Skip to main content

Աղջիկներ - Սեռահասունացում

Սեռահասունացումը տարիքային այն ժամանակաշրջանն է, երբ աղջնակը վերածվում է երիտասարդ կնոջ:

Բոլոր աղջիկներն էլ անցնում են մեծ փոփոխություններով լի կյանքի այս փուլը: Որոշ աղջիկների համար սա շատ հետաքրքիր և սպասված, մյուսների համար՝ բազմաթիվ հարցեր ծնող շրջան է: Ահա թե ինչ է պետք ակնկալել ձեր՝ որպես անհատի զարգացման այս տարիներին:

Ինչպե՞ս է մարմինը փոփոխվում

Սեռահասունացման շրջանում մարմինը սկսում է ձեռք բերել կնոջը հատուկ նշաններ: Կան սեռահասունացման մասին վկայող բազմաթիվ նշաններ: Ահա դրանցից ամենատարածվածները:

  • Դուք դառնում եք ավելի բոյով, և ձեր հասակը կարող է աճել շատ արագ:
  • Կրծքերի պտուկները կարող են ստանալ այտուցած տեսք և շոշափելիս քիչ ցավոտ լինել, ինչը նախանշում է կրծքագեղձերի զարգացման սկիզբը (սովորաբար 8-13 տարեկանում):
  • Մարմնի ներսում՝ փոքր կոնքում ձվարանները և արգանդը սկսում են մեծանալ:
  • Հեշտոցի շրջանում սկսում են աճել ցայլքային մազեր: Մազեր կարող են հայտնվել նաև անութափոսերում (թևատակեր): Դուք կարող եք նկատել, որ ձեր ոտքերը նույնպես թեթև մազակալել են: Ցայլքի շրջանի մազերը նախ լինում են նուրբ և ուղիղ, բայց հետագա ամիսներին դառնում հաստ և ծռմռված:
  • Ծլիկը (կլիտոր) դառնում է ավելի մեծ:
  • Դուք տեսնում եք ձեր առաջին դաշտանը (սովորաբար 10-14 տարեկանում):
  • Հեշտոցը սկսում է արտադրել անգույն կամ թույլ կաթնագույն հեղուկ (կոչվում է հեշտոցային արտադրուկ): Այս հեղուկի առկայությունը նորմալ երևույթ է: Այն մաքրում է հեշտոցի պատերը:
  • Մաշկը և մազերը կարող են դառնալ ավելի ճարպոտ, իսկ դեմքի և մարմնի այլ շրջանների մաշկի վրա կարող են հայտնվել պզուկներ (ակնե, կորյակ):
  • Դուք կարող եք զգալ, որ սկսել եք ավելի շատ քրտնել:
  • Դուք կարող եք դառնալ սովորականից ավելի էմոցիոնալ (հուզական) և այլ մարդկանց խոսքի նկատմամբ ավելի զգայուն:

Այս փոփոխությունները սովորաբար ընթանում են մոտավորապես 4 տարվա ընթացքում: Արդեն 16 տարեկան հասակում սեռահասունացման ֆիզիկական նշանների մեծ մասն ավարտվում է:

Ի՞նչ անել, եթե դաշտանը դեռ չի սկսվել

Աղջիկների մոտ դաշտանները հաճախ սկսվում են 10-14 տարեկանում: Եթե 16 տարեկան եք և դաշտան դեռ չեք տեսել, դիմեք ձեր բժշկին: Բժիշկը կզրուցի ձեզ հետ, կզննի, գուցե արյան որոշ թեստեր նշանակի՝ ճշտելու տարբեր հորմոնների մակարդակները: Հազվադեպ բժիշկը նաև կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություններ, օրինակ՝ փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա):

Դաշտանի հետ կապված հարցերը քննարկելիս հավանաբար ավելի անկաշկանդ կզգաք, եթե բժշկը կին է:

Աղջիկների մոտ դաշտանները կարող են սովորականից ավելի ուշ սկսվել տարբեր պատճառներով, որոնցից ամենատարածվածներն են՝

  • ժառանգական նախատրամադրվածություն, երբ որոշ ընտանիքներում դաշտաններն ավելի ուշ են սկսվում
  • ֆիզիկական գերլարվածություն, օրինակ՝ ֆիզիկական մարզանքներով կամ աերոբիկայով չափից դուրս շատ զբաղվելը
  • թերսնուցում և պակասորդային քաշ
  • սթրես
  • որոշ դեղամիջոցների ընդունում
  • ծանր քրոնիկ հիվանդություններ
  • հորմոնային շեղումներ:

Հոդվածը հրապարակվել է՝ 17-04-2018
Վերջին վերանայում՝ 07-04-2024