Skip to main content

Նևրալգիա -

Նևրալգիան նյարդերի ընթացքով տարածվող և մաշկում զգացվող սուր, այրող կամ մղկտացող նոպայաձև կամ կայուն ցավն է:

Նևրալգիան կամ նյարդացավը կարող է ի հայտ գալ մարմնի տարբեր շրջաններում: Հաճախ այս ցավերի պատճառը մնում է անհայտ: Եթե ձեզ մոտ առկա է նևրալգիա, կան ցավերը մեղմացնող տարբեր հնարավորություններ:

Ի՞նչ է նևրալգիան

Նևրալգիան սուր ցավ է, որը զգում եք ձեր մարմնի որևէ շրջանի մաշկում: Այն սովորաբար առաջանում է մարմնի այդ մասի համար պատասխանատու նյարդերի գրգռումից կամ վնասումից: Որոշ բժիշկիներ նևրալգիայի փոխարեն օգտագործում են «նեյրոպաթիկ ցավ» արտահայտությունը:

Նևրալգիայի տեսակները

Տարբերում են նևրալգիայի մի քանի տեսակներ, որոնցից են՝

  • հետ-հերպեսային (պոստ-հերպետիկ) նևրալգիա, որն առաջանում է գոտևորող որքինից հետո (գոտևորող հերպես կամ herpes zoster) և ընդգրկում է նույն այն շրջանը, որտեղ առաջացել էր գոտևորող հերպեսային ցանը
  • եռորյակ (տրիգեմինալ) նևրալգիա, որի դեպքում ցավերը տեղակայվում են ծնոտի կամ այտի շրջանում
  • ծոծրակային (օկցիպիտալ) նևրալգիա, երբ ցավերն ընդգրկում են գլխի ետևի մասը՝ ձգվելով պարանոցից մինչև ծոծրակ
  • պուդենտալ նևրալգիա, որի ժամանակ ցավերը տեղակայված են ոտքերի միջև՝ ընդգրկելով հետույքը, շեքը և ազդերերի վերին-ներսի մակերեսները:

Նևրալգիայի ախտանիշները

Եթե ունեք նևրալգիա, դուք կարող եք նկատել, որ՝

  • ախտահարված շրջանի մաշկը դարձել է զգայուն
  • ցավերն ունեն սուր կամ կտրող, այրող կամ սառեցնող, էլեկտրաշոկին նմանվող բնույթ
  • տվյալ նյարդի կամ դրա ճյուղերի շրջանի մկանները դարձել են թույլ կամ պարալիզվել են (լուծանք):

Ցավը կարող է լինել կայուն կամ ի հայտ գալ նոպայաձև և անհետանալ, սակայն միշտ ընդգրկում է նույն շրջանը:

Դուք նաև կարող եք զգալ նյարդավորման շրջանի ծակծկոցներ, թմրածություն կամ քոր:

Նևրալգիայի պատճառները

Նևրալգիան կարող է զարգանալ հետևյալ պատճառներով՝

  • վարակներ, օրինակ՝ ՄԻԱՎ
  • դիաբետ (շաքարախտ), ցրված սկլերոզ կամ ինսուլտ
  • որոշ դեղեր
  • նյարդի ճնշում, օրինակ՝ ուռուցքի ժամանակ
  • նյարդի վնասվածքներ, այդ թվում՝ վիրաբուժական բնույթի
  • վիտամին B1 կամ B12-ի պակաս (դեֆիցիտ)
  • ալկոհոլի չարաշահում:

Որոշ դեպքերում նևրալգիայի պատճառը մնում է անհայտ:

Նևրալգիայի ախտորոշումը

Նևրալգիայի հայտնաբերման որևէ հատուկ հետազոտություն գոյություն չունի: Ձեզ մոտ նևրալգիա կասկածելիս բժիշկը կարող է՝

  • զրուցել ձեզ հետ և խնդրել, որ պատասխանեք որոշ հարցերի
  • զննել ձեզ
  • ձեզ ուղեգրել որոշ հետազոտությունների, օրինակ՝ արյան թեստեր, նյարդահաղորդականության հետազոտություններ և այլն:

Նևրալգիայի բուժումը

Նևրալգիայի բուժումը կախված է հիվանդության պատճառից (եթե հայտնաբերվում է), ախտահարված նյարդից և ցավերի ուժգնությունից:

Կան դեղեր, որոնք կարող են մեղմացնել նևրալգիան: Դրանք կարող են նշանակվել միայնակ կամ զուգակցված: Այդ դեղերից են՝

  • որոշ հակադեպրեսանտներ, օրինակ՝ Ամիտրիպտիլին
  • հակացնցումային դեղեր, օրինակ՝ Կարբամազեպին կամ Գաբապենտին
  • սովորական ցավազրկողներ
  • տեղային (մաշկային) միջոցներ, օրինակ՝ Կապսաիցինի քսուք, Լիդոկայինի սպեղանի:

Ծանր կամ ձգձգվող դեպքերում կարող են առաջարկել նաև վիրահատական միջամտություն:

Բուժման այլ տեսակները, օրինակ՝ ասեղնաբուժությունը կամ ռելաքսացիայի մեթոդները նույնպես կարող են օգտակար լինել:

Սակայն, որոշ մարդկանց մոտ ցավը կարող է դժվարությամբ ենթարկվել բուժման:

Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024