Գրադարան

Օտար մարմին աչքում

Օտար մարմին աչքում

Time Read 4 րոպե

Աչքի մեջ պատահաբար հայտնված օտար մարմինը կարող է առաջացնել ոչ միայն տհաճ զգացողություն, այլև՝ տարբեր հետևանքներ ու բարդություններ:

Դուք կարող եք փորձել հեռացնել աչքում հայտնված օտար մարմինը՝ լվանալով այն մաքուր գոլ ջրով: Սակայն պետք չէ փորձել ինքնուրույն հեռացնել աչքի օտար մարմինը բամբակով, անձեռոցիկով կամ որևէ այլ կերպ: Նման դեպքերում անմիջապես դիմեք ձեր բժշկին, ով ըստ անհրաժեշտության կարող է հրավիրել նաև բժիշկ-մասնագետի՝ ակնաբույժի:

Ի՞նչ է աչքում օտար մարմինը

Այն ամենը, ինչը կարող է արտաքին միջավայրից հայտնվել ձեր աչքի մեջ կամ կոպի տակ, կարող է համարվել օտար մարմին՝ փոշու հատիկներ, մետաղական կամ փայտյա ծլեպներ (տաշեղ) և այլն: Նման իրավիճակի հետ կարող եք առնչվել տարբեր գործեր կամ աշխատանքներ կատարելիս՝ ատաղձագործական, այգեգործական կամ կենցաղային տարատեսակ զբաղմունքներ: Սովորաբար օտար մարմինները հայտնվում են աչքի կոպի տակ կամ եղջերաթաղանթի մակերևույթին:

Առաջին օգնություն

Եթե ձեր աչքի մեջ որևէ պատճառով հայտնվել է օտար մարմին, փորձեք զգուշորեն ողողել աչքը մաքուր ջրով կամ ստերիլ աղային լուծույթով: Դուք կարող եք պարզապես շփել ձեր աչքերն այս հեղուկներով կամ ջրի թույլ շիթը պահել տվյալ աչքի վրա: Աչքի նման լվացումը կարող է հեռացնել փոքր օտար մարմինները, որոնք չեն մխրճվել ակնագնդի մեջ:

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե չեք կարող լվանալ ձեր աչքը, կարծում եք, որ անօգուտ է կամ ձեր փորձերն անհաջող են, պետք է առանց հետաձգելու, առնվազն 24 ժամվա ընթացքում կապ հաստատել ձեր բժշկի հետ:

Դուք պետք է այցելեք բժշկին կամ նրա խորհրդով՝ ակնաբույժին, եթե՝

  • տվյալ աչքի ցավերն աստիճանաբար ուժեղանում են կամ ի սկզբանե սաստիկ են
  • նկատում եք տեսողության որևէ խանգարում, հատկապես, եթե առկա է տեսողության կտրուկ կորուստ
  • ձեր տեսողությունը դառնում է մշուշոտ կամ տեսադաշտում հայտնվում են սև բծեր կամ կետեր
  • առկա է աչքից արտադրություն, հատկապես՝ դեղնավուն կամ արյունային
  • առաջանում է մարմնի ջերմաստիճանի բարձրացում:

Աչքում օտար մարմնի բարդությունները

Աչքի վնասվածքների մեծ մասը կարող է ինքնուրույն լավանալ: Սակայն, եթե օտար մարմինը չի հեռացվում, կարող է առաջացնել վարակում կամ սպիացում (շարակցական հյուսվածքի գերաճ): Ձեր աչքի մակերեսին առաջացած սպին կարող է չապաքինվել և առաջացնել խոց:

Եթե օտար մարմինը ծակել կամ քերծել է ձեր աչքի եղջերաթաղանթը, աչքը կարող է լրջորեն վնասվել՝ հասցնելով անգամ կուրության:

Դուք կարող եք նշել՝

  • սուր կամ այրոցանման ցավ
  • կարմրած, գրգռված կամ ջրակալված աչքեր
  • լույսի կամ պայծառ լույսի նկատմամբ գերզգայունություն
  • թարթելիս աչքում քերծվածքի զգացողությունւ
  • արյունահոսություն
  • կոպը բացելու անհնարինություն
  • այտուց:

Առանց ուշացնելու դիմեք ձեր բժշկին, եթե ձեզ մոտ զարգացել է վերոնշյալ գանգատներից կամ նշաններից մեկնումեկը:

Աչքում օտար մարմնի ախտորոշումը և բուժումը

Նախ, բժիշկը (ակնաբույժ) կստուգի ձեր տեսողությունը: Եթե կասկած կա, որ օտար մարմինը ծակել-մտել է ակնագունդ, նա կարող է նշանակել ռենտգեն կամ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ): Այնուհետև նա կհեռացնի օտար մարմինը:

