Գրադարան

Անկանոն դաշտանային ցիկլ

Անկանոն դաշտանային ցիկլ

Time Read 2 րոպե

Դաշտանային ցիկլը սկսվում է դաշտանի առաջին օրը և շարունակվում մինչև մյուս դաշտանի առաջին օրը:

Դաշտանային ցիկլը տևում է միջինը 28 օր, բայց կարող է տատանվել 21-ից մինչև 40 օրվա միջակայքում:

Այնուամենայնիվ, դաշտանային ցիկլի տևողությունը բացարձակ չէ և հաջորդ ցիկլի ժամանակ կարող է մի քանի օրով փոփոխվել:

Բուն դաշտանը (մենստրուացիա) սովորաբար տևում է 2-7 օր: Դաշտանային արյունահոսությունը կարող է իր բնույթով լինել սկսած թեթևից մինչև առատ, իսկ դաշտանային արյան գույնը՝ բաց կարմիրից մինչև մուգ շագանակագույն:

Ձեր ակնկալած ցիկլի բնույթից որևէ շեղումը կարող է անհանգստության տեղիք տալ: Շեղումների մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ դաշտանը դառնում է սովորականից ավելի հաճախ կամ ավելի հազվադեպ, կամ ընդհանրապես անհետանում է: Նույն կերպ, դուք կարող եք արյունահոսել սովորականից ավելի առատ կամ ավելի սակավ: Դաշտանի տևողությունը նույնպես կարող է փոփոխվել:

Հերթական դաշտանը կարող է բացակայել, երբ ձվարանները ձվաբջիջ չեն ստեղծում: Դաշտանի բացակայության ամենահաճախ հանդիպող պատճառներն են՝

  • սեռահասունությունը դեռ չի կայացել
  • հղիություն
  • կրծքով կերակրում
  • դաշտանադադար (մենոպաուզա):

Կան նաև դաշտանը հազվադեպացնող, դրանք ավելի թույլ դարձնող կամ ընդհանրապես անհետացնող ավելի քիչ հանդիպող պատճառներ, այդ թվում՝

  • ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն և հյուծող վարժանքներ
  • մարմնի պակասորդային քաշ կամ խիստ սահմանափակող սննդակագ
  • ծանր սթրեսային վիճակներ
  • երկարատև և ծանր հիվանդություններ
  • հորմոնային շեղումներ
  • վահանաձև գեղձի հիվանդություններ
  • հակաբեղմնավորիչ դեղերի և հորմոնների ընդունում
  • որոշ այլ դեղերի ընդունում
  • արգանդի և ձվարանների հիվանդություններ:

Դաշտանների հաճախականության և տևողության փոփոխության խնդրին իր կյանքի ինչ-որ մի ընթացքում առնչվել է գրեթե յուրաքանչյուր կին: Անկանոն կամ քչացած դաշտանի հետազոտությունը կամ բուժումը կախված է հնարավոր պատճառից: Օրինակ, բուժում չեն պահանջում դաշտանադադարին (մենոպաուզա) նախորդող ժամանակաշրջանում ի հայտ եկող անկանոն դաշտանները:

Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2018 վերանայվել է՝ 15-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: