Skip to main content

Մենյերի հիվանդություն -

Մենյերի հիվանդությունը ներքին ականջի հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որն ընթանում է վերտիգոյով, գլխապտույտով և հավասարակշռության խնդիրներով:

Մենյերի հիվանդությունը բուժում չունի, սակայն դուք կարող եք կառավարել ախտանիշները:

Ի՞նչ է Մենյերի հիվանդությունը

Մենյերի հիվանդությամբ մարդկանց մոտ առաջանում են նոպաներ, որոնք բնորոշվում են ուժեղ վերտիգոյով (պտտման կեղծ զգացողություն), հավասարակշռության խանգարումներով, սրտխառնոցով և փսխումով: Նոպաները սովորաբար տևում են 2-4 ժամ, որոնց ավարտին զգում եք խիստ հոգնածություն կամ ուժասպառություն:

Նոպաները կարող են դրսևորվել հաճախակի կամ ավելի հազվադեպ՝ մի քանի ամիսը կամ տարին մեկ անգամ:

Հիվանդությունն ավելի հաճախ ախտահարում է միայն մեկ ականջը՝ բերելով վերջինիս լսողության հարաճուն կորստի:

Մենյերի հիվանդության պատճառները

Մենյերի հիվանդությունը պատճառվում է ներքին ականջում ոչ նորմալ կուտակումներով, որոնք վնասում են հավասարակշռության և լսողության համար պատասխանատու բջիջները:

Ներքին ականջում նման նյութերի կուտակման պատճառն անհայտ է, սակայն որոշ դեպքերում կարող է դեր խաղալ ներքին ականջի ճնշման բարձրացումը կամ ներականջային հեղուկներում (էնդոլիմֆա) քիմիական անհավասարակշռությունը:

Հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է 40-50 տարեկանում: Որոշ կանայք կարող են նշել նոպաների և դաշտանի միջև կապ, իսկ մյուսները կարող են նոպաների առաջացումը պատճառաբանել սթրեսով:

Մենյերի հիվանդության ախտանիշները

Մենյերի հիվանդության ախտանիշները կարող են լինել փոփոխական: Նոպայի ընթացքում կարող եք զգալ վաղ նշաններ, օրինակ՝

  • հավասարակշռության խանգարում
  • գլխապտույտ
  • նախաուշաթափություն (պրեսինկոպե)՝ ուշագնացության և ընկնելու զգացողություն
  • գլխացավ
  • ականջում ճնշման զգացում
  • լսողության կորուստ
  • ձայնազգայունություն, երբ ձայներն առաջացնում են դիսկոմֆորտ
  • ընդհանուր անհանգստություն:

Նոպայի գագաթնակետին զարգանում են՝

  • վերտիգո. սա գլխապտույտի առանձնահատուկ տեսակ է՝ մարմնի կամ շրջապատող աշխարհի պտտողական շարժման զգացողություն, հատկապես, երբ փոփոխում եք մարմնի դիրքը, ինչպես նաև ինքնազգացողության վատացում և հանկարծակի վայրանկում
  • տունիտուս. սա ականջում զնգոցներ, բզզոցներ, սուլող կամ այլ աղմուկներն են:

Հիվանդությունը սովորաբար ունի հարաճուն ընթացք, երբ գլխապտույտով, սրտխառնոցով և փսխումով ընթացող հանկարծակի նոպաները կարող են նույնիսկ դառնալ հազվադեպ, սակայն լսողության կորուստը, ականջի փակվածության զգացումը և ձայնազգայունությունը՝ սաստկանան: Հիվանդության ուշ փուլերում նոպաները կարող են ընդհանրապես վերանալ՝ որպես հետևանք թողնելով հավասարակշռության խնդիրները, լսողության կորուստը և ականջներում աղմուկը:

Մենյերի հիվանդության ախտորոշումը

Եթե ձեզ մոտ առաջացել են Մենյերի հիվանդության ախտանիշներին նմանվող գանգատներ կամ ախտանիշներ, դիմեք ձեր բժշկին: Նա կլսի ձեզ, կզզնի և կարող է նշանակել լսողության ստուգման կամ գլխուղեղի պատկերային հետազոտություններ:

Մենյերի հիվանդության բուժումը

Մենյերի հիվանդությունը մնում է դեռևս անբուժելի և դեղերը կարող են միայն մեղմացնել ձեր գանգատները և անհանգստացնող ախտանիշները:

Բժիշկը կարող է նշանակել միզամուղներ, որ նվազեցվի ձեր օրգանիզմի հեղուկների ծավալը և ներականջային ճնշումը, որի շնորհիվ նոպաները կարող են դառնալ հազվադեպ:

Նոպայի ընթացքում կարող եք օգտագործել սրտխառնոցը և փսխումները, ինչպես նաև վերտիգոն և դրանց ուղեկցող անհանգստությունը մեղմացնող դեղեր: Երբեմն նաև նշանակվում են կորտիկոստերոիդներ և հակահիստամինային դեղեր:

Մենյերի հիվանդության բուժմամբ սովորաբար զբաղվում են քիթ-կոկորդ-ականջաբանները: Որոշ դեպքերում կարող է առաջարկվել վիրահատություն, օրինակ՝ հավասարակշռության համար պատասխանատու նյարդի հատում և ներքին ականջի հեղուկների դատարկում (դրենաժ):

Լսողության կայուն կորստի դեպքում կարող են առաջարկվել լսողական սարքեր:

Հոդվածը հրապարակվել է՝ 07-05-2019
Վերջին վերանայում՝ 12-05-2023