Աչքի մակերեսային քերծվածքները կարող են ինքնուրույն լավանալ: Նման դեպքերում բժիշկը կառաջարկի, որ մի քանի օր վնասված աչքը ծածկեք մաքուր վիրակապով:

Եթե աչքի մեջ հայտնվել է քիմիական նյութ, բժիշկը կլվանա վնասված աչքը և կառաջարկի որևէ ցավազրկող: Ամենայն հավանականությամբ դուք կուղեգրվեք ակնաբույժի խորհրդատվության:

Աչքը լավանալու ընթացքում հետևեք այս խորհուրդներին:

  • Փորձեք չդիպչել աչքին, չքորել կամ չտրորել այն, նույնիսկ եթե զգում եք ուժեղ քոր, այլապես կարող եք գրգռել այն և սաստկացնել ցավն ու քորը:
  • Խուսափեք ձեր աչքերին կեղտոտ ձեռքերով կամ մատներով դիպչելուց, այլապես կարող եք վարակել այն: Եթե կա աչքերին հպվելու կամ բժշկի խորհրդով որևէ միջամտության անհրաժեշտություն, նախապես լվացեք ձեռքերը տաք օճառաջրով, լավ պարզաջրեք ու լիարժեք չորացրեք:
  • Ցավերի դեպքում հարցրեք բժշկից, թե ինչ ցավազրկող դեղամիջոց է խորհուրդ տալիս՝ ելնելով առկա խնդրից, ձեր ընդհանուր առողջական վիճակից և այլ հիվանդությունների կապացությամբ ընդունվող դեղերից:
  • Եթե աչքի սպիտակենու վրա հայտնաբերում եք արյունազեղում, վնասված աչքի վրա պահեք մաքուր սրբիչով փաթաթված սառցեպարկ, որը կարող է նվազեցնել այտուցը և մեղմացնել բորբոքումը:
  • Եթե կրում էիք կոնտակտային լինզա, պետք է ժամանակավորապես հրաժարվեք դրանից, քանի դեռ ձեր աչքը լիովին չի ապաքինվել:
  • Դեպքից հետո առաջին մի քանի օրվա ընթացքում օգտագործեք մուգ ապակիներով (արևային) ակնոց, որը կարող է կանխել վնասված աչքի լուսային և այլ գրգռումները:

Աչքում օտար մարմնի կանխարգելումը

Եթե աշխատում եք մի միջավայրում, որտեղ կա փայտի փոքր կտորներով (տաշեղ), փոշիով, մետաղե մանր թելիկներով, մասիկներով կամ քիմիական նյութերով վնասելու ռիսկ, շատ կարևոր է, որ կրեք պաշտպանիչ և աշխատանքային հարմարանքներ, օրինակ՝ պաշտպանիչ ակնոց, պաշտպանիչ վահանակ կամ մգեցված ապակիով սաղավարտ: Եթե ձեր աշխատավայրում չեն տրամադրում նման միջոցներ, պահանջեք դրանք ձեր գործատուից:

Աչքերը պաշտպանող միջոցները նաև պետք է օգտագործել տանը կամ այգում, եթե ինչ-որ գործ անելիս հնարավոր է, որ պատահաբար վնասեք ձեր աչքերը:

Հնարավորության դեպքում սովորեցրեք ձեր երեխաներին, որ չփորձեն տարբեր առարկաներ մտցնել իրենց աչքը: Համոզվեք, որ մինչև 3 տարեկան երեխաները չեն կարող հասնել մարտկոցներին (այդ թվում՝ փոքր կոճակներին), ասեղներին կամ քորոցներին, մետաղադրամներին, գրիչներին, մատիտներին և դրանց կափարիչներին:

Դուք նաև կարող եք՝

  • ձեր երեխայի համար ընտրել իր տարիքին համապատասխանող խաղալիքներ
  • ուշադիր լինել, որ խաղալիքները չունենան հեշտ պոկվող կամ քանդվող փոքր մասեր
  • քաջալերել տարիքով ավելի մեծ երեխաներին, որ խաղալիքները պահեն տարիքով ավելի փոքր երեխաներից հեռու և անհասանելի տեղերում
  • թաքուն վերահսկել մինչև երեք տարեկան երեխաներին, եթե նրանք իրենց ձեռքն են վերցնում փոքր առարկաներ կամ մթերքներ, օրինակ՝ սիսեռ, լոբի կամ ձմերուկի կորիզներ:

Հոդվածը տեղադրվել է՝ 07-05-2020 վերանայվել է՝ 11-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով