Skip to main content

Նկարագիր - Պրոստատիտ

Պրոստատիտը շագանակագեղձի հիվանդություն է, որը սովորաբար կապված է բորբոքման հետ:

Պրոստատիտը հաճախ առաջացնում է ցավոտ կամ դժվար միզարձակություն (դիզուրիա), ինչպես նաև ցավեր աճուկում, կոնքի կամ սեռական օրգանների շրջանում: Բակտերիալ վարակները առաջացնում են պրոստատիտի որոշ, բայց ոչ բոլոր դեպքերը:

Շագանակագեղձը (պրոստատ) մոտավորապես ընկույզի չափի կենտ գեղձ է, որը գտնվում է տղամարդկանց միզապարկի տակ: Այն շրջապատում է միզուկի վերին հատվածը, որով մեզը արտահոսում է միզապարկից: Շագանակագեղձը և սեռական այլ գեղձերը արտադրում են հեղուկ՝ սերմնահեղուկ, որը տեղափոխում է սպերմատոզոիդները սերմնաժայթքման ժամանակ:

Տեսակները

Սովորաբար տարբերում են պրոստատիտի չորս տեսակ:

  • Սուր բակտերիալ պրոստատիտ՝ շագանակագեղձի բակտերիալ վարակ, որը սովորաբար ընթանում է հանկարծակի, սուր ախտանիշներով:
  • Քրոնիկ բակտերիալ պրոստատիտ՝ մշտական կամ կրկնվող բակտերիալ վարակ, որը սովորաբար ընթանում է ավելի քիչ արտահայտված ախտանիշներով:
  • Քրոնիկ պրոստատիտ կամ կոնքային քրոնիկ ցավի համախտանիշ՝ մշտական կամ կրկնվող կոնքային ցավ և միզուղիների ախտանշաններ՝ առանց վարակի նշանների:
  • Ասիմպտոմատիկ (անախտանիշ) բորբոքային պրոստատիտ՝ բորբոքված շագանակագեղձի նշաններ առանց ախտանիշների:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-02-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024