Գրադարան

Հորմոնային դեղեր և դաշտան

Հորմոնային դեղեր և դաշտան

Time Read 2 րոպե

​Դաշտանային ցիկլի ընթացքում կնոջ օրգանիզմում ընթանում են հորմոնային «վերադասավորումներ», ուստի կարևոր է հասկանալ, թե ինչպես կարող են հորմոնային դեղամիջոներն ազդել ձեր ցիկլի վրա։

Հորմոնային բեղմնականխման միջոցներ

Հորմոնային հակաբեղմնավորիչները կարող են ազդել ձեր դաշտանային ցիկլի վրա։ Դրանք կարող են փոփոխել ձեր դաշտանների հաճախականությունը կամ դաշտանային արյունահոսության բնույթը։

  • Հակաբեղմնավորիչ հորմոնային բերանային ընդունման (օրալ) հաբերը սովորաբար դաշտանի ընթացքը դարձնում են ավելի մեղմ։ Դուք նաև կարող եք նկատել դաշտանների անկանոնություն և արյունահոսության բնույթի փոփոխություններ, քանի որ ձեր ցիկլը սկսում է հարմարվել «արտաքին» հորմոնային միջամտությանը։ Սակայն, կանանց մեծ մասը նշում է, որ բեղմնականխման հաբերի շուրջ վեց ամիս ընդունման պայմաններում դաշտանները սկսում են կարգավորվել։ Երբեմն հակաբեղմնավորիչ հաբերի ընդունումից հետո դաշտաններն իսպառ անհետանում են։
  • Հորմոնային ներարկումները նույնպես կարող են առաջացնել անկանոն դաշտաններ՝ մինչև ձեր օրգանիզմը հարմարվի հորմոնային տեղաշարժերին։ Որոշ կանայք կարող են նշել դաշտանի առատացում, սակայն ավելի հաճախ դրանք քչանում են։
  • Ներարգանդային միջոցները, ինչպիսին է ներարգանդային պարույրը (ՆԱՊ), նույնպես կարող են ազդել դաշտանի վրա։ ՆԱՊ-ը տեղադրելուց հետո առաջին վեց ամսվա ընթացքում կարող են ի հայտ գալ անկանոն դաշտանային արյունահոսություններ, որից հետո բազմաթիվ կանանց մոտ դաշտաններն իսպառ անհետանում են, իսկ մյուսների մոտ՝ դառնում քչացած կամ անկանոն։ Այս փոփոխությունները շատ հաճախ զարգանում են, երբ ՆԱՊ-ն արգանդում մնում է տևական ժամանակ և, եթե այլ գանգատներ չկան, դաշտանի նման շեղումները չեն վկայում առողջական լուրջ խնդիրների մասին։

Հորմոնային փոխարինող բուժում

Հորմոնային փոխարինող բուժումը (ՀՓԲ) կարող է նշանակվել որոշ կանանց դաշտանադադարի վաղ շրջաններում։ ՀՓԲ-ի էությունը դաշտանադադարին ուղեկցող բնական հորմոնների մակարդակի նվազեցումը դեղամիջոցով ստացվող հորմոններով փոխարինելն է, որը թույլ է տալիս մեղմացնել այս շրջանում զարգացող գանգատները, ինչպիսին է ջերմահորդանքը։

Հոդվածը տեղադրվել է՝ 26-05-2018 վերանայվել է՝ 07-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով