Skip to main content

Ախտանիշներ - Խոլանգիտ

Առաջնային սկլերոզացնող խոլանգիտը (ԱՍԽ) հաճախ ախտորոշվում է նախքան ախտանիշների ի հայտ գալը, երբ սովորական արյան թեստը կամ որևէ այլ առողջական վիճակի համար արված ռենտգենը ցույց է տալիս լյարդային շեղումներ:

Վաղ գանգատներն ու ախտանիշները հաճախ ներառում են՝

  • հոգնածություն
  • քորի առաջացում
  • դեղնած աչքեր և մաշկ (դեղնուկ)
  • որովայնային ցավ:

Բազմաթիվ մարդիկ, ում մոտ ախտորոշվել է ԱՍԽ, նախքան ախտանիշներ ունենալը, շարունակում են մի քանի տարի շարունակ ընդհանուր առմամբ իրենց լավ զգալ: Սակայն, չկա որևէ հուսալի միջոց՝ կանխատեսելու, թե որքան արագ կամ դանդաղ ինչ-որ մեկի մոտ կզարգանա հիվանդությունը:

Գանգատներն ու ախտանիշները, որոնք կարող են ի հայտ գալ հիվանդության հարաճուն զարգացման ընթացքում, ներառում են՝

  • ջերմություն
  • դող և սարսուռ
  • գիշերային քրտնարտադրություն
  • մեծացած լյարդ (հեպատոմեգալիա)
  • մեծացած փայծաղ (սպլենոմեգալիա)
  • քաշի կորուստ:

Սուր խոլանգիտի ախտանիշները

Երբ լյարդից լեղու արտահոսքը կտրուկ խանգարվում է (լեղու կանգ), զարգանում է սուր խոլանգիտ: Սա կյանքին վտանգ ներկայացնող վիճակ է, որը բնորոշվում է հետևյալ լրացուցիչ ախտանիշներով:

  • Մուգ մեզ. մեզի մգացումը պայմանավորված մեզում ուղղակի (կապված) բիլիռուբինիով (խոլուրիա), որի ավելցուկային քանակներն արյունից զտվում են երիկամներով և օրգանիզմից հեռացվում մեզով:
  • Մալաբսորբցիայի համախտանիշ. բարակ աղիում ճարպերի ներծծման սուր խանգարումը հանգեցնում է ստեատոռեայի (կղանքում ճարպի մեծ քանակություն), ինչես նաև ճարպալույծ վիտամինների (վիտամին A, D, E և K) ներծծման կրճատմամբ և դրանց սուր անբավարարությամբ (դեֆիցիտ):
  • Դռներակային (պորտալ) հիպերտենզիա. սա զարգանում է որպես ցիռոզի բարդություն և դրսևորվում է կերակրափողային կամ պորտային շրջանի լայնացած (վարիկոզ) երակներով, ինչպես նաև լյարդային էնցեֆալոպաթիայով:

Ե՞րբ դիմել բժշկին

Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ունեք ուժեղ, անբացատրելի քոր ձեր մարմնի մեծ մասում կամ համառ քոր, որը շարունակվում է, անկախ նրանից, թե որքան եք քորում: Նաև դիմեք ձեր բժշկին, եթե անընդհատ հոգնած եք զգում՝ անկախ նրանից, թե ինչ եք անում:

Հատկապես կարևոր է ձեր բժշկի ուշադրությունը հրավիրել անբացատրելի հոգնածության և քորի վրա, եթե ունեք խոցային կոլիտ կամ Կրոնի հիվանդություն, որոնք երկուսն էլ աղիների բորբոքային հիվանդության տեսակներ են: ԱՍԽ-ով մարդկանց մեծամասնությունը նաև ունի այս հիվանդություններից մեկնումեկը:

Հոդվածը հրապարակվել է՝ 31-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024