Skip to main content

Ժամանցային (ակումբային) թմրամիջոցներ -

Երբ մասնակցում եք որևէ խնջույքի, տոնակատարության կամ համերգի, ձեզ կարող են առաջարկել թմրամիջոց՝ խոստանալով, որ դուք կունենաք երբևէ չտեսած ժամանց:

Ձեզ նման առաջարկություն անողները ճիշտ են միայն մեկ հարցում՝ դուք գուցե ունենաք հետաքրքիր և տարաբնույթ զգացողություններով, զգացումներով և հույզերով լի երեկո, սակայն նրանք երբեք ձեզ չեն տեղեկացնի, որ առաջարկում են ապօրինի թմրամիջոցներ, որոնք հաճելի ազդեցություններից բացի ձեզ կարող են պատճառել տարաբնույթ խնդիրներ:

Երբ դուք որոշում եք կայացնում՝ օգտագործել այս նյութերը, թե ոչ, կարևոր է, որ իմանաք ձեր քայլի հետ կապված բոլոր վտանգներն ու հնարավոր խնդիրները:

Ժամանցային թմրամիջոցները կոչվում են նաև ակումբային: Դրանք պատկանում են հետևյալ երեք խմբերին՝

  • ընկճող նյութեր (դեպրեսանտներ), օրինակ՝ գամա հիդրօքսիլբուտիրատ (ԳՀԲ) և մարիխուանա (կանեփ)
  • խթանող նյութեր (ստիմուլյանտներ), օրինակ՝ կոկաին (կոկ, չարլի), ամֆետամիններ (սպիդ) և մեթիլամֆետամիններ (սառույց, բյուրեղային մեթ)
  • ցնորածին նյութեր (հալյուցինոգեններ), օրինակ՝ ԼՍԴ (թթու) և ՄԴՄԱ (էքստազի):

Ինչպե՞ս կարող են ժամանացային թմրամիջոցներն ազդել ձեր առողջության վրա

Ժամանցային կամ ակումբային թմրամիջոցները կարող են բացասաբար ազդել ձեր հոգեկան և ֆիզիկական առողջության, մարդկանց հետ փոխհարաբերությունների և, ընդհանուր առմամբ, ձեր կյանքի վրա: Ահա ժամանցային թմրամիջոցների վնասակարության վերաբերյալ մի շարք տվյալներ:

Ի տարբերություն պատրաստի դեղերի, ժամանցային թմրամիջոցները չեն անցնում որակի հսկման գրծընթացներով, քանի որ ապօրինի են: Սա նշանակում է, որ իրականում դուք չգիտեք, թե ճշգրիտ ինչ քանակի և ուժգնության թմրամիջոց եք ընդունում և ինչ հավելյալ այլ նյութեր կամ թմրամիջոցներ են պարունակվում ձեր ընդունած հաբում: Օրինակ, էքստազին կարող է պատրաստված լինել չորացնող լուծիչների կամ մարտկոցի թթվի օգտագործմամբ կամ սովորական թվացող դեղաչափն ընդունելիս առնչվեք կյանքին սպառնացող ծանր գերդոզավորման խնդրին:

Թմրամիջոցների մաքրության խնդրից բացի, ապօրինի թմրամիջոց օգտագործելով, դուք շրջանցում եք օրենքը: Ապօրինի թմրամիջոց օգտագործելուց կարող եք պատժվել տուգանքով, վարորդական իրավունքից զրկվելով և նույնիսկ բանտարկությամբ: Լրացուցիչ խնդիր կարող են ծագել, եթե որոշեք արտերկիր ուղեվորվելիս վերցնել ձեր ապօրինի թմրամիջոցը:

Հաջորդն այս թմրամիջոցների հետ կապված ֆիզիկական և հոգեկան առողջության խնդիրներն են՝ ինքնազգացողության վատացում, դող և սարսուռ, սրտխառնոց և գլխացավեր: Դուք կարող եք զգալ շփոթվածություն, տագնապ, հոգեշարժական գրգռվածություն, թշնամություն և նույնիսկ ընկնեք փսիխոտիկ վիճակի մեջ: Որոշ թմրամիջոցներ կարող են բարձրացնել ձեր սեռական ցանկությունները՝ դրդելով այնպիսի ռիսկային արարքների, որոնց դուք նորմալ վիճակում չէիք դիմի:

Թմրամիջոցների ազդեցությունը թուլանալիս կարող եք զգալ զրկանքի ախտանիշներ, այդ թվում՝ անուժություն, հոգնածության զգացում և գերգրգռվածություն:

Կարո՞ղ են արդյոք ժամանցային թմրամիջոցները հակում առաջացնել

Ժամանցային որոշ թմրամիջոցներ օժտված են հակում և կախվածություն առաջացնելու ուժեղ ունակությամբ: Հակումն ու կախվածությունն իրենց հերթին կարող են մարդուն դրդել օրինազանց արարքների:

Ընդհանուր առմամբ, թմրամիջոցների օգտագործման և հոգեկան առողջության խնդիրների, մասնավորապես, հոգեկան հիվանդությունների միջև առկա կապը վաղուց արդեն ապացուցված փաստ է: Ապօրինի, այդ թվում՝ ժամանցային թմրամիջոցները կարող են՝

  • բարձրացնել հոգեկան խանգարումների զարգացման ռիսկը
  • նպաստել (հրահրել) հոգեկան առողջության խանգարման դրվագի դրսևորմանը, հատկապես ժառանգական նախատրամադրվածության պայմաններում:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024