Skip to main content

Ուղիղաղիքային արյունահոսություն - Ախտանիշներ

Ուղիղաղիքային կամ հետանցքից արյունահոսությունն այն վիճակն է, երբ կղանքում նկատում եք արյուն կամ հետանցքից արյունահոսություն։

Նման իրավիճակներում արյունը ձեր օրգանիզմից դուրս է գալիս հետանցքով, ուստի արյունահոսության այս ձևերն անվանում են նաև հետանցք-ուղիղաղիքային։

Ուղիղաղիքային արյունահոսության պատճառները

Ուղիղաղիքային արյունահոսությունն ունի տարբեր պատճառներ։ Դրանցից ամենահաճախ հանդիպողներն են՝

  • փորկապություն
  • թութք (հեմոռոյ)
  • հետանցքի ճաք կամ խուղակ՝ հետանցքի և մաշկի միջև փոքր խողովակի առաջացում
  • հետանցքի կամ ուղիղաղիքային վնասվածք, օրինակ՝ դժբախտ պատահար, սեռական ոտնձգություն կամ ինքնավնասում
  • աղիքային վարակներ և գաստրոէնտերիտներ
  • աղիքային հիվանդություններ, օրինակ՝ պոլիպներ, դիվերտիկուլ, աղիների քաղցկեղ, Կրոնի հիվանդություն կամ խոցային կոլիտ
  • հետանցքային (անալ) սեռական հարաբերության ժամանակ ուղիղ աղիք ներթափանցած սեռական ճանապարհով փոխանցվող վարակ
  • պեպտիկ խոց (ստամոքսի կամ տասներկումատնյա աղու)։

Ուղիղաղիքային արյունահոսության ախտանիշները

Ինչպես հուշում է անվանումը, այս վիճակի գլխավոր նշանը հետանցք-ուղիղաղիքային արյունահոսությունն է կամ կղանքում արյան հայտնվելը։

Արյան գույնը կարող է հուշել, թե ստամոքս-աղիքային խողովակի որ շրջանում է ծագել արյունահոսությունը։

  • Թարմ և բաց կարմիր գույնի արյունահոսությունը վկայում է աղիքների ստորին՝ վերջնային և հետանցքին մոտ շրջաններում սկսված արյունահոսության մասին՝ թութք, հետանցքի ճաք և տեղային այլ խնդիրներ։
  • Թարմ կամ մուգ կարմիր գույնի և կղանքի հետ խառնված արյունահոսությունն ավելի հաճախ վկայում է հաստաղիքային ծագման մասին՝ առաջացած հաստ աղիներում տեղակայված պոլիպներից, աղիքի պատի այլ գերաճերից կամ վնասումից (օրինակ՝ հաստաղիքային քաղցկեղներ)։
  • Սևացած ու մազութանման կղանքը կարող է վկայել մարսողական ուղու վերին հատվածներում սկսված արյունահոսության մասին, օրինակ՝ պեպտիկ խոցային արյունահոսություններ։

Ե՞րբ դիմել բժշկին

Ուղիղաղիքային արյունահոսությունը կարող է լինել աննշան կամ մեղմ, սակայն կարող է դառնալ նաև առատ և կյանքին սպառնացող։

Եթե ուղիղաղիքային արյունահոսությունը թույլ է, ինքնուրույն անհետացող կամ կղանքում արյունն աննշան է, միևնույն է, դրանց հիմքում կարող են ընկած լինել լուրջ կամ ծանր հիվանդություններ, ուստի պետք է բոլոր դեպքերում տեղեկացնել ձեր բժշկին։

Ուղիղաղիքային արյունահոսությունը նաև կարող է լինել բավականին առատ և ուղեկցվել արյան սուր պակասին՝ անեմիայն բնորոշ այլ նշաններով, ինչպիսիք են ընդհանուր թուլությունւ, սրտխառնոցը, գլխապտույտը կամ ուշագնացությունը։ Նման իրավիճակներում պետք է անհապաղ զանգել 1-03 և կանչել շտապ օգնություն կամ այցելել մոտակա անհետաձգելի կամ վիրաբուժական բաժանմունք։

Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2018
Վերջին վերանայում՝ 07-04-2024