Գրադարան

Հեպատիտներ

Հեպատիտներ

Time Read 2 րոպե

Հեպատիտը հիվանդություն է, որն ընթանում է լյարդի ախտահարմամբ և բորբոքմամբ։

Հեպատիտը խաթարում է լյարդի նորմալ գործունեությունը, այդ թվում՝ սպիտակուցների արտադրությունը և ոչ պետքական արգասիքներից արյան զտումը։ Հեպատիտները սովորաբար, բայց ոչ միշտ, պատճառվում են վիրուսային վարակով։

Հեպատիտի տեսակները

Կան հեպատիտների տարբեր տեսակներ, որոնք կարող են ստանալ սկսած թեթևից մինչև շատ ծանր ընթացք։

Վիրուսային հեպատիտների 5 հիմնական տեսակներն են՝

  • հեպատիտ A՝ հիվանդություն, որը տևում է մի քանի շաբաթից մինչև վեց ամիս
  • հեպատիտ B՝ ծանր վարակային հիվանդություն, որը կարող է բերել լյարդի վնասման
  • հեպատիտ C՝ հիվանդություն, որը կարող է ընթանալ սուր կամ քրոնիկ ընթացքով
  • հեպատիտ D՝ հազվադեպ հանդիպող հիվանդություն, որը հայտնաբերվում է միայն հեպատիտ B-ով վարակված մարդկանց մոտ
  • հեպատիտ E՝ կարճատև ընթացքով հազվադեպ հանդիպող հիվանդություն, որը հղի կանանց մոտ կարող է ստանալ սուր ընթացք։

Կան նաև հեպատիտի ոչ վարակային տեսակներ, այդ թվում՝

  • աուտոիմուն հեպատիտ
  • ալկոհոլային հեպատիտ։

Ընդ որում, հեպատիտի մեկ տեսակն ունենալը բնավ չի նշանակում, որ չեք կարող վարակվել կամ հիվանդանալ մյուս տեսակով։

Հեպատիտի ախտանիշները

Հեպատիտի տեսակից կախված ձեզ մոտ կարող են դրսևորվել հետևյալ գանգատներն ու ախտանիշները՝

  • մաշկի և աչքերի դեղնություն (դեղնուկ)
  • ընդհանուր թուլություն և հոգնածություն
  • սրտխառնոց և ախորժակի բացակայություն
  • ցավ որովայնի վերին հատվածում, ավելի հաճախ՝ աջ թուլակողում
  • հոդացավեր
  • մկանացավեր
  • կղանքի գունազրկում, երբ կղանքը դառնում է կավե գույն
  • մուգ մեզ։

Նկատի ունեցեք, որ դուք կարող եք ունենալ հեպատիտ և չիմանալ այդ մասին, քանի որ հաճախ հիվնադությունը կարող սկսվել և երկար ժամանակ ընթանալ առանց որևէ գանգատների ու արտաքին նշանների։

Որո՞նք են հեպատիտի պատճառները

  • Հեպատիտ A վարակը տարածվում է այս հիվանդությամբ մարդու հետ ուղղակի շփվելիս կամ վարակված մարդու կղանքով աղտոտված մթերքներ, հեղուկներ, ջուր և ըմպելիքներ ընդունելիս։
  • Հեպատիտ B-ն տարածվում է վարակված մարդու օրգանիզմի կենսահեղուկների հետ շփվելիս՝ արյուն, թուք, հեշտոցային հեղուկներ կամ սերմնահեղուկ։ Դուք կարող եք ունենալ կամ կրել հեպատիտ B՝ առանց իմանալու այդ մասին։
  • Հեպատիտ C-ն սովորաբար փոխանցվում է արյան միջոցով, օրինակ՝ ներարկային թմրամիջոցները համատեղ օգտագործելիս կամ հղի մորից՝ իր երեխային։
  • Աուտոիմուն հեպատիտի պատճառը իմունային համակարգի խանգարումն է, երբ ձեր իմունային բջիջները սկսում են պայքարել սեփական լյարդային բջիջների դեմ:
  • Ալկոհոլային հեպատիտի պատճառն ալկոհոլի չարաշահումն է՝ մեծ քանակներով և հաճախակի օգտագործումը:

Հեպատիտի ախտորոշումը

Ձեր բժիշկը կզրուցի ձեզ հետ և կզննի ձեզ՝ հայտնաբերելու հեպատիտի ախտանիշներ։ Հեպատիտներ A, B և C-ն կարող են հաստատվել արյան թեստերով։

Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե ցանկանում եք ճանապարհորդել մեկ այլ երկիր, որտեղ ըստ ձեզ կարող եք վարակվել աղտոտված սննդամթերքներով կամ ջրով։

Հոդվածը տեղադրվել է՝ 01-05-2018 վերանայվել է՝ 15-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: