Գրադարան

Խոզուկ (էնդեմիկ պարոտիտ)

Խոզուկ (էնդեմիկ պարոտիտ)

Time Read 3 րոպե

Խոզուկը վարակիչ վիրուսային հիվանդություն է, որն ավելի հաճախ հանդիպում է 5-15 տարեկան երեխաների մոտ:

Ներկայում խոզուկը Հայաստանում հազվադեպ հանդիպող վարակ է, քանի որ ներառված է պատվաստումների ազգային ծրագրում:

Խոզուկի բնորոշ նշանը դեմքի կողմնային շրջաններում՝ ականջներից ներքև ցավոտ այտուցվածությունն է, որի պատճառը հարականջային թքագեղձերի բորբոքային այտուցն է: Խոզուկի մյուս անվանումն է համաճարակային (էնդեմիկ) պարոտիտ (պարոտիտը թարգմանվում է որպես թքագեղձի բորբոքում):

Խոզուկի մյուս տարածված նշաններից են գլխացավերը, հոդացավերը և ջերմությունը:

Խոզուկի հարուցիչը

Խոզուկը հարուցվում է նույնանուն վիրուսով, որը պատկանում է պարամիքսովիրուսների ընտանիքին: Վարակի աղբյուր է հանդիսանում խոզուկով հիվանդ մարդը, իսկ վիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազալիս կամ փռշտալիս: Պարամիքսովիրուսներն ավելի տարածված են երեխաների շրջանում:

Վարակվելիս խոզուկի վիրուսը շնչառական ուղիներից (քիթ, բերան և ըմպան) տեղափոխվում է հարականջային թքագեղձեր, որտեղ էլ սկսում է բազմանալ՝ առաջացնելով այս գեղձերի բորբոքում և այտուց:

Հազվադեպ, խոզուկի վիրուսը կարող է արյան միջոցով մուտք գործել ողնուղեղային հեղուկ և տարածվել այլ շրջաններ՝ գլխուղեղ, ենթաստամոքսային գեղձ, տղաների կամ տղամարդկանց մոտ՝ ամորձիներ, իսկ աղջիկների կամ կանանց մոտ՝ ձվարաններ:

Խոզուկի ախտանիշները

Խոզուկի գանգատները և նշանները սովորաբար զարգանում են վարակվելուց 14-25 օր անց (միջինը՝ 17 օր): Այս շրջանը կոչվում է ինկուբացիայի կամ գաղտնի շրջան:

Խոզուկի բնորոշ նշանը հարականջային գեղձերի մեծացումն է: Սովորաբար այտուցվում են զույգ թքագեղձերը, թեև կարող են հանդիպել միայն մեկ թքագեղձի ախտահարմամբ դեպքեր: Այտուցված թքագեղձերը դառնում են ցավոտ ու լարված՝ խանգարելով և ցավոտ դարձնելով սնունդը, հեղուկները կամ թուքը կուլ տալը:

Խոզուկի մյուս նշաններից են՝

  • վատ ինքնազգացողություն
  • ջերմություն
  • սնունդը ծամելիս կամ կուլ առաջացող ցավեր կամ դիսկոմֆորտ
  • գլխացավեր
  • հոդացավեր
  • ընդհանուր թուլության և հոգնածություն
  • բերանի չորություն
  • որովայնի մեղմ ցավեր
  • ախորժակի բացակայություն:

Երեխաների մեկ երրորդի մոտ գանգատները կարող են լինել թույլ արտահայտված և չանհանգստացնող:

Հարականջային թքագեղձերի այտուցը մեղմանում է մեկ շաբաթվա ընթացքում: Տղա երեխաների մոտ՝ հազվադեպ, իսկ չափահաս տղամարդկանց մոտ՝ ավելի հաճախ խոզուկը կարող է ախտահարել նաև ամորձիները: Նման դեպքերում նկատվում է ամորձիների թեթև այտուց և ցավոտություն:

Խոզուկի բուժումը

Խոզուկի վիրուսի դեմ որևէ հակավիրուսային դեղ գոյություն չունի և բուժումն ավելի շուտ ուղղված է ախտանիշների մեղմացմանը՝ մինչև օրգանիզմի իմունային համակարգը կարողանա օրգանիզմը մաքրել վիրուսից:

Խոզուկի ժամանակ խորհուրդ է տրվում՝

  • ապահովել անկողնային հանգիստ պայմաններ, մինչև հիվանդության ընթացքը մեղմանա
  • ցավերը մեղմացնելու կամ բարձր ջերմությունը իջեցնելու համար բժշկի նշանակմամբ՝ Իբուպրոֆեն կամ Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն), ընդ որում, մինչև 16 տարեկան երեխաներին Ասպիրին խորհուրդ չի տրվում
  • ջրի և հեղուկների առատ ընդունում՝ շեշտը դնելով ջրի վրա և բացառելով թթվաշ մրգահյութերը
  • սառը թրջոցներ, որոնք կարող են մեղմացնել թքագեղձերի այտուցը և ցավոտությունը
  • փափուկ սննդի ընդունում (օրինակ՝ ապուրներ, պյուրե կամ մանրացված ձու):

Կապ հաստատեք երեխայի բժշկի, եթե ձեր երեխայի մոտ հարականջային թքագեղձերի այտուցը և ցավոտությունն ուղեկցվում են հետևյալ նշանների հետ՝

  • ստամոքսի շրջանի ցավեր
  • կրկնակի փսխումներ
  • տղա երեխաների մոտ՝ ամորձիների այտուց և ցավոտություն
  • սաստիկ գլխացավեր
  • քնկոտություն
  • լուսավախություն
  • մաշկային մանուշակագույն մանր ցանավորում կամ կարմիր բծեր:

Դիմեք ձեր բժշկին նաև այն դեպքերում, երբ մեկ շաբաթվա ընթացքում հիվանդության ախտանիշները չեն մեղմանում կամ, հակառակը, ավելի են վատթարանում:

Խոզուկի կանխարգելումը

Խոզուկը երկու այլ վարակների հետ միասին ներառված է պատվաստումների ազգային ծրագրում (ԿԿԽ` կարմրուկ, կարմրախտ և խոզուկ): Այս պատվաստումը 95% հավանականությամբ կանխարգելում է երեխայի խոզուկով վարակվելը: Հետպատվաստումային անընկալությունը տևում է մոտ 4 տարի։

Որոշ ծնողներ անհանգստանում են այն տեղեկությունից, թե իբր ԿԿԽ պատվաստումը կարող է երեխայի մոտ բարձրացնել աուտիզմի ռիսկը: Մինչ օրս որևէ հետազոտությամբ այս տվյալը չի ապացուցվել:

Հոդվածը տեղադրվել է՝ 29-05-2018 վերանայվել է՝ 11-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: