Skip to main content

Նկարագիր - Տղամարդկանց ցածր լիբիդո

Տղամարդկանց մոտ սեռական ցանկությունը ժամանակ առ ժամանակ ուժգնանում և թուլանում է առանց որևէ տեսանելի պատճառի։

Եվ դա նորմալ է, երբ տղամարդիկ երբեմն կորցնում են սեռական հարաբերություն ունենալու նկատմամբ հետաքրքրությունը կամ «լիբիդոն»։ Սակայն լիբիդոյի նվազելը կամ կորուստը դառնում է խնդիր, երբ կրում է մշտական բնույթ և բերում սեռական զուգընկերոջ հետ սեռական շփումներում և առօրյա փոխհարաբերություններում տարբեր հակասությունների և անախորժությունների։

Ձեր լիբիդոն կարող է աճել այնպիսի իրավիճակներում, ինչպիսիք են փոխհարաբերություններից և շփումներից հաճույք ստանալը, մարմնական և հոգեկան առողջ վիճակը, սոցիալական բարեկեցիկությունը, արձակուրդները և մարմինն ու մտքերը հանդարտացնող գործոններն ու իրավիճակները։

Հակառակը, ձեր լիբիդոն կարող է նվազել կյանքի տարբեր իրավիճակներում՝ փոխհարաբերություններում և շփումներում տարբեր խնդիրների ու հակասությունների առկայություն, երեխայի ծնունդ, սթրես, ֆիզիկական և մտավոր գերծանրաբեռնվածություն կամ անձնական խնդիրներ։

Սեռական ցանկությունը կամ հակումը նաև կարող է նվազել այլ գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են՝

  • քրոնիկ հիվանդության առկայություն
  • դեպրեսիա, հիասթափություն և հուսալքություն
  • արական սեռական հորմոնի՝ տեստոստերոնի ցածր մակարդակ
  • որոշ դեղերի ընդունում, օրինակ՝ տագնապամարիչներ, քնաբերներ և հակադեպրեսանտներ
  • առողջական որոշ խնդիրների առկայություն, օրինակ՝ քնի օբստրուկտիվ ապնոէ։

Եթե սեռական հարաբերությունների նկատմամբ ձեր հետաքրքրությունը նվազել է սթրեսի, անձնական կամ փոխհարաբերությունների հետ կապված խնդիրների պատճառով, օգտակար կարող է լինել այս թեմայով ձեր զուգընկերոջ հետ զրուցելը և նրան ձեր զգացողությունները և խնդիրները ներկայացնելը։ Նման զրույցից խուսափելը կարող է ավելի խորացնել առկա խնդիրները՝ սեռական նորմալ փոխհարաբերության վերականգնումը դարձնելով ավելի դժվար։

Եթե դժվարանում եք նման զրույց նախաձեռնել, փորձեք ձեր զուգընկերոջը հարցնել, թե ձեզ հետ սեռական հարաբերության ժամանակ ինչպիսի զգացողություններ, մտահոգություններ կամ խնդիրներ է ունենում, ինչն է հավանում և ինչը՝ ոչ։ Բոլոր դեպքերում ձեր զուգընկերուհուն վստահեցրեք, որ դուք շարունակում եք սիրել նրան և նրա հետ մտերմիկ շփումներից հաճույք եք ստանում։

Եթե ձեր սեռական ցանկությունը նվազում է առանց որևէ տեսանելի պատճառի, առավել ևս, որ և՛ դուք, և՛ ձեր սեռական զուգընկերը անհանգստացած եք նման իրավիճակից, զրուցեք այդ մասին ձեր բժշկի կամ նրա ուղղեգրմամբ այլ մասնագետների հետ՝ սեռախտաբան (սեքսոպաթոլոգ) և հոգեթերապևտ։

Հիշեք, որ սեռական հարաբերությունը միայն բուն սեռական ակտը չէ։ Եթե ձեր լիբիդոն նվազել է, դուք կարող եք փորձել սեռական գրգռման ցանկալի վիճակին հասնելու որոշ, ավելի զգայական մեթոդներ։ Օրինակներից են՝

  • մեկմեկու մարմինները շոյելը
  • միասին լոգանք կամ ցնցուղ ընդունելը
  • միմյանց մերսելը
  • միմյանց ավելի դանդաղ համբուրելը
  • միմյանց մարմնի զգայուն շրջանները համբուրելը
  • միմյանց հագուստը հանելը։

Հոգ տարեք ձեր մասին

Առողջ ապրելակերպը կարող է բարելավել ձեր սեռական կյանքը։ Դուք կարող եք՝

  • կարգավորել ձեր մարմնի քաշը, եթե ունեք ավելորդ կիլոգրամներ, այդ թվում՝ ֆիզիական վարժանքների և առողջ սննդակարգի օգնությամբ
  • սահմանափակել ալկոհոլի օգտագործումը
  • խուսափել ապօրինի թմրամիջոցներից
  • դառնալ ֆիզիկապես ակտիվ (քայլք, լող, հեծանիվի վարում, մարզանքներ և այլն)
  • դադարեցնել ծխելը, եթե ծխող եք
  • կրճատել սթրեսը։

Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2018
Վերջին վերանայում՝ 17-04-2024