Skip to main content

Թերսնուցում -

Թերսնուցումում կամ սովահարություն ընդհանուր տերմին է, որը միավորում է թերի սնվեու բոլոր հետևանքները։

Ի՞նչ է թերսնուցումը

Թերսնուցումը լուրջ առողջական խնդիր է, որը զարգանում է, երբ ինչ-որ մեկը չի ստանում բավարար չափով այնքան սննդանյութ, որքան անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ գործունեության համար:

Կան թերսնուցման տարբեր տեսակներ: Որոշ երկրներում մարդիկ պարզապես չունեն բավարար սնունդ կամ առկա է որակյալ սննդի լուրջ պակաս բարձր գների և աղքատության պատճառով: Ըստ 2015 թվականի տվյալների աշխարհում գրանցվել է 793 միլիոն թերսնուցվող մարդ. սա կազմել է աշխարհի բնակչության 13%-ը: Որակյալ սննդի մատչելի չլինելը կարող է բերել մարմնի անբավարար կշռի կամ երեխաների մոտ նորմալ աճի և զարգացման հապաղման և այլ խանգարումների:

Այլ երկրներում թերսնուցումն ավելի հաճախ է հանդիպում մեծ տարիքով և բավարար կամ որակյալ (հավասարակշռված) սնունդ չստացող մարդկանց շրջանում: Որոշ մարդկանց մոտ թերսնուցում կարող է զարգանալ տարբեր հիվանդությունների պատճառով, որոնք խոչընդոտում են մարսողական խողովակից սննդանյութերի ներծծման գործընթացը:

Լրիվ թերսնուցումն այլ կերպ անվանում են սովամահություն, որը բժշկական տերմին չէ:

Թերսնուցման ախտանշանները

Թերսնուցման հիմնական նշաններն են՝

  • մարմնի քաշի կորուստ
  • մկանային զանգվածի կորուստ (հյուծում, ատրոֆիա) և մկանային ուժի թուլացում
  • մաշկի գունատություն
  • շփոթվածություն
  • մազաթափություն
  • չլավացող վերքեր
  • ընդհանուր թուլություն, հոգնածության զգացում և աշխատունակության կորուստ
  • ուշաթափություն
  • ատամների հետ կապված խնդիրներ:

Թերսնուցումը կարող է առաջացնել որևէ հիվանդություն (սննդանյութի դեֆիցիտի վիճակներ), հիվանդանոցում անցկացված ժամանակի երկարաձգում, պառկելախոցեր, վարակներ, նպաստել վայր ընկնելուն և վնասվածքներ (կոտրվածքներ) ստանալուն: Երբեմն թերսնուցումը կարող է դառնալ կյանքին սպառնացող:

Թերսնուցվող տարիքով մարդիկ կարող են ի վիճակի չլինել հոգալու իրենց կարիքները: Նրանց մոտ կարող է զարգանալ սարկոպենիա, երբ զարգանում է մկանային հյուծում՝ ատրոֆիա և ուժի կորուստ: Թերսնուցումը թուլացնում է իմունային համակարգը և նպաստում տարբեր այլ հիվանդությունների, այդ թվում՝ վարակների սրացմանը, քրոնիկացմանը կամ բուժման ձգձգմանը:

Արդյո՞ք թերսնուցումն ակնհայտ խնդիր է

Միշտ չէ, որ թերսնուցումն ակնհայտ խնդիր է: Օրինակ, թերսնուցում կարող է զարգանալ այն դեպքում, երբ ստանում եք նորմալ քանակով կամ չափից շատ սննդամթերք կամ ունեք մարմնի ավելորդ քաշ: Մարդիկ կարող են ստանալ սննդանյութերից, վիտամիններից և միներալներից աղքատ կամ ոչ որակյալ սնունդ, և ստացած սննդի չափից անկախ, լինեն թերսնուցվող:

