Գրադարան

Գիրություն. բարդություններ

Գիրություն. բարդություններ

Time Read 2 րոպե

Գիրություն կամ ճարպակալում ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ առնչվեն մի շարք լուրջ առողջական խնդիրների զարգացման հետ:

  • Սրտային հիվանդություն և ինսուլտներ. գիրությունը մեծացնում է բարձր արյան ճնշման և խոլեսթերինի բարձր մակարդակների հավանականությունը, որոնք սրտային հիվանդության և ինսուլտի ռիսկի գործոններ են:
  • 2-րդ տիպի դիաբետ. գիրությունը կարող է ազդել այն բանի վրա, թե ինչպես է օրգանիզմն օգտագործում ինսուլինը արյան շաքարի մակարդակը վերահսկելու համար: Սա բարձրացնում է ինսուլինակայունության և դիաբետի ռիսկը:
  • Որոշ քաղցկեղներ. գիրությունը կարող է բարձրացնել արգանդի, արգանդի վզիկի, էնդոմետրիումի, ձվարանների, կրծքագեղձի, հաստ աղիքի, ուղիղ աղիքի, կերակրափողի, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, երիկամի և շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:
  • Մարսողական խնդիրներ. գիրությունը մեծացնում է այրոցքի, լեղապարկի հիվանդության և լյարդի հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը:
  • Քնի ապնոէ. գիրություն ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ ունենան քնի ապնոէ՝ պոտենցիալ լուրջ խանգարում, որն ընթանում է քնած ժամանակ շնչառության կրկնվող դադարներով:
  • Օստեոարթրիտ. գիրությունը բարձրացնում է ծանրաբեռնվածություն կրող հոդերի վրա դրված լարվածությունը՝ ի լրումն բորբոքման խթանման: Այս գործոնները կարող են հանգեցնել այնպիսի բարդությունների, ինչպիսին է օստեոարթրիտը:
  • COVID-19-ի ծանր ախտանիշներ. գիրությունը բարձրացնում է ծանր ախտանիշների առաջացման ռիսկը, եթե դուք վարակվեք COVID-19-ով: COVID-19-ի ծանր դեպքերը կարող են պահանջել բուժում վերակենդանացման բաժանմունքներում:

Կյանքի որակ

Գիրությունը կարող է նվազեցնել կյանքի ընդհանուր որակը: Հնարավոր է, որ դուք չկարողանաք զբաղվել այնպիսի ֆիզիկական գործերով, որոնք նախկինում ձեզ հաճույք էին պատճառում: Դուք նաև կարող եք խուսափել հասարակական վայրերից։ Գիրություն ունեցող մարդիկ կարող են նույնիսկ առնչվել խտրականության խնդիրներին:

Ավելորդ քաշի հետ կապված այլ խնդիրները, որոնք կարող են ազդել ձեր կյանքի որակի վրա, ներառում են՝

  • ընկճվածություն (դեպրեսիա)
  • անկարողություն
  • ամոթի և մեղքի զգացումներ
  • սոցիալական մեկուսացում
  • աշխատանքային արտադրողականության նվազում:

Հոդվածը տեղադրվել է՝ 28-04-2021 վերանայվել է՝ 08-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով