Գրադարան

Ռախիտ

Ռախիտ

Time Read 3 րոպե

Ռախիտը ոսկրային հիվանդություն է, որը դրսևորվում է դրանց փափկացմամբ և փխրունացմամբ:

Այն հանդիպում է միայն վաղ մանկական և հազվադեպ՝ անչափահաս տարիքի երեխաների մոտ: Հիվանդությունն ընթանում է ոսկրերի փափկության բարձրացմամբ, որի պատճառով դրանք ձևափոխվում են:

Ռախիտի պատճառները

Ռախիտը զարգանում է վիտամին D-ի անբավարարության պատճառով և հանդիպում է միայն աճման շրջանում գտնվող մանուկների (հազվադեպ՝ ավելի բարձր տարիքի երեխաների) մոտ:

Վիտամին D-ն մեր օրգանիզմում հանդես է գալիս երկու տարատեսակներով՝ էրգոկալցիֆերոլ (D2 վիտամին) և խոլեկալցիֆերոլ (D3 վիտամին): Օրգանիզմը էրգոկալցիֆերոլ հիմնականում ստանում է սննդի հետ միասին, իսկ խոլեկալցիֆերոլը առաջանում է մաշկում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ: Վիտամին D-ն դառնում է կենսաբանորեն ակտիվ միայն լյարդում որոշակի նյութափոխանակության ենթարկվելուց և 1,25 դիհիդրոքսիխոլեկալցիֆերոլի փոխակերպվելուց հետո:

D վիտամինի դեֆիցիտի (պակասի) հետևանքով թուլանում է կալցիումը կապող սպիտակուցի արտադրությունը, աղիներից կալցիումի և ֆոսֆորի ներծծումը և երիկամների խողովակներից հետադարձ ներծծումը (ռեաբսորբցիա), որի հետևանքով պակասում է նրանց քանակն արյան պլազմայում, արտաբջջային հեղուկում և ոսկրերում:

Ռախիտի ախտանիշները

Ռախիտի առաջին նշաններն ի հայտ են գալիս երեխայի կենտրոնական նյարդային համակարգի փոփոխությունների հետևանքով և դրսևորվում որպես՝

  • դյուրագրգիռություն և լացկանություն
  • քնի խանգարումներ
  • քրտնոտություն (կաթը ծծելիս, քնած ժամանակ), ընդ որում, հատկապես քրտնում է գլուխը՝ առաջացնելով ծոծրակի մազաթափություն
  • ստամոքսի գործունեության խանգարումներ
  • մեծ գաղթունի փակման ուշացում
  • աճի դանդաղեցում
  • մկանային կծկանքներ կամ ցնցումներ՝ պայմանավորված արյան կալցիումի ցածր մակարդակով:

Ավելի ուշ, 2-3 շաբաթ անց չբուժվելու և հիվանդության զարգացման հետևանքով առաջանում են ոսկրային փոփոխություններ, որոնք առաջինը դրսևորվում են արագ աճող ոսկրերում: Մասնավորապես, ռախիտով երեխայի մոտ կարող են զարգանալ հետևյալ նշանները՝

  • մեծ գաղթունի փակման ուշացում
  • գանգի ճակատային և կողմնային ոսկրերի եզրերի փափկացում
  • սուր ընթացքի դեպքում՝ ոսկրային փափկացումներ գանգային կարանների ուղղությամբ (կրանիոտաբես)
  • ծոծրակոսկրի տափակեցում (գլխի կորությունների հարթեցում)
  • աճի դանդաղեցում
  • նստելու, չորեքթաթ շարժվելու և քայլելու ուշացում
  • ատամների ուշ զարգացում և էմալազրկում
  • աճառային հյուսվածքի գերաճի հետևանքով կրծքավանդակի վրա «ռախիտային համրիչների», «մարգարտահատիկների» առաջացում, կրծքավանդակի ձևափոխություններ («հարիսոնյան ակոս», ծանր դեպքերում՝ «հավի կուրծք», «կոշկակարի կուրծք», ողնաշարի ծռվածքներ՝ կիֆոզ, լորդոզ, սկոլիոզ և այլն)
  • 6 ամսականից հետո՝ ոտքերի ծռվածքներ (Օ-աձև կամ X-աձև)՝ հատկապես մինչև 4 տարեկանը
  • կոնքի ձևախախտումներ
  • դաստակների, ծնկների և արմունկների այտուցվածություն
  • ոսկրերի փափկացում և փխրունության մեծացում, որի պատճառով դրանք ավելի հեշտությամբ են կոտրվում:

Ռախիտի ախտորոշումը

Այցելեք ձեր բժշկին, եթե մտահոգված եք ձեր երեխայի աճով ու զարգացմամբ:

Ձեր երեխայի մոտ ռախիտի առկայություն կասկածելիս բժիշկը հավանաբար կնշանակի արյան մեջ վիտամին D-ի մակարդակի, երիկամների գործունեության ստուգման և այլ հետազոտություններ: Որոշ դեպքերում կարող է առաջանալ ռենտգեն հետազոտության կարիք, որ գնահատվի ոսկրերի զարգացվածության աստիճանը:

Ռախիտի բուժումը

Ձեր բժիշկը կարող է առաջարկել երեխայի սննդակարգի որոշ փոփոխություններ, ինչպես նաև նշանակել վիտամին D, կալցիում և ֆոսֆատ պարունակող հավելումներ կամ դեղեր:

Եթե արյան թեստով երեխայի մոտ գրանցվում է կալցիումի ցածր մակարդակ, ձեզ կարող են առաջարկել նաև հիվանդանոցային կարճատև բուժում:

Ռախիտի կանխարգելումը

Դուք կարող եք օգնել ձեր (ապագա) երեխայի մոտ ռախիտի զարգացման ռիսկի նվազեցմանը հետևյալ միջոցառումներով՝

  • եթե հղի եք, պարբերաբար այցելեք ձեր մանկաբարձուհուն կամ բժշկին և ըստ վերջիններիս ցուցման, հղիության ընթացքում ստուգեք ձեր արյան մեջ վիտամին D-ն
  • նույն կերպ, բժիշկը կարող է նշանակել նաև երեխայի մոտ վիտամին D-ի թեստ՝ մինչև հիվանդության ախտանիշների դրսևորվելը կամ հիվանդության վաղ փուլերում
  • 4-6 ամսական հասակում ձեր մանկանը սկսեք տալ պինդ սննդամթերքներ
  • համոզվեք, որ ձեր մանկան սննդակարգը պարունակում է բավականաչափ կալցիում և ֆոսֆատներ
  • ձեր երեխայի հետ հաճախ դուրս եկեք մաքուր օդի
  • հետևեք ձեզ կամ ձեր մանկիկին նշանակած հավելումները կամ դեղերը:

Հոդվածը տեղադրվել է՝ 13-08-2018 վերանայվել է՝ 11-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: