Skip to main content

Առնանդամի վնասվածք և ցավ - Տղամարդկանց առողջություն

Վնասվածքի ենթարկված առնանդամի փափուկ հյուսվածքները կարող են արյունալեցվել և այտուցվել՝ ինչպես էրեկցիայի ժամանակ:

Նման դեպքերում առնանդամը դառնում է նաև խիստ ցավոտ:

Առնանդամի գլխիկը, ծայրային թլիպը և փոշտը (ամորձապարկ) ունեն մեծ զգայունություն, ուստի վնասվելիս կարող են դառնալ այտուցված, բորբոքված և ցավոտ: Ավելի հազվադեպ, առնանդամի ցողունը և գլխիկը կարող են այտուցվել այն պատճառով, որ որովայնում կուտակված հեղուկը ծանրության ուժի ազդեցությամբ իջնի ներքև:

Առնանդամի ծայրին կամ մեզում արյան առկայությունը կարող է վկայել լուրջ վնասվածքի մասին: Եթե ձեզ անհանգստացնում է առնանդամի այտուցվածությունը կամ ցավը, դիմեք բժշկին:

Ի՞նչը կարող է պատճառել առնանդամի վնասվածք, այտուցվածություն կամ ցավ

Առնանդամը կարող է վնասվել սեռական հարաբերության ընթացքում, քերծվելիս, կծվելիս կամ խայթվելիս, այրվելիս, հարված ստանալիս կամ միզուկի մեջ մտցված առարկաներից առաջացած ներքին վնասվածքից: Երբեմն քսուքների և լոսյոնների հետ շփումը նույնպես կարող է առաջացնել տեղային ալերգիկ ռեակցիա՝ առաջացնեկլով առնանդամի ցավոտ այտուցվածություն:

Դուք կարող եք ճմլել («կոտրել») ձեր առնանդամը, եթե էրեկցված («կանգնած») վիճակում չափից մեծ ուժ գործադրեք, այդ թվում՝ սեռական հարաբերության կամ մաստուրբացիայի (ձեռնաշարժություն) ժամանակ: «Կոտրված» առնանդամը պահանջում է անհետաձգելի վիրաբուժական միջամտություն, ցանկալի է՝ վնասվելուց հետո առաջին 6 ժամվա ընթացքում:

Առնանդամը նաև կարող է պնդանալ և այտուցվել Պեյրոնիի հիվանդության ժամանակ: Այս վիճակն առաջացնում է առնանդամի ցավոտություն, պնդացում և ճկունության նվազեցում: Պեյրոնիի հիվանդությունը սովորաբար ինքնուրույն լավանում է:

Ինչպե՞ս օգնեմ ինքս ինձ

Եթե ձեր առնանդամն այտուցվել, վնասվել կամ ցավոտ է, մինչև բուժօգնության դիմելը կարող եք նախաձեռնել որոշ գործողություններ:

  • Եթե առկա է որևէ արյունահոսություն, մատներով առնվազն 10 րոպե սեղմեք արյունահոսող շրջանը:
  • Մի՛ փորձեք ինքնուրույն հեռացնել սեռական օրգանի մեջ հայտնված օտար մարմինը, քանի որ կարող եք ավելի վնասել կամ առաջացնել լուրջ արյունահոսություն: Շատ կարևոր է, որ ցանկացած օտար մարմին հեռացվի միայն բժշկի կողմից:
  • Եթե առկա է առնանդամը կամ փոշտը սեղմող որևէ ներքնազգեստ կամ այլ բան, պետք է անհապաղ հեռացնել դրանք, եթե հնարավոր է դա անել առանց ձեզ վնասելու:
  • Սառցեպարկը կարող է մեղմացնել այտուցվածությունը, բայց չի կարելի այն անմիջապես դնել մաշկի վրա: Փորձեք փաթաթել սառույցի կտորները մաքուր բարակ (օրինակ՝ թեյի) սրբիչով և զգուշությամբ հպել կամ փաթաթել այտուցված տեղամասի շուրջը:
  • Մի՛ փորձեք առնանդամը կամ փոշտը փաթաթել որևէ բանով, այդ թվում՝ բինտ, ժտուգ կամ կպչուն սպեղանի:
  • Մի՛ փորձեք վնասված կամ այտուցված շրջանի համար օգտագործել որևէ կրեմ, լոսյոն կամ տանը պատրաստված այլ միջոց:
  • Փոքր կտրված կամ քերծված վերքերը կարող են ժամանակավորապես ծածկվել մաքուր, չոր թանզիֆով (բինտային վիրակապ):
  • Պաշտպանեք վնասված շրջանը հնարավորինս լավ ու երկար, որպեսզի խուսափեք հետագա վնասումից կամ վնասվածքից՝ մինչև բժշկին դիմելը:
  • Խուսափեք սեռական հարաբերություններից, մաստուրբացիայից և հնարավորություն տվեք, որ առանանդամը «հանգստանա» և վերականգնվի:
  • Հագեք կիպ ներքնազգեստ, որպեսզի օժանդակեք ցավոտ շրջանը:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 08-04-2024