Skip to main content

MERS - Վարակներ

Մերձարևելյան շնչառական համախտանիշը (ՄԱՇՀ, MERS) վարակային հիվանդություն է, որը կարող է բարդանալ ծանր թոքաբորբով:

ՄԱՇՀ-ը հարուցվում է ՄԱՇՀ-կապված կորոնավիրուսով (MERS-CoV): Կորոնավիրուսներ հայտնաբերվում են տարբեր տեսակի կենդանիների, այդ թվում՝ թռչունների և կաթնասունների օրգանիզմներում: Դրանք նաև ներառում են այն վիրուսները, որոնք առաջացնում են մրսածություն (ՍՇՎՎ): ՄԱՇՀ հարուցող վիրուսը նախկինում երբեք չի հայտնաբերվել մարդկանց օրգանիզմում:

ՄԱՇՀ-ի ախտանիշները հաճախ ներառում են ջերմությունը կամ տենդը (սովորաբար՝ 38° C գերազանցող), հազը, հևոցը և թոքաբորբը: Այլ ախտանիշներից են մկանացավերը, փորլուծությունը, սրտխառնոցը և փսխումները:

Հիվանդությունն առաջին անգամ գրանցվել է 2012-ին և բռնկումը ներառել է աշխարհի ավելի քան 2200 մարդկանց, ովքեր ապրել կամ ճանապարհորդել են Մերձավոր արևելքի երկրներ կամ ունեցել են վարակված մարդկանց հետ ուղղակի շփում:

ՄԱՇՀ-ը համարվում է մահացության բարձր ելքով հիվանդություն (վարակվածների շուրջ մեկ երրորդը), սակայն մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են մեկ այլ քրոնիկ հիվանդություն:

ՄԱՇՀ-ն ի սկզբանե զոոնոզ, այսինքն՝ կենդանիներից (ուղտերից) մարդկանց փոխանցվող վարակ է: Մարդուց մարդուն փոխանցումը հեշտ չէ, եթե կանխարգելվում է խիստ սերտ շփումը:

ՄԱՇՀ-ի հատուկ բուժում կամ պատվաստանյութ գոյություն չունի, սակայն վաղ բժշկական օգնությունը կարող է փրկել մարդկանց կյանքը: ՄԱՇՀ-ի ապագա բռնկման դեպքում կանխարգելիչ միջոցառումները գրեթե չեն տարբերվում այլ կորոնավիրուսների տարածման դեմ քայլերից: Դրանք են՝

  • հաճախակի լվացեք ձեր ձեռքերը հոսող ջրով և օճառով, հատկապես ձեր քիթը մաքրելուց հետո, զուգարանից օգտվելուց հետո, սննդից օգտվելուց կամ կերակուր պատրաստելուց առաջ և հետո, ինչպես նաև այլ մարդկանց դիպչելուց հետո
  • հազալիս կամ փռշտալիս փակեք ձեր քիթը և բերանը մաքուր անձեռոցիկով, որն օգտագործելուց հետո դեն նետեք
  • հազացող կամ հարբուխով մարդկանց շրջապատում օգտագործեք վիրաբուժական դիմակ և նրանց հետ շփվելիս պահեք 2 մետր շառավղով սոցիալական հեռավորություն
  • ձեր քիթը մաքրելիս օգտագործեք մաքուր անձեռոցիկ, որն օգտագործելուց հետո անմիջապես դեն նետեք
  • մնացեք տանը, եթե վատառողջ եք:

Հոդվածը հրապարակվել է՝ 23-11-2019
Վերջին վերանայում՝ 08-04-2024