Skip to main content

Օտար մարմին քթում - Օտար մարմին

Քթի խոռոչում պատահաբար հայտնված օտար մարմինը կարող է պատճառել դժվարաշնչություն և այլ բարդություններ, ուստի այսպիսի իրավիճակներում պետք է անհապաղ դիմել բժշկի։

Ի՞նչ է քթում օտար մարմինը

Երեխաները սիրում են փորձարկումներ անել և հաճախ այդ նպատակի համար օգտագործում են իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել իրենց քիթը, որն էլ կարող է քթի խոռոչում անշարժանալ կամ վնասել քթային անցուղիները: Դուք կարող եք չիմանալ կամ գլխի չընկնել, որ ձեր երեխայի քթի խոռոչում օտար մարմին կա:

Եթե կարծում եք, որ ձեր երեխայի քթի մեջ օտար մարմին է հայտնվել, առանց հետաձգելու այցելեք բժշկին: Եթե օտար մարմինը պարունակում է որևէ քիմիական միացություն (օրինակ՝ փոքրիկ մարտկոցներ) կամ լոբի, ոլոռ կամ սիսեռ է (որը կարող է խոնավությունից ուռչել), անհապաղ այցելեք մոտակա անհետաձգելի բուժօգնության ծառայություն կամ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:

Երեխայի քթային անցուղիներում հաճախ ֆիքսվում (անշարժանում) են այս առարկաները՝

  • ուլունքներ
  • կոնֆետներ
  • փոքր խաղալիքներ կամ խաղալիքի մասեր
  • սննդամթերքի մասեր:

Ե՞րբ է պետք դիմել բժշկին

Եթե երեխայի քթի խոռոչում կա օտար մարմին, մի՛ փորձեք ինքնություն հեռացնել այն, քանի որ դուք կարող եք ավելի բարդացնել իրավիճակը, օրինակ՝ վնասել երեխայի քթային անցուղիները կամ ավելի խորացնել այդ առարկան: Դրա փոխարեն ճիշտ կլինի անմիջապես դիմել մոտակա բժշկական կենտրոն:

Եթե քթի անցուղիներում հայտնված օտար մարմինը փոքրիկ մարտկոց է, որը կարող է այրել կամ քայքայել քթի լորձաթաղանթը կամ ոլոռազգի հատիկ, որը խոնավ միջավայրում կարող է ուռչել-մեծանալ, առաջ է գալիս անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտություն:

Ինչպե՞ս է քթի օտար մարմինն ախտորոշվում

Բժիշկը կարող է զննել քթի խոռոչը ազատ ծայրին լույսի աղբյուր ունեցող հատուկ սարքի՝ ռինոսկոպի միջոցով: Որոշ դեպքերում արտաքինից լավ չերևացող առարկաների ձևը, չափսերն ու տեղակայումը ճշտելու համար բժիշկը կարող է նշանակել համակարգչային շերտագիր (ԿՏ):

Ինչպե՞ս է քթի օտար մարմինը բուժվում

Եթե կարծում եք, որ ձեր քթի խոռոչում առկա է անշարժացած օտար մարմին, ապա կարող եք մատով փակել մյուս քթանցքը և փորձել տվյալ քթով կտրուկ արտաշնչել և դուրս փչել այն: Եթե այս ձևով օտար մարմինը դուրս չի հրվում, դիմեք ձեր բժշկին:

Քիթ-կոկորդ-ականջաբանը կարող է քթուղիներից օտար մարմինը հեռացնել հատուկ գործիքի միջոցով: Երեխաների դեպքում գուցե նրանց քիչ հանգստացնելու կամ թեթև քնեցնելու անհրաժեշտություն ծագի:

Խուսափեք քթով շնչելուց, հատկապես՝ խոր ներշնչելուց, որ նվազեցնեք օտար մարմնի էլ ավելի խորանալը: Անհանգստացնող ցավերի դեպքում կարող եք բժշկի խորհրդով ընդունել որևէ սովորական ցավազրկող հաբ:

