Skip to main content

Թոքերի ֆիբրոզ -

Թոքերի ֆիբրոզը տերմին է, որն օգտագործվում է նկարագրելու հազվադեպ հանդիպող մի շարք հիվանդություններ, որոնք ընթանում են թոքերի սպիացմամբ:

Սպիական հյուսվածքի վերածվող թոքերը ծավալով աճում ու պնդանում են՝ հարաճուն կերպով բերելով շնչառական խնդիրների:

Ի՞նչ է թոքերի ֆիբրոզը

Թոքերի ֆիբրոզը թոքային հիվանդություն է, երբ դրանց մանր օդախոռոչները՝ ալվեոլները վնասվում, հաստանում և սպիանում են: Սպիացած և կոշտացած թոքերը առաջացնում են շնչառության հետ կապված խնդիրներ, որի պատճառով զարգանում է քրոնիկ թթվածնաքաղց (հիպօքսիա), երբ արյունը չի հասցնում ստանալ բավարար քանակով թթվածին:

Թոքերի ֆիբրոզի պատճառները

Ավելի հաճախ ֆիբրոզի պատճառը մնում է անհայտ: Նման դեպքերում բժիշկները ձեր հիվանդությունն անվանում են իդիոպաթիկ թոքերի ֆիբրոզ (իդիոպաթիկը նշանակում է, որ պատճառն անհայտ է):

Որոշ մարդկանց մոտ ֆիբրոզի պատճառը կարող է հայտնաբերվել: Դրանցից են՝

  • ճառագայթային թերապիա (ռադիոթերապիա)
  • աշխատավայրում կամ միջավայրում վնասաբեր փոշիների շնչում
  • որոշ դեղերի երկարատև ընդունում, ինչպիսիք են քիմիոթերապիայի դեղերը և հակաբիոտիկները, ինչպես նաև ժամանցային (ակումբային) թմրամիջոցներ
  • գենետիկ գործոններ
  • թռչնաղբի կամ կենդանական աղբի հետ մշտական շփում:

Թոքերի ֆիբրոզի ռիսկի գործոնները

Ձեզ մոտ թոքերի ֆիբրոզի զարգացման հավանականությունը մեծանում է, եթե դուք՝

  • 60-ն անց եք
  • ծխում եք կամ ծխող եք եղել
  • ապրում եք ֆերմայում
  • աշխատում եք գյուղատնտեսական կամ անասնապահական ոլորտում
  • աշխատում եք այնպիսի միջավայրում, որտեղ շնչում եք փայտի, մետաղի, քարի կամ ավազի ծուխ կամ փոշի
  • ունեք թոքերի ֆիբրոզով ընտանիքի անդամ:

Թոքերի ֆիբրոզի ախտանիշները

Թոքային ֆիբրոզի ախտանիշներից են՝

  • շնչարգելություն, սկզբում՝ ֆիզիկապես ակտիվ պայմաններում, իսկ ավելի ուշ՝ նույնիսկ հանգիստ վիճակում
  • շարունակվող չոր, խեղդող հազ
  • կայուն ընդհանուր թուլություն
  • քաշի կորուստ
  • մատների ծայրային ֆալանգների կամ եղունգների հաստացում:

Քանի դեռ ֆիբրոզի բերող պատճառը չի բուժվում, հիվանդությունը հակում ունի աստիճանաբար վատթարանալու:

Թոքերի ֆիբրոզի ախտորոշումը

Եթե բժիշկը կասկածում է, որ ձեզ մոտ զարգացել է թոքերի ֆիբրոզ, կարող է ձեզ հետ զրուցել այն ամենի մասին, որոնք կարող են բացասաբար ազդել ձեր թոքերի առողջության վրա՝ աշխատանք և արտադրական արտանետումներ, ծխախոտի օգտագործում և այլն: Բժիշկը կարող է նշանակել տարբեր հետազոտություններ, այդ թվում՝

  • արյան թեստեր
  • կրծքավանդակային ռենտգեն
  • թոքի ֆունկցիոնալ թեստեր
  • թոքերի համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ ՄՌՏ:

Ըստ անհրաժեշտության, բժիշկը նաև կարող է առաջարկել բրոնխոսկոպիա, որի միջոցով հնարավոր կլինի նաև վերցնել մանրադիտակային հետազոտության համար անհրաժեշտ թոքային հյուսվածքի կամ բջիջների նմուշ: Այս միջամտությունն անցկացվում է թույլ քնաբերների կամ ընդհանուր անզգայացման ներքո:

Թոքերի ֆիբրոզի բուժումը

Թոքերի ֆիբրոզ ախտահարումը ենթադրում է տարբեր մասնագետներից կազմված բուժանձնակազմի կողմից բուժման նշանակում և հսկողություն: Բուժումը կարող է ներառել՝

  • դեղեր, օրինակ՝
    • սպիական փոփոխությունների զարգացումը դանդաղեցնող հաբեր
    • բորբոքումը վերահսկող դեղեր
    • շնչառությունը բարելավող աերոզոլներ
  • շնչառությանն օժանդակող թթվածնաբուժում
  • խիստ ծանր դեպքերում՝ թոքերի փոխպատվաստում:

Թոքային վերականգնողական ծրագիրը կարող է օգտակար լինել բազմաթիվ մարդկանց: Նման ծրագիրը ներառում է վարժանքներ, տեղեկատվություն, խորհրդատվություն և կարող է անցկացվել ֆիզիոթերապևտի, զբաղվածության թերապևտի կամ այլ հարակից մասնագետների կողմից:

Եթե ունեք տագնապ կամ դեպրեսիա, կարևոր է այցելել կլինիկական հոգեբանին (հոգեթերապևտ):

Օգտակար կարող է լինել նաև թոքերի ֆիբորզի բերող պատճառի բուժումը: Օրինակ, դեղերի երկարատև օգտագործմամբ պայմանավորված ֆիբրոզի դեպքում (Բլեոմիցին, Ցիկլոֆոսֆամիդ, Ամիոդարոն, Պրոկաինամիդ, Պենիցիլամին, ոսկու պատրաստուկներ, Նիտրոֆուրանտոին և այլն) պետք է հրաժարվել այդ դեղի օգտագործումից կամ բժշկի հետ խորհրդակցելով գտնել ավելի անվտանգ այլընտրանք:

Պալիատիվ օգնությունը կարող է օգնել ծանր թոքային ֆիբրոզով անձանց ախտանիշները կառավարելու և կյանքի որակը բարելավելու հարցում:

Հոդվածը հրապարակվել է՝ 02-02-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024