Skip to main content

Վերջույթի թմրածություն (պարեսթեզիա) -

Ոտքերում կամ ձեռքերում, ոտնաթաթերում կամ դաստակներում թմրածության զգացողությունը հաճախ հանդիպող երևույթ է, հատկապես, երբ որոշ ժամանակ անցկացնում եք անհարմար վիճակում նստած կամ քնած վիճակում։

Այնուամենայնիվ, եթե նմանատիպ թմրածության զգացողություն լինում է առանց որևէ ակնհայտ պատճառի կամ տևական ժամանակ, հնարավոր է, որ կապված է որևէ հիվանդության հետ։ Նման դեպքում պետք է դիմել բժշկին։

Ի՞նչ է վերջույթի թմրածությունը

Թմրածությունը, որը երբեմն բժշկական փաստաթղթերում նշվում է որպես պարեսթեզիա (տարազգայություն), նշանակում է, որ մասամբ կամ ամբողջապես կորցրել եք մարմնի որևէ շրջանի զգացողությունը, օրինակ՝ չեք զգում թույլ հպումը, ցավը կամ ջերմաստիճանը։ Թմրածության զգացողությունն ի հայտ է գալիս, երբ առկա է ախտահարված շրջանի համար պատասխանատու նյարդերի հետ կապված որևէ խնդիր, որի պատճառով նյարդային ազդանշանները չեն հաղորդվում կամ խեղաթյուրված կերպով են ուղարկվում դեպի գլխուղեղ։

Թմրածություն կարող եք զգալ մարմնի ցանկացած շրջանում, սակայն ավելի հաճախ այս տհաճ զգացողությունը ի հայտ է գալիս մատների, դաստակների ու ձեռքերի, ոտնաթաթերի կամ սրունքների շրջանում։ Թմրածությունը կարող է ուղեկցվել մրջյունների սողալու, սառի կամ տաքի, այրոցի կամ ծակոցների զգացողություններով։

Վերջույթի թմրածությունը կարող է առաջացնել մեկ այլ խնդրի, օրինակ՝ վայրանկում կամ վնասվածքներ, վարակ կամ վերքի անզգայունություն։

Ի՞նչը կարող է առաջացնել վերջույթի թմրածության զգացում

Վերջույթների թմրածության զգացողությունը կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներից։ Սովորաբար նման զգացողություն առաջանում է, երբ նստում եք մի ոտքի վրա կամ քնում եք՝ հենված մի ձեռքի վրա։ Նման դեպքերում թմրածության պատճառը տվյալ վերջույթի նյարդի երկար ժամանակ սեղմված-ճնշված մնալն է։

Բազմաթիվ, ավելի լուրջ վիճակներ ու հիվանդություններ նույնպես կարող են առաջացնել վերջույթի թմրածություն։ Դրանցից են՝

  • վնասվածք, օրինակ՝ միջողնային սկավառակի ճողվածք, որը ճնշում կամ վնասում է նյարդը (եթե պարանոցի մակարդակում է՝ կթմրի նույն կողմի ձեռքը, իսկ եթե գոտկային մակարդակում՝ նույն կողմի ոտքը)
  • շաքարային դիաբետ (շաքարախտ)
  • ինսուլտ կամ «մինի-ինսուլտ»
  • ցրված սկլերոզ
  • դաստակային (կարպալ) թունելի համախտանիշ
  • ֆիբրոմիալգիա
  • միջատի խայթոց
  • միգրեն
  • ճառագայթային թերապիա
  • որոշ վիտամինների և միներալների ոչ նորմալ մակարդակներ (վիտամին B12, կալիում, կալցիում կամ նատրիում)
  • ուռուցքով, սպիական հյուսվածքով, լայնացած արյունատար անոթներով կամ վարակային այտուցով նյարդի սեղմում կամ ճնշում
  • Ռեյնոյի ֆենոմեն
  • ցնցումներ
  • զարկերակների կարծրացում
  • վահանաձև գեղձի թերակտիվություն (հիպոթիրեոզ)
  • մաշկի վնասում, օրինակ՝ պատճառված ցրտահարությունից կամ գոտևորող որքինից։

Նյարդը նաև կարող է ախտահարվել որոշ դեղերից, օրինակ՝ քիմիոթերապիայի դեղամիջոցներ, ինչպես նաև ալկոհոլի մեծ քանակներ և ծխախոտ օգտագործելուց։

Վերջույթի թմրածության ախտորոշումը և բուժումը

Բժիշկը կարող է նշանակել որոշ հետազոտություններ, որ պարզի վերջույթի թմրածության պատճառը։ Համոզվեք, որ նրան տեղեկացրել եք վերջերս տեղի գտած վնասվածքների, հիվանդությունների կամ վարակների մասին։

Բուժումը կախված է պատճառից։ Նյարդերի հետ կապված երկարատև խնդիրների ժամանակ կարող են առաջարկվել հակադեպրեսանտներ, կորտիկոստերոիդներ կամ Գաբապենտին և Պրեգաբալին (եթե ունեք ֆիբրոմիալգիա, ցրված սկլերոզ կամ դիաբետիկ նեյրոպաթիա)։

Վերջույթի թմրածության ինքնօգնություն և կանխարգելում

Դուք կարող եք թույլ մերսել ախտահարված վերջույթը, որ բարելավվի արյան հոսքը։ Որոշ դեպքերում մինչև 15 րոպե տևողությամբ սառեցնող կամ տաքացնող միջոցները կարող են օգնել, սակայն ծայրաստիճան ուշադիր եղեք, որ չվնասեք ձեր մաշկը (թմրած մաշկը կարող է չզգալ խիստ տաք կամ սառը ջերմաստիճանները)։

Ախտահարված վերջույթի նուրբ վարժությունները նույնպես կարող են օգնել վերջույթի արյունամատակարարման բարելավմանը։ Համոզվեք, որ ձեր հանգիստն ու քունը բավարար են։ Ընդունեք առողջ սնունդ և սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը։

Այլընտրանքային որոշ բուժումները՝ մերսումն ու ասեղնաբուժությունը նույնպես կարող են օգնել։ Եթե թմրածության պատճառը վիտամինային դեֆիցիտն է, բժիշկը կարող է խորհուրդ տալ որոշ սննդային հավելումներ կա մուլտիվիտամիններ։

Ե՞րբ դիմել օգնության

Անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե վերջույթը թմրած է և հանկարծակի ի հայտ է եկել՝

  • վերջույթի թուլություն կամ կաթված (պարալիչ)
  • շշմածություն և շփոթվածություն
  • խոսքի դժվարացում
  • գլխապտույտ
  • հանկարծակի սուր գլխացավ։

Դիմեք ձեր բժշկին, եթե վերջույթը երկար ժամանակ թմրած է, որը պատճառված չէ մարմնի դիրքով և ունեք որևէ այլ ախտանիշ, օրինակ՝

  • գլխապտույտ
  • մկանային կծկում (սպազմ)
  • ցանավորում
  • ոտքի թմրածությունն ուժեղանում է, երբ քայլում եք
  • սովորականից ավելի հաճախ եք զուգարանից օգտվում (հաճախամիզություն)
  • վերջերս վնասել եք մեջքը, պարանոցը կամ գլուխը
  • շփոթված եք
  • ձեր խոսքն աղավաղված է
  • ձեր տեսողությունը մշուշված է
  • զգում եք ընդհանուր թուլություն
  • ունեք ցավեր
  • չեք կարողանում վերահսկել աղիների կամ միզապարկի գործունեությունը։

Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2019
Վերջին վերանայում՝ 12-05-2023