Skip to main content

Հերոին -

Հերոինը հակում առաջացնող ուժեղ ազդող թմրամիջոց է, որն օժտված է տարբեր լուրջ կողմնակի ազդեցություններով, ներառյալ պատահական և կյանքին սպառնացող գերդոզավորում։

Եթե դուք կանոնավոր կերպով օգտագործում եք հերոին, ձեզ մոտ զարգանում է հակում և կախվածություն՝ առաջ բերելով ֆիզիկական, հոգեբանական, իրավական, ֆինանսական և սոցիալական տարբեր խնդիրներ։

Ի՞նչ է հերոինը

Հերոինը պատրաստվում է քնաբեր կակաչից։ Այն պատկանում է ափիոնատիպ նյութերի (օփիոիդներ) ընտանիքին և համարվում է կիսասինթետիկ օփիոիդ։ Նույն խմբին մեջ են մտնում դեղատոմսով պահանջող մի շարք ուժեղ ցավազրկողներ՝ Մորֆին, Կոդեին, Պետիդին և Մեթադոն, որոնք նաև կոչվում են թմրաբեր ցավազրկողներ։

Հերոինը սև շուկայում վաճառվում է որպես մանր սպիտակ փոշի, սպիտակավուն հատիկներ կամ փոքր շագանակագույն «քարեր»:

Հերոինի ազդեցությունները

Հերոինն ընկճող թմրամիջոց է, այսինքն, դանդաղեցնում է դեպի գլխուղեղ և հակառակ ուղղությամբ նյարդային ազդանիշների հաղորդումը։ Նյարդային այդ ազդանիշներից մեկն էլ շնչելն է, ուստի հերոինը կարող է ընկճել ձեր շնչառությունը։

Հերոինն օգտագործելուց անմիջապես հետո առաջացնում է արագ վերելքի՝ հզոր հաճույքի զգացողություն, որին հաջորդում է երանության և անհոգության զգացումը (էյֆորիա) ու հաճելի թմբիրը՝ թուլությունն ու քնկոտությունը։ Հերոինը նաև բթացնում է ֆիզիկական և հոգեբանական ցավը:

Հերոին օգտագործած մարդու խոսքը դառնում է քիչ աղավաղված, շնչառությունը՝ դանդաղած ու մակերեսային, իսկ կորդինացիան՝ թուլացած:

Բարձր դեղաչափ ընդունելիս կարող են առաջ գալ անկանոն սրտխփոց (առիթմիա) և խիստ դանդաղած շնչառություն (բրադիպնոէ): Նման դեպքերում մարդու շրթունքները ստանում են կապտավուն երանգավորում, իսկ մաշկը դառնում է սառը և պատվում կպչուն քրտինքով:

Կանոնավոր կերպով հերոին օգտագործող մարդկանց մոտ հավանական է, որ առաջանան մաշկի, սրտի և թոքերի վարակներ, տղամարդկանց մոտ՝ սեռական հակման` լիբիդոյի անկում, իսկ կանանց մոտ՝ դաշտանի և պտղաբերության հետ կապված խնդիրներ։ Հերոինի ներարկումը ընդհանուր օգտագործման ներարկման պարագաներով (ասեղ, ներարկիչ, գդալ և այլն) բարձրացնում է նաև ՄԻԱՎ վարակով և հեպատիտ C-ով վարակվելու կամ մյուսներին վարակելու ռիսկը:

Ժամանակի ընթացքում հերոին օգտագործող մարդկանց մոտ զարգանում է տոլերանտություն, որի պատճառով նրանք ստիպված են ավելի մեծ դեղաչափ ընդունել, որ զգան նույն երանելի էյֆորիան։ Ի վերջո, գալիս է այնպիսի պահ, երբ ցանկացած դեղաչափ դանում է անբավարար:

Հերոինի նկատմամբ հակումը

Հերոինը խիստ ադիկտիվ, այսինքն՝ հակում առաջացնող թմրամիջոց է, որի որոշ ժամանակ կանոնավոր օգտագործումից հետո դադարեցումը դառնում է խիստ դժվար, իսկ որոշ մարդկանց համար՝ գրեթե անհնար։ Հերոինից ձերբազատվելը տևում է երկար ժամանակ և կարող է ներառել այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսին է Մեթադոնը: Մեթադոնը դեղատոմսով նշանակվող օփիոիդային խմբի դեղամիջոց է, որը զուգակցվում է խորհրդատվության և օժանդակության ծրագրերի հետ հերոինից կախվածությունը ավելի անվտանգ Մեթադոնից կախվածությամբ փոխարինելու համար։

Բազմաթիվ մարդիկ չեն կարողանում հերոնի օգտագործումը դադարեցնել, քանի որ սա բերում է զրկանքի ախտանիշների զարգացման:

Հերոինից զրկանքի (հանման) ախտանիշները սկսվում են վերջին դեղաչափը ստանալուց 6-24 ժամ անց և տևում մինչև մեկ շաբաթ։ Հերոինից զրկանքն ընթանում է թմրամիջոցն ընդունելու սաստիկ մեծ ցանկությամբ, անհանգստությամբ, դեպրեսիայով, հաճախակի հորանջոցով, մկանային ցավերով ու կծկանքներով, փսխումներով և մաշկային տհաճ զգացողություններով։

Հերոինային գերդոզավորում

Հերոինային գերդոզավորումը տարածված բարդություն է, քանի որ օգտագործողները ոչ միշտ են տեղյակ, թե ինչ մաքրության հերոին են օգտագործում։ Հերոինի փաթեթները հաճախ պարունակում են նաև այլ՝ թունավոր նյութեր։

Գերդոզավորումը հաճախ տեղի է ունենում, երբ հերոինի չափազանց մեծ քանակ է ներարկվում երակի մեջ կամ երբ հերոինն օգտագործվում է ալկոհոլի կամ այլ թմրամիջոցների հետ միասին։ Հերոինի գերդոզավորումը կարող է բերել կոմայի և մահվան։

Հերոինի ազդեցությունը կարող է հանվել Նալոքսոն դեղամիջոցով, որը համարվում է հերոինային գերդոզավորման բուժման կարևոր միջոցներից մեկը։

Հոդվածը հրապարակվել է՝ 23-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024