Գրադարան

Տարիքային հեռատեսություն (պրեսբիոպիա)

Տարիքային հեռատեսություն (պրեսբիոպիա)

Time Read 2 րոպե

Տարիքային հեռատեսությունը բնական վիճակ է, երբ տարիքի հետ աչքերը կորցնում են բեկելու (ֆոկուս) ունակությունը:

Այս վիճակում դուք նշում եք, որ մոտ գտնվող առարկաների վրա տեսողությունը կենտրոնացնելը կամ ընթերցելը դարձել են դժվար (լավ չեն երևում), սակայն շարունակում եք հստակ տեսնել և տարբերել առարկաները հեռավորության վրա: Նման դեպքում դուք ստիպված եք լինում դիտվող առարկան (գիրք, թերթ և այլն) հեռացնել աչքից:

Պրեսբիոպիան տարիքային նորմալ փոփոխության արդյունք է և սովորաբար ակնոցի կամ կոնտակտային լինզաների օգնությամբ հեռատեսությունը հեշտությամբ շտկվում է:

Տարիքային հեռատեսության պատճառները

Երբ դուք տարիք եք առնում, ձեր աչքերի ոսպնյակները դառնում են ավելի պինդ և պակաս ճկուն (էլաստիկ), որի պատճառով աչքի բնականոն բեկունակությունը շեղվում է, իսկ լույսի զուգահեռ ճառագայթներն աչքում բեկվելուց հետո կիզակետվում են աչքի ցանցաթաղանթի ետևում, այլ ոչ թե մակերեսին: Արդյունքում, դուք ավելի դժվարությամբ եք կարողանում ձեր տեսողությունը կենտրոնացնել մոտիկ առարկաների վրա:

Մարդիկ սովորաբար տեսողության այսպիսի շեղումներ նկատում են սկսած 40 տարեկանից:

Դուք կարող եք նշել, որ վատացել է տեսողությունը մոտ տարածության վրա, սկսել եք վատ տեսնել մանր տառերն ու թվերը, հատկապես վատ լուսավորվածության ժամանակ: Հեռատեսության ժամանակ նաև կարող են առաջանալ գլխացավեր՝ պատճառված աչքերի մշտական լարվածությամբ և հոգնածությամբ:

Տարիքային հեռատեսությունը սովորաբար վատթարանում է սկսած 65 տարեկանից: Չկա տարիքային այսպիսի փոփոխությունը կանխարգելելու որևէ միջոց:

Տարիքային հեռատեսության ախտորոշումը

Ձեր ակնաբույժը կարող է հայտնաբերել հեռատեսությունը՝ զննելով ձեր աչքերը և ստուգելով ձեր տեսողությունը: Ըստ անհրաժեշտության, նա կարող է ընտրել ձեր աչքերին համապատասխանող ակնոց կամ կոնտակտային լինզա:

Տարիքային հեռատեսությունը շարունակական գործընթաց է, ուստի կարիք է առաջանում յուրաքանչյուր 2-3 տարին մեկ կրկնակի ստուգել տեսողությունը և փոխել ակնոցը կամ լինզան:

Տարիքային հեռատեսության բուժումը

Սովորաբար հեռատեսությունն աչքի բեկող ուժը հզորացնող ուռուցիկ ապակիներով ակնոցի կամ կոնտակտային լինզաների օգնությամբ հեշտությամբ շտկվում է: Բազմաթիվ մարդկանց համար բավարար է սովորական կարդալու ակնոց կրելը, սակայն ակնաբույժը կարող է նշանակել նաև բիֆոկալ, բազմաֆոկալ կամ ավելի սպեցիֆիկ ոսպնյակներ:

Հեռատեսությունը շտկող ակնոց կրելը չի փոփոխում հեռատեսության ավելի խորացումը և չի թուլացնում ձեր աչքերը:

Հազվադեպ, կարող է առաջարկվել տեսողության շտկման վիրահատություն, որը, սակայն, երկարատև արդյունավետություն չունի: Խոսեք այդ մասին ձեր բժշկի հետ:

Հոդվածը տեղադրվել է՝ 20-06-2019 վերանայվել է՝ 11-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: