Անցնել գլխավոր բովանդակությանը

Քթային արյունահոսություն - Անհետաձգելի վիճակներ

Քթից ի հայտ եկող արյունահոսությունը բավականին հաճախ հանդիպող վիճակ է, որն ունի տարբեր պատճառներ:

Քթային արյունահոսությունների մեծ մասը թեթև է և տևում է շատ կարճ:

Այն ավելի հաճախ դիտվում է երեխաների մոտ՝ երբեմն առաջացնելով վախ և անհանգստություն: Մեծ տարիքով և որոշ, օրինակ՝ արյան հիվանդություններով կամ հակամակարդիչ դեղեր խմող չափահաս մարդկանց մոտ նույնպես քթային արյունահոսությունը կարող է ավելի հաճախ հանդիպել: Նման դեպքերում արյունահոսությունը սուր է, առատ և ոչ հազվադեպ բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջանում:

Քթային արյունահոսությունը հաճախ առաջանում է, եթե դուք՝

  • քչփորում եք ձեր քիթը
  • խիստ ուժեղ ձևով մաքրում եք ձեր քիթը
  • ուժեղ և «կոպիտ» փռշտում կամ հազում եք
  • խիստ լարվում եք զուգարանում (նքոցներ, օրինակ՝ փորկապության ժամանակ)
  • ունեք քթի խոռոչի, հարքթային խոռոչների կամ ըմպանի որևէ վարակ
  • ստացել եք դեմքի, հատկապես՝ քթի շրջանում հարված, վնասվածք կամ տրավմա
  • ունեք մրսածություն (ՍՇՎՎ)
  • որևէ ալերգիայի պատճառով ունեք փակված քիթ
  • ընդունում եք որոշ դեղեր, օրինակ՝ հակաբորբոքայիններ կամ քթային սփրեյներ:

Իմացե՛ք ավելին քթային արյունահոսության առաջին օգնության մասին:

Քթային արյունահոսությունը երեխաների մոտ

Քթային արյունահոսությունը երեխաների մոտ կարող է առաջացնել սաստիկ վախ ու անհանգստություն: Փորձեք հանգստացնել նրա վախը՝ համոզելով, որ քթից արյուն գալը տարածված և այլ երեխաների մոտ ևս հանդիպող երևույթ է: Դա չի նշանակում, որ նրանք հիվանդ են և շուտով ամեն ինչ լավ կլինի:

Երեխաները նաև երբեմն փորձում են փոքր առարկաներ մտցնել իրենց քթի խոռոչը: Եթե տեղ է գտել նման բան, ապա մի փորձեք ինքնուրույն հանել օտար մարմինը, այլ դիմեք բժշկին:

Իմացե՛ք ավելին օտար մարմնով պատճառված քթային արյունահոսության մասին:

Կրկնվող քթային արյունահոսություններ

Կրկնվող քթային արյունահոսությունները կարող են լրացուցիչ անհանգստության տեղիք տալ, սակայն դրանք սովորաբար անվնաս են: Այնուամենայնիվ, տեղեկացրեք ձեր մտահոգության մասին բժշկին, ով գուցե ձեռնարկի արյունահոսությունների պատճառ հանդիսացող հավանական հիվանդությունների հայտնաբերման ախտորոշիչ գործընթացներ:

Եթե կրկնվող քթային արյունահոսությունը դառնում է խնդիր, ձեզ կարող են առաջարկել բուժում, օրինակ՝ քթի արյունատար անոթի այրում: Զրուցեք ձեր բժշկի հետ բուժման տարբեր մեթոդների և դրանց արդյունավետությունների մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 04-06-2019
Վերջին վերանայում՝ 08-04-2024