Գրադարան

Տղամարդկանց աճուկային շրջանի գրգռում և վարակ

Տղամարդկանց աճուկային շրջանի գրգռում և վարակ

Time Read 3 րոպե

Տղամարդկանց աճուկային շրջանի մաշկը հեշտությամբ կարող է գրգռվել կամ որևէ վարակից բորբոքվել։

Հաճախ աճուկների և փոշտի շրջանը գրգռվում կամ վարակվում են միաժամանակ:

Աճուկային շրջանի մաշկի գրգռում

Մաշկի գրգռումը տհաճ, երբեմն՝ նաև ցավոտ երևույթ է: Տղամարդկանց մոտ աճուկային գրգռումը կարող է զարգանալ տարբեր պատճառներից, այդ թվում՝

  • ավազահատիկներ լողազգեստի կամ կարճ տաբատի մեջ (շորտ), սովորաբար՝ ծովափում
  • քրտինք, որը կարող է կուտակվել ֆիզիկական ակտիվությունից հետո
  • հարում (շփաբորբ), օրինակ՝ ֆիզիկական վարժանքների, սեռական հարաբերության ժամանակ
  • քսանյութեր (լուբրիկանտներ) և սեմնասպան միջոցներ (սպերմիցիդներ)
  • ռետինե ապրանքներ (լատեքս), օրինակ՝ պահպանակ
  • ուժեղ կամ ալերգիկ օճառներ, ցնցուղի գել, շամպուններ, դեզադորանտներ կամ հիգիենիկ սփրեյներ
  • դեզինֆեկտանտներ (մանրէասպաններ), հականեխիչներ (անտիսեպտիկներ) կամ դրանք պարունակող քսուքներ, լուծույթներ կամ յուղեր
  • լվացքի փոշիներ կամ հեղուկներ (ներքնաշորերի ոչ լիարժեք պարզաջրում)
  • նոր, հատկապես՝ ոչ բամբակյա ներքնաշոր:

Աճուկային գրգռում նաև կարող է զարգանալ հետևյալ պատճառներից՝

  • մաշկային հիվանդություններ, օրինակ՝ էկզեմա կամ փսորիազ
  • վարակներ
  • մակաբույծներ, օրինակ՝ քոս կամ ցայլոջիլ:

Դուք կարող եք մեղմացնել աճուկային շրջանի մաշկի գրգռումը սառը թրջոցների կամ սառցեպարկի օգնությամբ: Հիշեք, որ սառցեպարկը պետք է մաշկին դնել բարակ (օրինակ՝ թեյի) սրբիչով փաթաթած:

Եթե ձեր մաշկի վրա առկա են ճաքեր կամ վերքեր, մի՛ օծեք դրանք որևէ քսուքով կամ լոսյոնով, այլ այցելեք ձեր բժշկին:

Ցավերի դեպքում ձեր բժշկից ճշտեք, թե ինչ դեղեր կարող եք ընդունել: Կան նաև ցավազրկող ազդեցությամբ նրբաքսուքներ կամ լոսյոններ:

Մի՛ օգտագործեք տանն առկա քսուքները կամ լոսյոնները, քանի դեռ ձեր խնդիրը չեք ներկայացրել բժշկին և չեք ստացել նրա խորհուրդները:

Աճուկային շրջանի վարակ

Աճուկային շրջանի վարակները կարող են պատճառվել սնկիկներով, սեռական ճանապարհով փոխանցվող վարակներով կամ այլ հարուցիչներով:

Որոշ մաշկային վարակներ կարող են ինքնուրույն վերանալ պարզապես տվյալ շրջանը մաքուր և չոր պահելու շնորհիվ: Սակայն, եթե կարծում եք, որ ձեր մաշկը բորբոքվել է նոր՝ ձեզ անհատ հարուցիչով, դիմեք ձեր բժշկին կամ այցելեք սեռավարակաբանին:

Մաշկի վարակային թեթև բորբոքումների ժամանակ կարող են արդյունավետ լինել սովորական քսուքները: Սակայն, մաշկային վարակների մեծ մասը հեշտ չի լավանում և կարիք է առաջանում դիմել բուժօգնության:

Եթե ունեք որևէ սեռավարակ, ձեր բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկներ կամ այլ դեղամիջոցներ: Եթե ձեր սեռավարակը լաբորատոր թեստով հաստատվում է, ուրեմն բուժման մեջ պետք է նաև ներգրավել վերջին ամիսների ձեր բոլոր սեռական զուգընկերներին. նրանք ևս պետք է հետազոտվեն և անհրաժեշտության դեպքում բուժում ստանան:

Քոսը և ոջիլները հեշտությամբ վերանում են հատուկ քսուքներով կամ հեղուկներով:

Եթե մաշկի գրգռման պատճառը ալերգիան է, ձեզ կարող են նշանակել հակահիստամինային դեղեր, սակայն ուշադիր եղեք, որ ապագայում խուսափեք ձեր ալերգեններից: Վարակային բորբոքված տեղամասերը մաքուր և չոր պահելը կարող է որոշակիորեն մեղմացնել անհարմարության զգացումը։

Գրգռված կամ վարակված շրջաններն օրը երկու անգամ մաքրեք գոլ ջրով։ Զգուշությամբ չորացրեք, որից հետո միայն օծեք բժշկի նշանակած քսուքը։ Մինչև դա և դրանից հետո լավ լվացեք ձեր ձեռքերը։

Ձեր սրբիչը օգտագործեք միայն դուք և մի՛ օգտվեք այլ մարդկանց, այդ թվում՝ ընտանիքի անդամների սրբիչներից և լոգարանային պարագաներից։

Եթե ցավերն անհանգստացնող են, ճշտեք ձեր բժշկից, թե ինչ ցավազրկող կարող եք խմել։

Հոդվածը տեղադրվել է՝ 21-04-2018 վերանայվել է՝ 12-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: