Skip to main content

Ջերմային ցանը կամ քրտնախաշը (միլիարիա) անվտանգ, սակայն սաստիկ քոր առաջացնող մաշկային ցան է:

Այն սովորաբար հայտնվում է մարմնի այլ շրջաններում, որտեղ կուտակվում է քրտինք՝ թևատակեր (անութային շրջան), թիկունք, կրծքագեղձերի տակ, կրծքավանդակ, աճուկային ծալքեր, շեք, արմնկային ու ծնկային ծալքեր կամ դաստակ:

Ջերմային ցանը կամ քրտնախաշն առաջանում է, երբ ձեր մարմինը քրտնում է սովորականից ավելի առատ, ուստի սովորաբար ի հայտ է գալիս ամառային ամսիներին կամ եղանակային շոգ պայմաններում: Քրտնախաշի անմիջական պատճառը տեղային տաք և բարձր խոնավության միջավայրում քրտնածորանների խցանումն է և բորբոքումը, որն առաջացնում է՝

  • մանր, ցրված կամ խմբավորված ցանավորում
  • մաշկի գրգռվածություն և քոր, երբեմն՝ խաշվելու զգացողություն
  • ախտահարված շրջանի կարմրած և թույլ այտուցվածություն:

Քրտնախաշն ավելի հաճախ հանդիպում է նորածին երեխաների շրջանում, որոնց քրտնագեղձերը լիարժեք չեն ձևավորվել ու թույլ են գործում:

Ջերմային ցանի ախտանիշները սովորաբար տևում են 2-3 օր և առանց որևէ բուժման ինքնուրույն անհետանում են: Սակայն, բժիշկը կարող է նշանակել բուժում, եթե կարծում է, որ ցանը վարակված է:

Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե ունեք քորի զգացումը մեղմացնող որևէ դեղ օգտագործելու կարիք:

Իմացե՛ք ավելին ամառային մաշկացաների մասին:

Ջերմային ցանի կամ քրտնախաշի բուժումը

Ահա որոշ խորհուդներ, որոնք կարող են օգնել ջերմային ցանի ախտանիշների մեղմացմանը և մաշկի վարակային բարդության կանխարգելմանը:

  • Հնարավորության դեպքում փորձեք խուսափել քրտնարտադրությունից: Համոզվեք, որ ձեր բնակարանը կամ սենյակը նորմալ օդափոխվում է:
  • Եթե նորածնի մոտ առաջացել է քրտնախաշ, թեթևացրեք նրա շորերը (պարուրելու սավան և այլն) և հոգ տարեք, որպեսզի նրան չպառկեցնեք արհեստական կամ կպչուն ներքնակի վրա (դոշակ):
  • Կրեք միայն ազատ և բնական թելից գործված հագուստ, որը կարող է օգնել գերտաքացման և քորի սաստկացման կանխարգելմանը:
  • Ընդունեք սառը լոգանք կամ ցնցուղ, որը կարող է ժամանակավորապես մեղմացնել քորի զգացումը: Սակայն մի՛ փորձեք հաճախակի մտնել սառը ցնցուղի տակ, քանի որ ջուրը կարող է մաքրել մաշկի պաշտպանական բնական քսուքը:
  • Քորի զգացումը կարող է մեղմացվել նաև որոշ դեղերով: Զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ: Նա կարող է առաջարկել կալամինային լոսյոն, հակահիստամինային դեղեր, թույլ ազդեցության հիդրոկորտիզոնային քսուք և այլ միջոցներ:

Մաշկի վարակային բորբոքման դեպքում բժիշկը կարող է ձեզ նշանակել նաև հակաբիոտիկային բուժում:

Հոդվածը հրապարակվել է՝ 21-06-2019
Վերջին վերանայում՝ 05-04-2024