Գրադարան

ՄԴՄԱ (էքստազի)

ՄԴՄԱ (էքստազի)

Time Read 2 րոպե

ՄԴՄԱ-ն կամ էքստազին ապօրինի թմրամիջոց է, որը կուլ տալուց հետո առաջացնում է էյֆորիկ հուզական «վերելք»:

ՄԴՄԱ-ն 3,4-մեթիլենէդիօքսիմեթամֆետամինի հապավումն է: Այն հայտնի է որպես երջանկության հաբ, սակայն զերծ չէ տարբեր վտանգավոր ազդեցություններից:

ՄԴՄԱ օգտագործած որոշ մարդիկ մահացնել են շոգ կամ տոթ միջավայրերում երկար մնալուց (օրինակ՝ պարային կամ գիշերային ակումբներ):

Ի՞նչ է ՄԴՄԱ-ն

ՄԴՄԱ-ն խթանիչ նյութ է, որն արագացնում է դեպի գլխուղեղ և հակառակ ուղղությամբ նյարդային ազդանշանների հաղորդումը:

Սովորաբար «էքստազի» անվանումը ստանում են այն թմրամիջոցները, որոնց հիմնական բաղադրիչը ՄԴՄԱ-ն է, սակայն ոչ բոլոր էքստազիներն են, որ պարունակում են ՄԴՄԱ: Օրինակ, կան էքստազիի հաբեր, որոնք պարունակում են այլ թմրամիջոցներ կամ «լիցքավորիչներ», օրինակ՝ կենցաղային մաքրող արտադրանքներ, և սա կարող է բարձրացնել գերդոզավորման, անցանկալի ռեակցիաների կամ թունավորման ռիսկը: «Էքստազի» անվան ներքո վաճառվող թմրամիջոցները կարող են նաև իրենց կազմության մեջ ունենալ ամֆետամինի, պարամեթօքսիամֆետամինի, կետամինի և այլ խթանիչների խառնուրդներ:

ՄԴՄԱ-ն սև շուկայում վաճառվում է տարբեր անվանումների ներքո, օրինակ՝ «էկի», «E», «XTC», «դիսկո բիսքվիտ», «հաբ» և այլն: Դրանք սովորաբար վաճառվում են տարբեր գույնի հաբերի տեսքով, որոնց վրա հաճախ կան տարբեր լոգոտիպեր կամ կնիքներ:

ՄԴՄԱ ազդեցությունները

ՄԴՄԱ-ն սկսում է ազդել կուլ տալուց հետո 20 րոպեի ընթացքում: Որոշ մարդկանց մոտ ի հայտ են գալիս ցնորքներ (հալյուցինացիաներ), քրտնարտադրություն, ծնոտի (ատամների) սեղմում և դող (տրեմոր):

ՄԴՄԱ ընդունած մարդիկ կարող են գերտաքանալ և ջրազրկվել, եթե երկար ժամանակ մնում են շոգ ու տոթ պայմաններում: Նկարագրված են այս վիճակում հայտնված մարդկանց մահվան դեպքեր: Մեծ քանակով ջուր խմելը նույնպես կարող է վտանգավոր դառնալ: Ուստի ՄԴՄԱ ընդունած մարդիկ պետք է պարբերաբար ընդմիջեն և դուրս գան մաքուր օդի, իսկ ջուրն էլ խմեն հաճախակի, բայց՝ քիչ քանակներով:

ՄԴՄԱ ազդեցությունները կարող են տևել մինչև 8 ժամ:

ՄԴՄԱ-ի զուգակցումն այլ թմրամիջոցների կամ դեղերի հետ (օրինակ՝ հակադեպրեսանտներ) նույնպես կարող է վտանգավոր դառնալ:

ՄԴՄԱ-ի ազդեցության թուլացումն ուղեկցվում է անուժության և հյուծվածության, անհանգստության ու տագնապի զգացումներով և կարող է բերել անքնության:

Կանոնավոր կերպով ՄԴՄԱ ընդունող մարդկանց մոտ կարող են զարգանալ բարձր արյան ճնշում, նյարդային ախտահարումներ, հյուծում, ատամների կոտրտվածություն (դրանք մշտապես սեղմված լինելու պատճառով):

ՄԴՄԱ-ի պատճառով զարգացող ֆիզիկական և հոգեբանական վնասների ռիսկն ավելի բարձր է սրտանոթային հիվանդություններով, արյան բարձր ճնշմամբ, խուճապի նոպաներով կամ հոգեկան հիվանդությունների վերաբերյալ ընտանեկան պատմությամբ մարդկանց շրջանում:

Հոդվածը տեղադրվել է՝ 22-05-2019 վերանայվել է՝ 26-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով