Գրադարան

Մարիխուանա (կանաբիս, կանեփ)

Մարիխուանա (կանաբիս, կանեփ)

Time Read 2 րոպե

Կանաբիսը կամ կանեփը մարիխուանայի, հաշիշի, հաշիշայուղի և նմանատիպ թմրամիջոցների հավաքական անվանումն է, որոնք ստացվում են սովորական կանեփից (Cannabis sativa):

Կանաբիսը համարվում է աշխարհում ամենալայն օգտագործվող ապօրինի թմրամիջոցը: Սակավաթիվ երկրներում այն այլևս ապօրինի չէ և կարող է նշանակվել բժշկի կողմից կամ օգտագործվել որոշ տարածքներում:

Կանաբիսն ունի բազմաթիվ բացասական ազդեցություններ, որոնք կարող են վնաս հասցնել ձեր առողջությանը և ընդհանուր բարեկեցությանը:

Մարիխուանան պատրաստվում է կանեփի չորացված տերևներից ու ծաղիկներից և կանաբիսի ամենահաճախ օգտագործվող ձևն է: Տարբեր երկրներում մարիխուանան ստացել է տարբեր անվանումներ՝ «պլան», «տերև», «հաշ», «գանջա» և այլն: Այն կարող է ծխվել, խառնվել մթերքների հետ և ուտվել կամ երբեմն պատրաստվել որպես թեյ: Մարիխուանան սովորաբար ծխում են գլանակի տեսքով (ջոինթ), ծխամորճով կամ բոնգով:

Մարիխուանայի օգտագործումը, պահելը, աճեցնելը կամ վաճառելը Հայաստանում արգելված է: Արգելված է նաև մարիխուանայի ազդեցությամբ մեքենա վարելը:

Կան նաև կանաբիսի սինթետիկ տեսակներ, որոնք ստացվում են քիմիական ճանապարհով: Սինթետիկ կանաբիսը սև շուկայում հայտնվում է բազմաթիվ անվանումների ներքո, օրինակ՝ սփայս:

Մարիխուանայի ազդեցությունները

Մարիխուանան ընկճող թմրամիջոց է, որը դանդաղեցնում է դեպի գլխուղեղ և հակառակ ուղղությամբ նյարդային ազդանիշների տեղափոխումը: Մարիխուանայի ազդող նյութը կոչվում է տետրահիդրոկանաբինոլ (ՏՀԿ, THC): Մարիխուանայի ազդեցությամբ դուք կարող եք զգալ ընդհանուր հանդարտություն, թուլություն, երջանկություն և շատախոսություն: Մեծ քանակներով կարող է առաջացնել ցնորքներ (հալյուցինացիա):

Մարիխուանան ունի նաև բազմաթիվ բացասական ազդեցություններ՝ ռեֆլեքսների դանդաղում, կողմնորոշման, կորդինացիայի և ուշադրության կենտրոնացման խանգարումներ, սրտխառնոց, ապակենման աչքեր, սրտազարկի արագացում (տախիկարդիա) և տարօրինակ բարձրացած ախորժակ:

Մարիխուանա կանոնավոր օգտագործողների մոտ բարձրանում է շնչուղիների վարակի, տղամարդկանց մոտ՝ սերմնահեղուկում սպերմատոզոիդների քանակի կրճատման, կանանց մոտ՝ անկանոն դաշտանային ցիկլի և երկու սեռերի մոտ՝ սեռական հակման նվազման ռիսկը: Տևական ժամանակ մարիխուանա չարաշահողների մոտ կարող է նաև զարգանալ հոգեբանական կախվածություն և հակում՝ օգտագործելու խիստ մեծ ցանկություն:

Որոշակի տվյալներ կան այն մասին, որ հոգեկան հիվանդության վերաբերյալ ընտանեկան պատմություն ունեցող մարդկանց շրջանում կանաբիսը կարող է առաջացնել փսիխոտիկ ախտանիշներ, իսկ շիզոֆրենիայով մարդկանց մոտ՝ այդ նշանների խորացում:

Մարիխուանա ծխողները կարող են նաև ունենալ սոցիալական և ֆինանսական, ինչպես նաև ուսման հետ կապված խնդիրներ:

Վերոնշյալ խնդիրների ռիսկն ավելի է բարձրանում, եթե մարդիկ սկսում են մարիխուանա օգտագործել սկսած դեռահաս տարիքից կամ կանոնավոր կերպով:

Հոդվածը տեղադրվել է՝ 22-05-2019 վերանայվել է՝ 16-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով