Skip to main content

Նկարագիր - Նարցիստիկ խանգարում

Նարցիսային անձնային խանգարում ունեցող մարդը գերկենտրոնացած է սեփական դիրքի, ուժի, ազդեցության և փառքի վրա և անտեսում է այս պահվածքի՝ իր և այլոց վրա զգացումների վրա խաթարող ազդեցությունը:

Այս անձնային խանգարումն ունի աշխարհի բնակչության մոտ 1%-ը, ընդ որում՝ առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ: Անձնային խանգարումները հիվանդությունների մի խումբ է, որոնք ազդում են մարդկանց մտածողության, վարքագծերի և հույզերի վրա և երկարատև բացասական հետևանքներ թողնում նրանց կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:

Իմացե՛ք ավելին անձնային խանգարումների մասին:

Հիվանդությունը հավանաբար զարգանում է տարբեր գործոնների խառը փոխազդեցությունից՝ մանկական տարիքի, գենետիկ և հոգեբանական:

Նարցիսային անձնային խանգարումը, բերելով մարդու սեփական կարևորության չափազանցված զգացումների, ի վերջո հանգեցնում է սոցիալական կապերի խզման, փոխհարաբերությունների խաթարման և հասարակությունից մեկուսացման:

Հիվանդությունն ի հայտ է գալիս վաղ չափահաս տարիքում՝ որպես վերամբարձություն իրենց համոզմունքներում և պահվածքում (բոլորին նայում են վերևից), մեծամտություն և ինքնահավանություն։ Այս մարդկանց նաև հատուկ է ամեն ինչում առավելագույնին ձգտելը և միայն իրենց իսկ ընտրած կյանքի ոճով շարժվելը՝ մերժելով իրենց ուղղված որևէ քննադատություն կամ մերժում: Նրանց հատուկ չէ խղճի խայթը, շնորհակալության զգացումը, զղջումը կամ սեփական սխալներն ընդունելը: Անձնային այս խանգարմամբ մարդիկ սեփական հույզերը ժխտելով՝ նաև անտեսում են ուրիշների հույզերը:

Նարցիսային անձնային խանգարման այսպիսի բնույթը դժվարացնում է հասկանալ, որ նման մարդն իրականում հոգեկան առողջության խնդիր ունի, այլ ոչ թե զուտ վատ կամ անտանելի բնավորություն: Այնուամենայնիվ, ուշադրության չարժանացնելու դեպքում հիվանդությունը կարող է խաթարել տվյալ մարդու աշխատանքը, մարդկանց հետ փոխհարաբերությունները և ընտանեկան կյանքը:

Հիվանդության ախտորոշումը հոգեկան առողջության ոլորտի մասնագետից որոշակի ժամանակ է պահանջում: Հիվանդությունը բացահայտելիս կարևոր դեր ունի միջանձնային փոխհարաբերությունների մանրակրկիտ գնահատումը:

Հոգեթերապիան (փսիխոթերապիա) կարող է նարցիսային անձնային խանգարմամբ մարդուն օգնել, որ ինքն իրեն ավելի լավ ճանաչի և այլ մարդկանց հետ փոխհարաբերվի ավելի դրական հույզերով և պահվածքով: Աջակցության և բուժման պայմաններում կարող է զգալիորեն բարելավվել նաև մարդու՝ որպես հասարակության անդամի գործունեությունը և ընտանեկան կյանքը:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2020
Վերջին վերանայում՝ 07-04-2024