Skip to main content

Գլխամաշկի քոր -

Գլխամաշկի քորը բազմաթիվ պատճառներից առաջացած գլխի մազածածկ շրջանի քորն է, որը երբեմն կարող է ստանալ հոգնեցնող կամ ձանձրացնող բնույթ::

Նման քորի հստակ պատճառի իմացությունը շատ կարևոր է, որ նշանակվի ճիշտ բուժում:

Ի՞նչ է գլխամաշկի քորը

Քորը մաշկի գրգռված վիճակն է, որը ձեզ ստիպում է քորել այդ շրջանը: Մաշկի քոր կարող է առաջանալ ձեր մարմնի գրեթե բոլոր շրջաններում, այդ թվում՝ գլխամաշկում:

Իմացե՛ք ավելին մաշկի քորի մասին:

Գլխամաշկի քորի հիմնական պատճառները

Ձեր գլխամաշկը կարող է քոր գալ բազմաթիվ պատճառներով: Ավելի հաճախ հանդիպող հիվանդությունները կամ վիճակները ներկայացվում են ստորև:

  • Թեփ. գլխամաշկի թեփը մահացած մաշկի սպիտակ չոր մնացուկներ են, որի ավելցուկը կարող է կուտակվել մաշկի և մազերի վրա: Գլուխը կարող է թեփոտվել մաշկի աշխուժացած աճի պայմաններում և հաճախ՝ առանց որևէ տեսանելի պատճառի, թեև երբեմն պատճառվում է սեբորեային մաշկաբորբից:
  • Սեբորեային մաշկաբորբ (դերմատիտ). ձեր գլխամաշկի սեբորեային դերմատիտը առաջացնում է մաշկի թեփոտում և քոր:
  • Փսորիազ. փսորիազը քրոնիկ հիվանդություն է և առաջացնում է մաշկի քիչ բարձրացած, թեփոտված և քորի նոպաներ առաջացնող շրջաններ (վահանիկային փսորիազ կամ թեփատու որքին):
  • Մաշկի սնկիկային վարակ (սնկախտ, տինեա). սնկախտն առաջացնում մաշկի կարմրություն և քոր հարուցող թեփոտած մակերեսներ: Եթե հիվանդությունն ընդգրկում է ձեր գլխամաշկը, կոչվում է գլխի տինեա:
  • Գլխի ոջիլ (պեդիկուլյոզ). պեդիկուլյոզը մարդկանց միջև հեշտությամբ փոխանցվող, մազերի մեջ ապրող ու քոր առաջացնող մանր արյունածուծ մակաբույծ է:

Գլխամաշկի քորի բուժումը

Գլխամաշկի քորի պատճառական տարբեր տեսակների համար կան տարբեր բուժումներ:

Բժիշկը կարող է խորհուրդ տալ կամ նշանակել՝

  • մաշկը խոնավացնող նրբաքսուքներ (կրեմներ) և յուղեր
  • հատուկ (օրինակ՝ թեփի դեմ) շամպուններ
  • հատուկ բուժումներ, օրինակ՝
    • գլխի ոջիլի բուժում
    • գլխի տինեայի բուժում հակասնկիկային միջոցներով
    • սեբորեային դերմատիտի բուժում կորտիկոստերոիդային նրբաքսուքներով
    • փսորիազի բուժում:

Գլխամաշկի քորի կանխարգելումը

Եթե ձեզ մոտ հաճախակի առաջանում է գլխամաշկի քոր, այցելեք ձեր բժշկին, որ պարզվի նման երևույթի պատճառը: Որոշ դեպքերում, եթե քորի պատճառը քրոնիկ հիվանդություն է, ձեզ կարող է նշանակվել երկարատև կամ պարբերաբար ընդունվող դեղեր և այլ միջոցներ: Կան օգնող որոշ շամպուններ: Խոսեք այս մասին ձեր բժշկի հետ:

Եթե ունեք գլխի տինեա կամ ոջիլ, բուժումը կարող է դառնալ խիստ արդյունավետ: Խոսեք ձեր բժշկի հետ, թե ինչպես կարելի է կանխարգելել այս հիվանդությունների կրկնությունը:

Հոդվածը հրապարակվել է՝ 04-06-2019
Վերջին վերանայում՝ 12-05-2023