Եթե զարգանում են քթի խոռոչի վարակման նշաններ, ապա՝

  • մի՛ փորձեք կանգնեցնել կամ կանխարգելել քթային հեղուկ արտադրությունը
  • մի՛ փորձեք մաքրել քթի խոռոչում առկա հեղուկը կամ արտադրությունը
  • ըստ անհրաժեշտությամբ զգուշությամբ փափուկ անձեռոցիկով մաքրեք միայն քթից դուրս եկած արտադրությունը
  • անմիջապես աղբարկղը նետեք օգտագործված անձեռոցիկը
  • կանոնավոր կերպով լվացեք և չորացրեք ձեր ձեռքերը, որ կանխարգելեք վարակի տարածումը:

Կարո՞ղ է արդյոք քթի օտար մարմինը կանխարգելվել

Հնարավորության սահմաններում սովորեցրեք ձեր երեխային, որ չփորձի իր քիթը մտցնել որևէ առարկա: Հիշեք, որ D չափի մարտկոցից ավելի փոքր ցանկացած առարկա կարող է փոքրահասակ երեխայի շնչահեղձության պատճառ դառնալ: Համոզվեք, որ մինչև 3 տարեկան ձեր երեխաների համար մարտկոցները (հատկապես փոքր «կոճակները»), ասեղները, անգլիական քորոցները, մետաղադրամները, գնդիկավոր գրիչների և մարկերների կափարիչները, փոքրիկ գնդիկները և այլ փոքր առարկաները ֆիզիկապես մատչելի չեն:

Դուք կարող եք նաև՝

  • երեխայի համար ընտրել միայն իր տարիքին համապատասխան խաղալիքներ
  • ուշադիր լինել, քանի որ խաղալիքները կարող են ունենալ հեշտ պոկվող կամ առանձնացող փոքր մասեր
  • ավելի մեծ երեխաներին հիշեցնել և խրախուսել, որ իրենց խաղալիքները պահեն ավելի փոքր երեխաներից հեռու և անհասանելի տեղերում
  • երեխայից աննկատ հսկել խաղալիքների հետ խաղալը:

Ի՞նչ բարդություններ կարող են առաջացնել քթուղիներում հայտնված օտար մարմինները

Քթի անցուղիներում հայտնված օտար մարմինը կարող է աննկատ մնալ մինչև որոշ ախտանիշների զարգանալը: Օրինակ, օտար մարմինը կարող է առաջացնել վարակում կամ քթային արյունահոսություն:

Քթի խոռոչի վարակի նշաններից են՝

  • քթի ներսում կամ հարքթային կամ այտերի շրջանում ցավերի առաջացում
  • քթահոսություն՝ քթից դեղնավուն, կանաչավուն, իսկ երբեմն՝ արյան հետքեր պարունակող և տհաճ հոտով արտադրություն
  • քթանցքի շուրջը կարմրություն և այտուցվածություն
  • քթի փակվածության զգացում:

Օտար մարմինը հեռացնելուց հետո վարակային բարդության վտանգը մնում է, հատկապես քթուղիներում առարկայի երկար մնալու պայմաններում (օրինակ, եթե այն ուշ է հայտնաբերվել):

Նույնիսկ եթե օտար մարմինը հեռացվել է, ձեր բժշկին այցելելը մնում է կարևոր, եթե առկա է՝

  • քթային արյունահոսություն
  • քթային արտադրություն
  • քթանցքից ներքև՝ ցանավորում
  • հարքթային ծոցերի ճնշվածության զգացում:

Քթուղիների օտար մարմնի մեկ այլ բարդություն է այդ առարկայի պատահական ասպիրացիան, երբ ներշնչելիս այն հայտնվում է կոկորդում կամ ավելի ներքև: Նման դեպքերում կարող է զարգանալ հանկարծակի շնչարգելություն, հազ կամ կողքից լսվող խզզոցներ:

Զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն կամ խնդրեք մեկնումեկին անել դա, եթե՝

  • ունեք այնպիսի հևոց, որ դժվարանում եք խոսել
  • ձեր շնչառությունը կտրուկ հաճախացել է, իսկ շնչելը պահաջնում լրացուցիչ ջանքեր
  • զգում եք, որ ձեր աչքերի դեմը սևանում է, իսկ գիտակցությունը՝ մթագնում:

Իմացե՛ք ավելին շնչուղիներ ասպիրացված օտար մարմնի առաջին բուժօգնության մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 20-04-2020
Վերջին վերանայում՝ 08-04-2024