Skip to main content

Մկանային ցավեր -

Մկանային ցավը հաճախ հանդիպող գանգատ է, որը դրսևորվում է մարմնի տարբեր շրջանների կմախքային մկաններում տեղակայված ցավերով կամ անհարմարավետության (դիսկոմֆորտ), երբեմն՝ որպես հոգնածություն նկարագրվող զգացողություններով:

Մկաններն ապահովում են ձեր մարմնի տարաբնույթ շարժունակությունը: Ձեր բազմազան շարժումները և ֆիզիկական աշխատանքը պայմանավորված են հենց մկանների աշխատանքով՝ կծկումներով:

Ընդհանուր բնույթի մկանացավերն ավելի հաճախ պատճառվում են ջլերի կամ կապանների ոչ վարժ շարժումներից կամ գերծանրաբեռնվածությունից: Դրանք սովորաբար որևէ բուժում չեն պահանջում և հանգիստ պայմաններ ապահովելիս մի քանի օրվա ընթացքում ինքնուրույն անհետանում են: Չափավոր ուժգնության ցավերի դեպքում կարելի է ընդունել Իբուպրոֆեն կամ մեկ այլ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոց:

Սակայն, մկանները կարող են ցավել նաև ավելի լուրջ պատճառներից, օրինակ՝ մկանային վնասվածքներից: Նման դեպքերում անհրաժեշտ է ցավոտ տեղամասին դնել սառը թրջոց, դիմել ձեր բժշկին կամ այցելել մոտակա վնասվածքաբանական կետ:

Մկանային ցավերը նաև մկանաբորբի (միոզիտ) կամ ֆիբրոմիալգիայի նշաններից մեկն է: Նման դեպքերում մկանացավին ուղեկցում են նաև մկանային թուլությունը, շարժողության խանգարումները, իսկ հետագայում նաև՝ մկանների կարկամությունը և շարժունակության սահմանափակումը (կոնտրակտուրա):

Մկանային ցավերի բուժումը կապված է պատճառից:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2019
Վերջին վերանայում՝ 11-05-2023