Skip to main content

Ոտքի ցավ -

Ոտքի ցավը կարելի է նկարագրել որպես որևէ ցավի կամ անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ), որը տեղակայված է՝ սկսած ձեր աճուկից մինչև ոտնաթաթ:

Կախված պատճառից, ոտքի կամ ստորին վերջույթի ցավը կարող է լինել չափավորից մինչև սասատիկ ուժգնության, իսկ ախտանիշները՝ շարունակական (անդադար) կամ ընդմիջվող (սկսվող և անհետացող):

Ցավերը, թմրածության և ուղեկցող այլ զգացումները կարող են ընդգրկել ինչպես մեկ, այնպես էլ զույգ ոտքերը: Դրանց մեծ մասն ինքնուրույն անհետանում է, այլ դեպքերում անհրաժեշտ է բժշկական օգնություն, որոշ դեպքերում՝ երկարատև բուժում:

Ախտանիշներ

Ցավը որևէ վնասվածքի կամ հիվանդության ամենահաճախ հանդիպող ախտանիշներից է: Նույն կերպ, ստորին վերջույթը ներառող հիվանդությունները սովորաբար ուղեկցվում են թույլից մինչև սաստիկ ցավերով:

Ոտքի ցավը կարող է ուղեկցվել հետևյալ գանգատներով կամ ախտանիշներով՝

  • այտուցվածություն կամ ուռածություն
  • երակների լայնացում (վարիկոզ երակներ)
  • վերքեր կամ խոցեր
  • մաշկային երևույթներ՝ կարմրություն, այտուցվածություն, տեղային տաքություն և այլ նշաններ:

Կարևոր է նաև, թե արդյոք ձեր ախտանիշները ներառում են մեկ, թե երկու ոտքերը և արդյոք երկու ոտքերում առկա գանգատները և նշանները նույնն են, թե տարբերվում են:

Բոլոր դեպքերում, վերոնշյալ և այլ հարցերի ամենաճիշտ պատասխանը կարող է տալ ձեր բժիշկը կամ նրա ուղեգրմամբ՝ մեկ այլ մասնագետ (օրինակ՝ մաշկաբան, անոթաբան, վիրաբույժ, վնասվածքաբան):

Ե՞րբ դիմել բժշկին

Առանց հետաձգելու դիմեք ձեր բժշկին, եթե ոտքի ցավերն ուղեկցվում են այս նշաններով՝

  • ձեր գանգատներն աստիճանաբար սաստկանում են
  • ի հայտ են գալիս նոր գանգատներ ու նշաններ
  • խիստ անհանգստացած եք առկա ախտանիշներից
  • ունեք որևէ լուրջ քրոնիկ հիվանդություն:

Պատճառներ

Կան ոտքի շրջանում ցավերի առաջացման բազմաթիվ պատճառներ, որոնցից են՝

  • ոտքի շրջանում փոքր վնասվածք, օրինակ՝ հարված, երկարատև ճնշում և այլն
  • ոտքերի երկրատև և լարված գործունեությանը, գերհոգնածությանը կամ գերլարվածությանը հետևող ցավեր, հոդերի կամ ոսկրերի միկրովնասվածքներ,
  • ոտքերը խիստ քիչ օգտագործելուց պատճառված թմրածություն, ծակծկոցներ կամ մկանային կարկամություն
  • ոտքերի վրա վերքեր կամ խոցեր, ինչպես նաև դրանց վարակային բարդություններ
  • մաշկային հիվանդություններ, երբ ախտահարվում է ոտքերն ընդգրկող մաշկը
  • ոտքերի արյունատար անոթների և արյան շրջանառության հետ կապված խնդիրներ, օրինակ՝ մակարդուկներ և ոտքերի իշեմիկ ցավեր
  • գոտկատեղից «տեղափոխված» ցավեր, օրինակ՝ իշիաս և նյարդացավեր
  • նյարդերի ախտահարմամբ պայմանավորված ցավեր, օրինակ՝ դիաբետիկ նեյրոպաթիա:

Ոտքերերի ցավերով կարող են ընթանալ նաև տարբեր քրոնիկ հիվանդություններ, օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ և պոդագրա:

Բուժում

Ձեր ոտքի ցավով կարող են զբաղվել տարբեր բժիշկներ՝ պոդիատրիստ, անոթաբան, ֆիզիոթերապևտ և այլն:

Բուժման հնարավոր տարբերակներից են՝

  • հանգիստ պայմաններ, անշարժացում կամ վարժանքներ
  • տաք կամ սառը միջոցներ
  • ֆիզիոթերապիա
  • երբեմն՝ հակաբիոտիկներ կամ հակաբորբոքային դեղեր, քսուքներ
  • հազվադեպ՝ վիրահատություն:

Ինքնօգնություն

Ոտքի ցավերի մեծ մասը որևէ լուրջ պատճառ չունի և կարող է մեղմացվել տնային պայմաններում: Նման դեպքերում դուք կարող եք՝

  • խուսափել կանգնած վիճակներից, առավել ևս՝ ծանրություն կրելուց
  • խուսափել բարձրակրունկ կոշիկներից
  • ձեր ոտքերին որոշ ժամանակ հանգստություն տալ
  • ոտքերին բարձր դիրք տալ
  • ոտքի ցավոտ շրջանին դնել բարակ սավանով փաթաթած սառցեպարկ և պահել շուրջ 20 րոպե (եթե նման միջոցով ցավերը մեղանում են, ապա կարող եք կրկնել 2-3 ժամը մեկ). սառեցնող մեթոդը խիստ օգտակար է հատկապես վնասվածքներ ստանալիս
  • օգտագործել սեղմող վիրակապ կամ ճնշող գուլպա
  • բժշկի խորհրդով խմել սովորական ցավազրկողներ (օրինակ՝ Ացետամինոֆեն) կամ հակաբորբոքային հաբեր (օրինակ՝ Իբուպրոֆեն):

Եթե ունեք մկանային ձգվածություն, ապա թուլացնող մերսումը կարող է օգնել:

Հաճախ մկանային ծակծկոցները և թմրածության զգացողությունը մեղմանում են ոտքի կամ ոտնաթաթի մի շարք պտտողական կամ այլ շարժումներից հետո:

Ընդհանուր առողջության մասին հոգ տանելն իր հերթին կարող է օգնել ոտքերում առկա ցավերի կամ անհարմարավետության զգացման (դիսկոմֆորտ) մեղմացմանը: Օրինակներից են՝ բավարար քունը, բավարար քանակի ջուր ընդունելը, կանոնավոր վարժանքները, ծխախոտից հրաժարվելը և առողջ քաշ պահպանելը:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-06-2019
Վերջին վերանայում՝ 12-05-2023