Դաշտան (մենստրուացիա)
12-04-2018
5 րոպե

Դաշտանը յուրաքանչյուր կնոջը հատուկ վիճակ է: Այս տեղեկատվությունը կարող է օգնել ձեզ՝ լիարժեք պատկերացում կազմելու ձեր դաշտանային ցիկլի մասին:
Ի՞նչ է դաշտանը
Դաշտանը կնոջ մոտ ամիսը մեկ անգամ ի հայտ եկող հեշտոցային արյունահոսությունն է, որը հանդիսանում է դաշտանային ցիկլի նորմալ բաղկացուցիչ մասերից մեկը: Այն հայտնի է նաև որպես «ամսական» (մենստրուացիա):
Դաշտանային ցիկլի ընթացքում հորմոնների ազդեցության ներքո ձեր արգանդի լորձաթաղանթը հաստանում և նախպատրաստվում է հնարավոր հղիության վիճակին: Նույն հորմոնները բերում են նաև ձվարանի կողմից ձվաբջջի առաջացմանը և արգանդում ներդրմանը, որը հայտնի է որպես ձվազատում (օվուլյացիա):
Եթե հղիությունը բացակայում է, դաշտանը սկսվում է ձվազատումից մոտավորապես երկու շաբաթ հետո: Դաշտանի ընթացքում արգանդի լորձաթաղանթը (էնդոմետրիում) թափվում է՝ առաջ բերելով արյուն, որն էլ դուրս է գալիս հեշտոցով:
Դաշտանները կարող են լինել մեղմ կամ առատ, իսկ դաշտանային արյան գույնը՝ սկսած բաց կարմիրից մինչև մուգ շագանակագույն: Արյունային արտադրուկի հետ միասին հեշտոցից կարող են արտահոսել նաև մանր մակարդուկներ:
Որոշ կանանց մոտ մինչև դաշտանի սկսվելը և վերջինիս ընթացքում կարող են ի հայտ գալ մի շարք նշաններ, այդ թվում՝
- որովայնի ստորին շրջաններում կծկանքներ կամ ցավեր
- մեղմ վքնածություն կամ մետեորիզմ (որովայնի փքվածության զգացում)
- մինչև դաշտանի սկսելը՝ փորկապություն
- դաշտանը սկվելուց հետո՝ փորլուծություն
- ակնե (ուգրի, կորյակ)
- թուլություն և հոգնածության զգացում։
Ե՞րբ են դաշտանները սովորաբար սկսվում
Աղջիկներն իրենց առաջին դաշտանը (կոչվում է մենարխե) տեսնում են սեռահասունացման ընթացքում: Ավելի հաճախ, դա տեղի է ունենում 12 կամ 13 տարեկան հասակում, սակայն որոշ դեպքերում դաշտանը կարող է սկսվել ավելի վաղ՝ 9 տարեկանում կամ ավելի ուշ՝ 16-ում:
Դաշտանի հետ կապված ի՞նչ խնդիրներ կարող են ունենալ կանայք
Դաշտանի հետ կապված խնդիրները ներառում են՝
- առատ արյունահոսություն (մենոռեա)
- դաշտանի ցավոտություն (դիսմենոռեա)
- դաշտանի անկանխատեսելի դառնալը և անկանոնություն
- դաշտանի բացակայություն (ամենորեա)
- նախադաշտանային (պրեմենստրուալ) համախտանիշ, որը որոշ կանանց մոտ դրսևորվում է դյուրագրգռությամբ և տրամադրության անկումով:
Ե՞րբ են դաշտանները ընդհատվում
Դաշտաններն ընդհատվում են հղիության ընթացքում և հաճախ՝ կրծքով կերակրման շրջանում: Սա կոչվում է ֆիզիոլոգիական ամենորեա:
Որոշ կանանց մոտ դաշտանները կարող են ընդհատվել քրոնիկ երկարատև ընթացքով հիվանդությունների, մարմնի պակասորդային զանգվածի, ծանր սթրեսների, ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունների և հորմոնային շեղումների պատճառով (երկրորդային ամենորեա):
Որոշ դեղեր, օրինակ՝ հորմոնային հակաբեղմնավորիչները, նույնպես կարող են ընդհատել դաշտանները: Նման դեպքերում ձեր ցիկլը կարող է վերականգնվել այս հաբերն ընունելը դադարեցնելուց բավականին ուշ:
Դաշտաններն ընդհանրապես դադարում են, երբ կանայք հասնում են դաշտանադադարի (մենոպաուզայի) տարիքի՝ միջինը 51-52 տարեկանում:
Ե՞րբ այցելել բժշկին
Դուք պետք է զրուցեք ձեր բժշկի հետ, եթե՝
- դուք 16 տարեկան կամ ավելի մեծ եք, սակայն ձեր դաշտանային ցիկլերը դեռ չեն սկսվել
- ձեր դաշտանները դարձել են առատ (մենոռագիա)
- ձեր դաշտանները շատ են մոտեցել իրար կամ շատ են հեռացել միմյանցից
- ձեր դաշտաններն ընդհատվել են, և դուք տեղյակ չեք, թե ինչու (ամենորեա)
- ձեզ մոտ դաշտանների միջև ընկած ժամանակաշրջանում (դաշտանից դուրս) դիտվում է արյունահոսություն
- առկա է սեռական հարաբերությանը հաջորդող արյունահոսություն
- դուք արյունահոսում եք դաշտանադադարից հետո
- ձեզ մոտ դաշտանը խիստ ցավոտ է (դիսմենոռեա):
Այս ամենից բացի, դուք կարող եք բժշկին այցելել դաշտանի հետ կապված ցանկացած հարցով, հատկապես, եթե այն ազդում է ձեր ինքնազգացողության և կյանքի որակի վրա:
Հոդվածը վերանայվել է՝ 11-04-2021