Գրադարան

Թունավորում

Թունավորում

Time Read 2 րոպե

Թունավորումն այնպիսի նյութերի ներգործությանը ենթարկվելն է, որոնք կարող են վնասել մարդու առողջությունը և սպառնալ կյանքին:

Բժշկական փաստաթղթերում թունավորումները գրանցվում են որպես էկզոգեն սուր թունավորում (նշվելով հավանական թունավոր նյութի անվանումը):

Թունավորման դեպքերի մեծ մասը տեղի են ունենում տանը: Մինչև 5 տարեկան երեխաները ներկայացնում են պատահական թունավորման բարձր ռիսկի խումբ, ուստի համոզվեք, որ ձեր տան վնասակար կամ թունավոր նյութերը, այդ թվում՝ դեղերը, կենցաղային կամ լվացքի մաքրող միջոցները պահել եք ձեր երեխաների համար անհասանելի տեղերում:

Ինչպե՞ս կարող եմ թունավորվել

Թունավորման ամենահաճախ հանդիպող տարբերակը վնասաբեր նյութը կուլ տալն է, թեև կարող են տեղ գտնել նաև հետևյալ տարբերակները՝

  • վնասակար նյութի գոլորշիները շնչելը
  • վնասակար նյութ ներարկվելը
  • վնասակար նյութի շփում մաշկի հետ
  • վնասակար նյութի շփում լորձաթաղանթների հետ (աչքեր, բերանի խոռոչ)
  • թունավոր միջատների, օձերի, սարդերի և այլ կենդանիների խայթոց կամ կծոց:

Թունավորման ախտանիշները

Թունավորման ախտանիշները կախված են թույնի տեսակից, քանակից և խտությունից, ինչպես նաև թունավորված մարդու տարիքից, մարմնի զանգվածից և ընդհանուր առողջական վիճակից: Սակայն, ընդհանուր առմամբ, թունավորումները կարող են առաջացնել հետևյալ նշանները՝

  • ինքնազգացողության վատացում
  • փսխումներ
  • փորլուծություն
  • ցավեր ստամոքսի շրջանում
  • քնկոտություն, գլխապտույտ կամ թուլություն
  • բարձր ջերմություն (38°C-ից բարձր)
  • դող և սարսուռ
  • ախորժակի անկում
  • գլխացավ
  • գերգրգռվածություն
  • կլման դժվարություն (դիսֆագիա)
  • ուժեղ թքահոսություն կամ բերանի չորություն՝ կախված թույնի տեսակից
  • մաշկային ցան (և քոր)
  • քթի կամ բերանի շրջանում այրոցի զգացում
  • մշուշոտ տեսողություն, երկտեսություն (դիպլոպիա, բնորոշ է բոտուլիզմին)
  • ցնցումներ
  • կոմա (ծանր դեպքերում):

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե կասկածում եք, որ որևէ մեկն ունի դեղորայքային գերդոզավորում կամ թունավորվել է որևէ այլ նյութով, մի՛ փորձեք ինքներդ որևէ օգնող բուժիչ միջոցառումներ կազմակերպել և անմիջապես դիմեք բուժօգնության:

Եթե թունավորված անձի մոտ առաջ են եկել հաճախակի փսխումներ, քնկոտություն, գիտակցության կորուստ, ցնցումներ կամ առողջական լուրջ խնդիրների մասին վկայող այլ նշաններ, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:

Հոդվածը տեղադրվել է՝ 25-04-2018 վերանայվել է՝ 11-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: