Skip to main content

Պատճառներ - Երիկամային հիվանդություն

Երիկամային հիվանդությունը կարող է զարգանալ տարաբնույթ պատճառներից։

Օրինակ, երիկամային հիվանդության առաջացման պատճառ կարող են դառնալ վնասվածքները, վարակային հիվանդությունները, երիկամների կիստան (բուշտ), միզուղիներում մեզի ետհոսքը կամ ժառանգական գործոնները։ Երիկամները նաև կարող են վնասվել որոշ դեղամիջոցների, այդ թվում՝ սովորական ցավազրկողների և թմրաբեր ցավազրկողների սուր կամ երկարատև ազդեցությամբ։

Բազմաթիվ երկրներում երիկամային հիվանդության առաջատար պատճառը դիաբետն է։ Շաքարային դիաբետը, հատկապես պատշաճ բուժման բացակայության պայմաններում, ժամանակի ընթացքում վնասում է երիկամները, որը կոչվում է դիաբետիկ նեֆրոպաթիա։ Դիաբետիկ նեֆրոպաթիայի պատճառը գլյուկոզի բարձր մակարդակով պայմանավորված երիկամների արյունատար անոթների տարածուն ախտահարումն է և երիկամների կծիկներում արյան քամազատման թուլացումը։

Արյան բարձր ճնշումը (հիպերտենզիա) նույնպես կարող է բերել երիկամների ախտահարման։

Ռիսկի գործոններ

Որոշ մարդիկ ավելի հավանական է, որ ունենան երիկամային հիվանդություն, քան մյուսները։ Ձեզ մոտ երիկամային հիվանդության զարգացման ռիսկը կարող է բարձրանալ, եթե դուք՝

  • ունեք դիաբետ (շաքարախտ)
  • ունեք բարձր արյան ճնշում (զարկերակային հիպերտենզիա)
  • ունեք սրտային անբավարարություն
  • ունեցել եք սրտամկանի ինֆարկտ կամ ինսուլտ
  • ունեք ժառանգական նախատրամադրվածություն (ընտանիքի անդամներից մեկնումեկն ունի երիկամային հիվանդություն)
  • գեր եք
  • ծխող եք
  • 60 տարեկան և ավելի մեծ եք։

Նույնիսկ եթե ձեզ մոտ բացակայում են այս անբարենպաստ գործոններից մեկնումեկը, միշտ էլ կարող եք հոգ տանել երիկամային հիվանդության կանխարգելման մասին։

Հոդվածը հրապարակվել է՝ 06-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024