Skip to main content

Նեյրոպաթիա -

Նեյրոպաթիան նյարդային ախտահարումների խումբ է, որոնք ընթանում են մարմնի մեկ կամ մի քանի շրջանների ցավով, թմրածության, ծակծկոցների և այլ զգացողություններով:

Կան նեյրոպաթիայի տարբեր պատճառներ, որոնցից ամենահաճախ հանդիպողներից մեկը շաքարային դիաբետն է (շաքարախտ): Հաճախ նեյրոպաթիայի ախտանիշները հնարավոր է լինում մեղմացնել` պատշաճ կառավարելով հիմնական հիվանդությունը:

Ի՞նչ է նեյրոպաթիան

Նեյրոպաթիան հավաքական տերմին է, որը վերաբերվում է նյարդերի ախտահարմամբ ընթացող և համանման ախտանիշներով մի շարք հիվանդություններին: Նյարդերի ախտահարման հիմքում կարող են ընկած լինել որևէ հիվանդություն, վարակ, վնասվածք, դեղամիջոցների օգտագործում կամ բուժման մեթոդներ (օրինակ՝ ճառագայթային թերապիա), ալկոհոլի երկարատև չարաշահում, սուր թունավորումներ և այլ պատճառներ:

Նեյրոպաթիայի տեսակները

Կախված նյարդի վնասման պատճառից, մարմնի ախտահարված շրջանից կամ ախտահարված նյարդերի քանակից տարբերում են նեյրոպաթիայի հետևյալ տեսակները:

  • Ավտոնոմ (վեգետատիվ) նեյրոպաթիայի ժամանակ ախտահարվում են օրգանիզմի ավտոմատ (ինքնաբուխ) գործառույթները հսկող նյարդերը: Նման դեպքերում կարող են զարգանալ մարսողության, արյան ճնշման կամ միզապարկի գործունեության խանգարումներ: Օրինակ, թափառող նյարդի ախտահարման ժամանակ հնարավոր է սրտազարկի արագացում (տախիկարդիա), դանդաղում (բրադիկարդիա) կամ անկանոն ռիթմի զարգացում (առիթմիա):
  • Դիաբետիկ նեյրոպաթիան պատճառվում է դիաբետով (շաքարախտ): Դիաբետիկ նեյրոպաթիայի ժամանակ ավելի հաճախ ախտահարվում են հեռավոր՝ դաստակների և ոտնաթաթերի նյարդերը, սակայն կարող են ընդգրկվել նաև օրգանիզմի ավտոմատ գործառույթները հսկող նյարդերը:
  • Ծայրամասային (պերիֆերիկ) նեյրոպաթիան ախտահարում է մարմնի ծայրամասային շրջանների նյարդերը, օրինակ՝ ձեռքերը և ձեռքերի դաստակները, սրունքները և ոտնաթաթերը:
  • Մոտակա (պրոքսիմալ) նեյրոպաթիան ախտահարում է ազդրերի և ուսագոտու մկանների նյարդերը:
  • Տեղային (ֆոկալ) կամ մոնոնեյրոպաթիան ախտահարում է միայն մեկ նյարդ: Օրինակներից է կարպալ (դաստակային) թունելի համախտանիշը:
  • Պոլինեյրոպաթիան ախտահարում է մի քանի նյարդեր:

Նեյրոպաթիա ունեցող մարդկանց մեծ մասի մոտ առկա է պոլինեյրոպաթիա՝ միաժամանակ բազմաթիվ նյարդերի ախտահարում:

Նեյրոպաթիայի պատճառները

Նեյրոպաթիա կարող է զարգանալ բազմաթիվ պատճառներից, այդ թվում՝

  • որոշ հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, Գիյան-Բարրեի համախտանիշը կամ ՁԻԱՀ-ը
  • ալկոհոլի երկարատև չարաշահում
  • քաղցկեղների բուժման մեթոդներ՝ քիմիոթերապիա և ճառագայթային թերապիա
  • վիտամինային պակասներ (դեֆիցիտ)
  • որոշ դեղամիջոցների ընդունում
  • ողնաշարային կամ ողնուղեղային ուռուցքներ
  • նյարդի ճնշում ուռուցքով կամ բորբոքային այտուցով:

Երբեմն նեյրոպաթիայի պատճառը մնում է անհայտ։

Նեյրոպաթիայի ախտանիշները

Նեյրոպաթիայի ախտանիշները կախված են ախտահարված նյարդից և նյարդավորման շրջանից կամ օրգանից:

Ախտահարված նյարդի պատասխանատու շրջանում կարող են առաջանալ զգացողության և ավելի ծանր խանգարումներ, օրինակ՝

  • ցավ, որը հաճախ սաստկանում է գիշերները
  • վերջույթի թուլություն (պարեզ) կամ ծայրամասային թորշոմած կաթված (պարալիչ)
  • թմրածության զգացում
  • ծակծկոցներ
  • այրող զգացողություն (հատկապես՝ ոտքերում)։

Ավտոնոմ նեյրոպաթիան կարող է առաջացնել մարսողության, աղիների, միզապարկի կամ սեռական գործունեության փոփոխություններ: Պրոքսիմալ (մոտակա) նեյրոպաթիան կարող է առաջացնել ազդրերում տեղակայված ցավեր և թուլություն:

Նեյրոպաթիայի ախտորոշումը

Բժիշկը կարող է ձեզ տալ հարցեր և զննել՝ առավել ուշադրություն դարձնելով ձեր մարմնի ախտահարված շրջանում տեղկայված զգացողություններին: Ձեզ կարող է նաև առաջարկվել որոշ հետազոտություններ, օրինակ՝ նյարդի էլեկտրական ակտիվության չափում:

Նեյրոպաթիայի բուժումը

Նեյրոպաթիայի բուժումը կախված է պատճառից:

Օրինակ, եթե պատճառը դեղերն են, ձեր բժիշկը կարող է վերանայել ձեր դեղորայքային բուժումը:

Եթե նեյրոպաթիան առաջանում է որպես որևէ հիվանդության հետևանք, բուժման թիվ մեկ նպատակը դառնում է տվյալ հիվանդության վերահսկողության բարելավումը։ Օրինակ, շաքարային դիաբետի ժամանակ կարիք է առաջանում արյան շաքարի խիստ հսկողություն՝ դեղերի կամ դրանց դեղաչափերի վերանայում, սննդակարգի առողջացում կամ ֆիզիկական վարժանքներ:

Երբ նեյրոպաթիայի պատճառը չի հայտնաբերվում կամ չի հաջողվում վերացնել, բժիշկը կարող է նշանակել ձեր ախտանիշները թեթևացնող ֆիզիոթերապևտիկ կամ հոգեբանական բուժման մեթոդներ:

Հոդվածը հրապարակվել է՝ 25-05-2019
Վերջին վերանայում՝ 11-05-2023