Skip to main content

Քթահոսություն (ռինոռեա) -

Քթահոսությունը քթից ավելցուկային հեղուկ արտադրությունն է:

Քթային արտադրությունը կարող է լինել ջրիկ թափանցիկ հեղուկ, մացուծիկ լորձ կամ դրանց միջև որևէ այլ բնույթի արտադրուկ: Քթային արտադրությունը կարող է արտահոսել ձեր քթքվ, քթի խոռոչի ետնամասից հոսել ներս ու ներքև՝ դեպի քիթըմպան:

Ռինոռեա և ռինիտ տերմինները հաճախ օգտագործվում են՝ նկատի ունենալով հենց քթահոսությունը: Իրականում ռինոռեան ջրիկ, հաճախ՝ թափանցիկ քթային արտադրությունն է, իսկ ռինիտը վերաբերվում է քթի լորձաթաղանթի բորբոքմանը: Ռինիտները հաճախ բերում են քթահոսության:

Եթե ունեք քթահոսություն, կարող եք ունենալ կամ չունենալ նաև քթի փակվածություն:

Պատճառներ

Քթահոսություն կարող է պատճառվել քթի խոռոչի հյուսվածքները գրգռող կամ բորբոքող ցանկացած պատճառից: Քթային արտադրության հաճախ հանդիպող պատճառներից են վարակները (օրինակ՝ մրսածություն (ՍՇՎՎ), գրիպ կամ սինուսիտ) և ալերգիաները: Որոշ մարդկանց մոտ կարող է զարգանալ առանց որևէ տեսանելի պատճառի քրոնիկ քթահոսություն: Նման վիճակը կոչվում է ոչ ալերգիկ ռինիտ (հարբուխ) կամ վազոմոտոր ռինիտ (հարբուխ):

Ավելի հազվադեպ քթահոսության պատճառ կարող են դառնալ քթի խոռոչում աճած պոլիպը, օտար մարմինը, ուռուցքը կամ միգրենատիպ գլխացավերը:

Քթահոսության այլ հնարավոր պատճառներից են՝

  • Չարգ-Ստրաուսի համախտանիշ (էոզինոֆիլային գրանուլոմատոզ պոլիանգիիտ)
  • կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19)
  • քթի փակվածության դեմ սփրեյների գերօգտագործում
  • քթի միջնապատի թեքվածություն (ծռում)
  • օդի չորություն
  • գրանուլեմատոզ պոլիանգիիտ (Վեգեների գրանուլոմատոզ)
  • հորմոնային շեղումներ
  • դեղեր, օրինակ՝ բարձր արյան ճնշման, էրեկտիլ խանգարման, դեպրեսիայի, ցնցումների և այլ հիվանդությունների բուժման դեղամիջոցներ
  • զբաղվածության ասթմա
  • հղիություն
  • շնչառական (ռեսպիրատոր) սինցիտիալ վիրուս (ՌՍՎ)
  • ողնուղեղային հեղուկի արտահոսք
  • ծխախոտի ծուխ:

Ե՞րբ այցելել բժշկին

Քթահոսությունը կարող է լինել անհանգստացնող և անհարմարավետություն (դիսկոմֆորտ) առաջացնող, սակայն սովորաբար ինքնուրույն լավանում է: Հազվադեպ, քթից արտադրությունը կարող է լինել մեկ այլ ավելի ծանր առողջական խնդրի նշաններից մեկը: Քթահոսությունը կարող է լուրջ ընթացք ստանալ հատկապես նորածինների մոտ:

Չափահասներ

  • ձեր գանգատները շարունակվում են ավելի քան 10 օր
  • ունեք ջերմություն
  • ունեք դեղնականաչավուն քթային արտադրություն և հարքթային ծոցերի շրջանում ցավ կամ բարձր ջերմություն (սա կարող է վկայել բակտերիալ վարակի մասին)
  • ունեք արյունային բնույթի քթային արտադրություն կամ գանգուղեղային տրավմայից հետո մշտական մաքուր արտադրություն:

Երեխաներ

  • ձեր երեխան 2 ամսականից փոքր է և ունի ջերմություն
  • ձեր երեխայի քթային արտադրությունը կամ փակվածությունը դժվարացնում են սնունդ ընդունելը կամ հանգեցնում են դժվարաշնչության:

Ինքնօգնություն

Մինչև բժշկին այցելելը փորձեք այս պարզ միջոցառումները, որոնք կարող են արդյունավետ կերպով մեղմացնել ձեր գանգատը:

  • Փորձեք նուրբ ձևով մաքրել-դատարկել ձեր քթի խոռոչը:
  • Խուսափեք հայտնի ալերգեններից (ձեզ մոտ ալերգիկ ռեակցիա առաջացնող գործոններից):
  • Եթե ունեք կայուն ջրիկ քթահոսություն, փռշտոց և ջրակալած կամ քոր եկող աչքեր, ամենայն հավանականությամբ ձեր գանգատները կապված են ալերգիայի հետ, և առանց դեղատոմսի վաճառվող հակահիստամինային դեղերը կարող են օգտակար լինել: Դուք կարող եք նաև ձեր բժշկի իմացությամբ փորձել կորտիկոստերոիդային կաթիլներ, օրինակ՝ Բուդեզոնիդ, Ֆլուտիկազոն կամ Տրիամցինոլոն: Անպայման ծանոթացեք տեղեկատվական ներդիրին և խորհրդակցեք բժշկի հետ, թե որ դեղը կարող է ձեր վիճակի համար լինել առավել օգտակար:
  • Նորածինների և մանկահասակ երեխաների դեպքում օգտագործեք ռետինե ծայրատով ներարկիչ՝ հեռացնելու կուտակված քթային արտադրությունը:

Հետքթային հոսքը մեղմացնելու համար (երբ ավելցուկային թուքը կամ լորձը քթի խոռորից հոսում են դեպի կոկորդ) փորձեք հետևյալ միջոցները՝

  • խուսափեք տարածված գրգռիչներից՝ ծխախոտի ծուխ կամ օդի խոնավության կտրուկ փոփոխություն
  • խմեք առատ ջուր, որը կօգնի քթային արտադրության ջրիկացմանը
  • փորձեք քթային աղային սփրեյներ կամ ողողման հեղուկներ:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-02-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024