ նշանները բացակայում են:

Սրտամկանի ինֆարկտի ամենատարածված ախտանիշներից են՝

  • կրծքավանդակի շրջանի ցավեր, որոնք հաճախ տեղակայված են կրծոսկրի ետևում և ունեն սեղմող, ճնշող, այրող կամ նվացող բնույթ
  • ցավ կամ անհարմարավետության զգացում, որը տարածվում է դեպի ուսեր, ձեռքեր, թիկունք, պարանոց, ստորին ծնոտ, ատամներ կամ երբեմն՝ որովայնի վերջին շրջաններ
  • սառը քրտինք (հաճախ՝ ամբողջ մարմինը պատող)
  • ընդհանուր թուլություն կամ ինքնազգացողության կտրուկ վատթարացում
  • այրոցք (изжога) կամ «ստամոքսի խանգարում»
  • ուշագնացության զգացում կամ հանկարծակի գլխապտույտ
  • սրտխառնոց
  • օդի պակասի զգացում կամ շնչարգելություն (հևոց)
  • երբեմն՝ վախի («մահվան վախ»), տագնապի ճնշող զգացողություններ:

Կանայք կարող են նշել ոչ տիպիկ ախտանիշներ, օրինակ՝ պարանոցում, ձեռքերում կամ թիկունքում տեղակայված կարճատև կամ սուր ցավ: Երբեմն սրտամկանի ինֆարկտի առաջին նշանը սրտի կանգն է:

Որոշ դեպքերում սրտամկանի ինֆարկտն ի հայտ է գալիս հանկարծակի, սակայն բազմաթիվ մարդիկ կարող են հիշել ժամեր, օրեր և անգամ շաբաթներ շարունակվող «նախազգուշացնող» գանգատներ և ախտանիշներ: Կրկնվող կամ հանգիտ վիճակում չանհետացող հետկրծոսկրային ցավը կամ ճնշման զգացումը (կրծքահեղձուկ) կարող է հանդես գալ որպես վաղ «նախազգուշացնող» գանգատ: Կրծքահեղձուկի պատճառը սրտամկանի արյան հոսքի ժամանակավոր նվազումն է:

Ե՞րբ դիմել բժշկին

Գործեք արագ և անհապաղ դիմեք օգնության, եթե կարծում եք, որ ունեք սրտամկանի ինֆարկտ: Ձեռնարկեք այս քայլերը:

  • Զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն. զանգեք առանց երկար մտածելու։ Յուրաքանչյուր դեպքում, երբ կա սրտամկանի ինֆարկտի կասկած, պետք չէ կարծել, թե՝ գուցե սխալվում եք։ Ավելի լավ է սխալվեք, քան կորցնեք թանկ ժամանակը։ Եթե զանգել չի հաջողվում, խնդրեք մեկնումեկին, որ ձեզ տեղափոխի մոտակա հիվանդանոց: Եթե այլ միջոց չունեք, վարեք ինքներդ, թեև դա կարող է վտանգավոր լինել ձեր և մյուսների համար:
  • Եթե բժիշկը նշանակել է, ընդունեք Նիտրոգլիցերին. ընդունեք այնպես, ինչպես հրահանգել է բժիշկը՝ մինչև շտապբուժօգնության անձնակազմը կժամանի:
  • Հակացուցումների բացակայության դեպքում ընդունեք Ասպիրին. սրտի նոպայի ժամանակ Ասպիրինը կարող է նվազեցնել սրտամկանի վնասումը՝ օգնելով արյան մակարդման դանդաղելուն: Սակայն, Ասպիրինը կարող է փոխազդել այդ դեղամիջոցների հետ, ուստի, մի ընդունեք այն, քանի դեռ ձեր բժիշկը կամ շտապբուժօգնության անձանակազմը խորհուրդ չի տվել: Մի՛ սպասեք Ասպիրինի ազդեցությանը և զանգե՛ք 1-03 առանց հապաղելու:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 05-04-2024