Անցնել գլխավոր բովանդակությանը

Լաբրինթիտ - ԼՕՌ

Լաբիրինթիտը ներքին ականջում (կամ լաբիրինթ) հավասարակշռության կենտրոնի՝ անդաստակային ապարատի բորբոքումն է:

Այն սովորաբար պատճառվում է որևէ վարակով: Ախտանիշներից են լսողության կորուստը, պտտման զգացողությունը (վերտիգո) և գլխապտույտը: Լաբիրինթիտով բազմաթիվ մարդկանց ինքնազգացողությունը բարելավվում է մի քանի շաբաթվա ընթացքում:

Լաբիրինթիտի պատճառները

Լաբիրինթիտի ամենահաճախ հանդիպող պատճառը վիրուսային վարակն է, օրինակ՝ մրսածություն կամ գրիպ կամ հերպեսի խմբի վիրուսներ, որոնք առաջացնում են ջրծաղիկ, գոտևորող հերպես կամ հասարակ հերպես: Երբեմն լաբիրինթիտի կարող է բերել ականջի վարակը:

Ավելի հազվադեպ, լաբիրինթիտ կարող են առաջացնել բակտերիալ վարակները, օրինակ՝ մենինգիտ կամ միջին ականջի վարակ (միջին օտիտ): Որոշ աուտոիմուն հիվանդություններ, ալերգիաներ և դեղեր նույնպես կարող են բերել լաբիրինթիտի:

Լաբիրինթիտ
Լաբիրինթիտ

Լաբիրինթիտի ախտանիշները

Լաբիրինթիտով բազմաթիվ մարդիկ գանգատվում են սենյակն իրենց շուրջը պտտվելու զգացողությունից: Սա գլխապտույտի առանձնահատուկ տեսակ է, որը հայտնի է նաև որպես վերտիգո: Վերտիգոն կարող է լինել թույլ կամ այնքան անտանելի, որ դժվարանաք անկողնուց վեր կենալ:

Այլ հնարավոր ախտանիշներից են՝

  • սրտխառնոց, որը գրեթե միանման է ծովային հիվանդությանը
  • շրջապատի առարկաների շարժման կեղծ զգացողություն
  • աչքերի անկառավարելի շարժումներ
  • հավասարակշռության խանգարում
  • ջերմություն
  • ականջացավ
  • փսխում
  • լսողության կորուստ կամ աղմուկ (զնգոց կամ տինիտուս)
  • ականջից հեղուկ կամ թարախային արտադրություն
  • տեսողության խանգարումներ, օրինակ՝ մշուշոտ տեսողություն:

Լաբրինթիտի ախտորոշումը

Եթե կարծում եք, որ ունեք լաբիրինթիտ, պետք է այցելեք բժշկին, ով իր հերթին կարող է ուղեգրել ականջաբանի խորհրդատվության:

Ձեզ կարող են առաջարկել հետևյալ ստուգումները և հետազոտությունները՝

  • խնդրել, որ դուք արագ շարժեք ձեր գլուխը
  • լսողության ստուգում
  • տեսողության ստուգում
  • արյան ճնշման ստուգում
  • հավասարակշռության ստուգում:

Բժիշկը կարող է առաջարկել նաև այլ հետազոտություններ, օրինակ՝

  • էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ կամ էլեկտրաուղեղագիր)
  • համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ)
  • մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ):

Լաբրինթիտի բուժումը

Լաբիրինթիտի ոչ բոլոր դեպքերն են, որ պահանջում են բուժում:

Որոշ դեպքերում բժիշկը կարող է նշանակել դեղամիջոցներեր, օրինակ՝

  • կորտիկոստերոիդներ, որ մեղմացվի միջին ականջի բորբոքումը
  • ծանր վերտիգոյի դեպքում՝ հավասարակշռության կենտրոնը ճնշող դեղեր (վեստիբուլյար սուպրեսանտներ)
  • սրտխառնոցի կամ փսխման դեպքում՝ հակափսխեցուցիչ դեղեր:

Եթե ախտանիշները չեն վերանում, բժիշկը կարող է նշանակել ֆիզիոթերապիա, որն օգնում է գլխուղեղի կողմից միջին ականջից ստացվող հավասարակշռության ազդանիշների ճիշտ վերլուծությանը:

Դուք կարող եք նաև օգնել գանգատների մեղմացմանը հետևյալ միջոցներով՝

  • գլխապտույտի նոպայի ժամանակ պառկեք կողքի վրա
  • խուսափեք ալկոհոլից
  • շատ ջուր խմեք
  • ստեղծեք անաղմուկ և հանդարտ միջավայր
  • խուսափեք վառ լույսերից:

Հոդվածը հրապարակվել է՝ 30-05-2020
Վերջին վերանայում՝ 08-04-2024