Թերսնուցումը տարածված է նաև ախորժակի բացակայությունից գանգատվող, սնման խանգարումներով և որոշ հիվանդություններով մարդկանց շրջանում (քաղցկեղ, ՄԻԱՎ վարակ կամ երիկամային անբավարարություն):

Թերսնուցման պատճառները

Թերսնուցումը հաճախ զարգանում է մի քանի տարբեր գործոնների զուգացման պատճառով:

Մեծ տարիքով մարդկանց մոտ թերսնուցում կարող է առաջանալ առողջական այլ խնդիրների պատճառով, օրինակ՝ դեմենցիա (թուլամտություն) կամ ատամների հետ կապված խնդիրներ, որոնք դժվարացնում են սնունդ ընդունելը: Նրանք կարող են կորցնել իրենց ախորժակը, ունենալ կլման դժվարություն (դիսֆագիա), քրոնիկ հիվանդություններ կամ ընդունել դեղեր, որոնք բացասաբար են ազդում մարսողության վրա:

Որոշ մարդիկ ինքնակամ սահմանափակում են իրենց սննդակարգը, և սա նույնպես կարող է բերել թերսնուցման: Մյուսների համար որակյալ և սննդանյութերով հարուստ սնունդը կարող է լինել ոչ մատչելի: Մեկուսացված առօրյան և միայնակությունը, առողջական խնդիրներ ունենալը, հիասթափությունը, դեպրեսիան և տխրությունը կամ սուգը՝ բոլորն էլ կարող են վատթարացնել մարդկանց սննդակարգը և նպաստել թերսնուցման զարգացմանը:

Թերսնուցման բուժումը

Բժիշկները թերսնուցումն ախտորոշում են՝ տալով ձեր կենսակերպի, կենցաղային պայմանների, մարմնի կշռի և ախորժակի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև չափելով ձեր մարմնի զանգվածի գործակիցը (ՄԶԳ):

Թերսնուցումը կարող է շտկվել դիետոլոգի նշանակումներով և խորհուրդներով: Որոշ դեպքերում, կախված առկա հիվանդություններից, անհրաժեշտ է լինում ձեր բուժման մեջ ներգրավել տարբեր ոլորտների բժիշկ-մասնագետներ:

Բուն թերսնուցման բուժումը կարող է անցկացվել՝ սննդակարգը դարձնելով բավարար չափի էներգիա (կիլոկալորիաներ), սպիտակուց, վիտամիններ և միներալներ պարունակող: Որոշ դեպքերում ձեզ կարող են նշանակվել սննդանյութերի հավելումներ:

Եթե դուք կամ ձեզ մոտիկ մեկ այլ մարդ ունի թերսնուցում, կարող են օգտակար դառնալ հետևյալ քայլերը՝

  • սնունդն ընդունեք փոքր չափաբաժիններով և օրվա ընթացքում ստացեք առողջ խորտիկներ՝ պանիր, ընկուզեղեն և մրգաչրեր
  • սննդակարգում ավելացրեք լիարժեք կաթնամթերք
  • սնունդ պատրաստելիս կերակուրին ավելացրեք ձեթ, սննդային կրեմներ և մարգարին
  • սուպերին (ապուր) ավելացրեք չոր ճարպազերծված կաթ կամ մանրացված պանիր:

Կարո՞ղ է արդյոք թերսնուցումը կանխարգելվել

Թերսնուցման կանխարգելման լավագույն ուղին այն շուտ հայտնաբերելն է: Ձեզ մոտ կամ ձեզ հարազատ մարդու մոտ թերսնուցում կասկածելիս խոսեք ձեր բժշկի հետ: Բժիշկն ինքնուրույն կամ դիետոլոգի հետ միասին կարող են օգտակար խորհուրդներ տալ, թե ինչպես կարող եք ձեր սննակարգը դարձնել ավելի առողջ ու սննդարար:

Հոդվածը հրապարակվել է՝ 10-04-2020
Վերջին վերանայում՝ 12-05-2023