Լաբորատոր հետազոտությունից առաջ պետք է պահպանել մի շարք կանոններ, որոնք կերաշխավորեն ստացված արդյունքների առավելագույնս ճշգրտությունը:
Արյան անալիզ
- Արյան հետազոտությունների մեծ մասի համար քաղցած լինելը պարտադիր է։ Սա նշանակում է, որ մինչև անալիզը հանձնելը վերջին սնունդ կարելի է ընդունել լաբորատորիա այցելելուց առնվազն 8-12 ժամ առաջ։ Այս ընթացքում կարելի է ջուր խմել սովորական ռեժիմով: Լաբորատոր հետազոտության համար լավագույն ժամը առավոտյան 09:00-11:00 շրջակայքն է, երբ հոգնած չեք և կարող եք արյունը հանձնելուց հետո նախաճաշել։
- Լաբորատորիա այցելելու նախորդ օրը պետք է խուսափել սովորականից ավելի շատ սնունդ ընդունելուց, ալկոհոլային խմիչք օգտագործելուց և ֆիզիկական գերծանրաբեռնվածությունից։
- Եթե դեղեր եք ընդունում, անպայման խորհրդակցեք բժշկի հետ, թե արդյոք պետք է տվյալ հետազոտությունից առաջ ժամանակավորապես դադարեցնել դրանց ընդունումը:
- Եթե ծխող եք, ապա հիշեք, որ արյունը հանձնելուց առաջ առնվազն մի քանի ժամ պետք է չծխել:
- Լաբորատորիա այցելելուց հետո, հատկապես, եթե ճանապարհին հոգնել եք, ցանկալի է սպասասրահում նստել և հանգստանալ 10-15 րոպե:
- Հիշեք, որ ցանկալի չէ լաբորատոր հետազոտության համար արյուն հանձնել ֆիզիոթերապևտիկ, գործիքային կամ որևէ այլ միջամտություններից անմիջապես հետո: Նման դեպքերում խորհրդակցեք բուժող բժշկի հետ՝ նախատեսելու հետազոտության օրը:
- Եթե հետազոտվում եք կրկնակի, որպեսզի վերահսկեք որևէ ցուցանիշի փոփոխությունները, ցանկալի է արյունը հանձնել նույն լաբորատորիայում և օրվա նույն ժամին:
- Որոշ հետազոտություններ ունեն հատուկ պահանջներ և ժամկետներ, որոնց մասին անհրաժեշտ է տեղեկանալ բուժող բժշկից:
Մեզի անալիզ
Մեզը հանձնելու նախորդ օրը
- Մի՛ ընդունեք ալկոհոլային խմիչքներ, այդ թվում` նաև թույլ ոգելից խմիչքներ (գարեջուր)
- Մի՛ ընդունեք այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը՝ փոխելով վերջինիս բնական գույնը (օրինակ՝ ճակնդեղ, բազուկ, գազար և այլն):
- Խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում խորհրդակցեք բժշկի հետ՝ մեկ օրով դրանց ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին
Նմուշառման պահանջներ
- Մեզի նմուշը հավաքեք միանգամյա օգտագործման ստերիլ ամանում (տարայում), որը կարող եք գնել դեղատնից):
- Մեզի նմուշը հավաքելուց անմիջապես առաջ լվացեք սեռական օրգանները:
- Եթե կին եք, պետք չէ մեզի անալիզը հանձնել դաշտանի օրերին:
- Մեզի անալիզի համար հավաքեք առավոտյան մեզի միջին բաժինները՝ մոտ 50 մլ ծավալով:
- Մեզը հավաքելուց հետո անմիջապես փակեք ամանի կափարիչը։
- Ցանկալի է, որպեսզի մեզի տարայի պիտակին գրվի ձեր անուն-ազգանունը, տարիքը և մեզը հավաքելու ամսաթիվը և ժամը։
- Մեզի նմուշն առանց ուշացնելու տեղափոխեք լաբորատորիա։ Հակառակ դեպքում պահպանեք այն սառը պայմաններում (+2 մինչև +8 °С):
Կղանքի մանրէաբանական անալիզ (դիսբակտերիոզ)
Ընդհանուր պահանջներ
- Կղանքի նմուշառումը և հետազոտությունը պետք է կատարվի հակաբիոտիկներով, հակաբակտերիալ կամ հակասնկային դեղերով բուժումը սկսելուց առաջ (և ոչ թե նման բուժումը սկսելուց հետո):
- Կղանքի նմուշառումը պետք է կատարվի հիվանդության վաղ փուլերում:
- Կղանքի նմուշառումը պետք է կատարվի ստերիլ պայմաններում (մեկանգամյա օգտագործման ստերիլ նյութեր՝ պետքանոթ, փորձանոթ, շպատել, գդալիկ և այլն):
- Մինչև նմուշառումը և դրանից հետո անհրաժեշտ է գոլ օճառաջրով լավ լվանալ ձեռքերը:
Նմուշառման պահանջներ
- Հետազոտության համար համար պիտանի է միայն նոր արտաթորված կղանքը:
- Կղանքի նմուշառումը կատարվում է նախապես մանրէազերծած և տաք ջրով լավ պարզաջրված պետքանոթից (սուդնո, սավան և այլն):
- Կղանքի նմուշը պետք վերցնել ստերիլ մեկանգամյա օգտագործման շպատելով կամ գդալիկով:
- Կղանքը պետք է նմուշառել ստերիլ մեկանգամյա օգտագործման տարայի մեջ, որից անմիջապես հետո պետք է զգուշությամբ կիպ փակել կափարիչը:
- Նմուշառված կղանքը պետք է լաբորատորիա տանել հնարավորինս արագ՝ վերցնելուց հետո ոչ ուշ քան 1 ժամվա ընթացքում: Հակառակ պարագայում նմուշը պետք է պահել սառնարանային (ո՛չ սառցարանային) պայմաններում (2-6°С, ոչ ավելի քան 24 ժամ): Այնուամենայնիվ, արդյունքների հավաստիությունն էապես բարձրանում է, եթե հետազոտվում է նոր արտաթորված կղանքը:
Չի՛ թույլատրվում
- սառեցնել կենսանմուշը (պահելով այն սառցարանում)
- երկարատև պահպանել կենսանմուշը (ավելի քան 5-6 ժամ)
- պահել կղանքի նմուշը ոչ կիպ փակած տարայում
- լաբորատորիա բերել նախորդ օրը վերցված կղանքի նմուշը:
Սերմնահեղուկի անալիզ
- Սերմնահեղուկը հանձնեք սեռական հարաբերություններից զերծ մնալուց ոչ շուտ, քան 48 ժամ և ոչ ուշ, քան 7-օրյա ժամկետում:
- Այս ընթացքում զերծ մնացեք ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց, շոգեբաղնիքներ այցելելուց, ֆիզիոթերապևտիկ տեղային միջոցառումներից:
- Սերմնահեղուկը հավաքեք դեղատնից գնված ստերիլ միանգամյա օգտագործման ամանում՝ զերծ մնալով պահպանակի օգտագործումից:
- Հիշեք, որ սերմի հետազոտության համար պիտանի է ոչ ուշ, քան 1 ժամ առաջ ստացված սերմնահեղուկը:
- Մինչև լաբորատորիա տեղափոխելը կենսանմուշը պետք է պահպանել տաք՝ +27° մինչև +37°С պայմաններում:
Միզասեռական քսուք
Մինչև լաբորատորիա գնալը (կանայք և տղամարդիկ)
- Հետազոտությունից առնվազն 1-2 օր առաջ պետք է զերծ մնալ սեռական հարաբերություններից:
- Հետազոտության նախորդող օրը երեկոյան պետք է խուսափել լոգանք ընդունելուց:
- Հետազոտության նախորդ և բուն հետազոտության օրը չի կարելի լվանալ սեռ. օրգանները:
- Հետազոտության ներկայանալու օրն առավոտյան պետք է չմիզել՝ քսուքը վերցնելուց առնվազն 2-3 ժամ առաջ:
Լաբորատորիայում (տղամարդիկ)
- Հանվել՝ լիարժեքորեն մերկացնելով սեռ. օրգանները:
- Ձախ ձեռքով զգուշությամբ ետ քաշել առնանդամի գլխիկի վրայի մաշկն այնպես, որ գլխիկը լիարժեք բացվի:
- Քսուքի համար Ձեզ տրված առարկայական ապակին վերցնել աջ ձեռքով ու պահել՝ մատներով բռնելով ապակու կողային («սուր») մակերեսները՝ առանց հպվելու հարթ մակերևույթին:
- Աջ ձեռքով առարկայական ապակու հարթ մակերեսը պինդ հպել առնանդամի բացված գլխիկի ու միզուկի բացվածքի լորձաթաղանթին այնպես, որ ապակու այդ մակերևույթին ի հայտ գա տեսանելի «դրոշմ» կամ արտադրուկ:
- Նմուշառված ապակին զգուշությամբ տեղադրել Ձեզ տրամադրված տարայի մեջ:
- Լվանալ ձեռքերը օճառաջրով:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-02-2023
Վերջին վերանայում՝ 30-04-2024