Skip to main content

Շոկ - Անհետաձգելի վիճակներ

Շոկը սուր և ծանր ընթացքով, ընդհուպ՝ կյանքին սպառնացող վիճակ է, որն առաջանում է որևէ արտակարգ ներգործությունից:

Արտակարգ ներգործություն ասելով նկատի ունենք այնպիսի ազդեցությունը, որն իր արագահասությամբ, ուժով կամ հետևանքներով գերազանցում է օրգանիզմի հարմարվողական ունակությանը, հյուծում է նրա պաշտպանողական ռեսուրսները և հանգեցնում կենսական կարևոր օրգան-համակարգերի գործունեության հարաճուն խանգարման: Օրգանիզմի նման ծայրահեղ վիճակը ստացել է բազմաօրգանային անբավարարություն անվանումը, քանի որ շոկի ժամանակ տուժում են կենսականորեն գրեթե բոլոր օրգան-համակարգերը՝ սրտանոթային, ուղեղ, երիկամներ, լյարդ և այլն:

Ինչպե՞ս է զարգանում շոկը

Շոկի զարգացման մեջ կենտրոնական դեր է խաղում տարբեր պատճառներից հյուսվածքների արյունամատակարարման ծանր խանգարումը (մազանոթային շրջանառությունը): Նման պայմաններում օրգանները և հյուսվածքները բավարար արյուն և արյան հետ՝ թթվածին չեն ստանում և զարգանում է հյուսվածքային թթվածնաքաղց (հիպօքսիա), որը չբուժվելու դեպքում կարող է բերել կենսականորեն կարևոր օրգանների կայուն ախտահարման և անգամ մահվան:

Շոկի տեսակները

Շոկը կարող է զարգանալ ծանր վնասվածքների (տրավմա), ջերմային հարվածների, սուր արյունահոսությունների, ալերգիկ ռեակցիաների, ծանր վարակների, թունավորման, ծանր այրվածքների և այլ պատճառներով:

Ելնելով առաջացման պատճառից և զարգացման մեխանիզմից, տարբերում են շոկի 4 հիմնական տեսակներ:

Հիպովոլեմիկ (փոքր ծավալի) շոկ

Հիպովոլեմիկ շոկն առաջանում է շրջանառող արյան ծավալի նվազեցման պատճառով:

Հիպովոլեմիկ շոկի հանրահայտ օրինակ է սուր առատ արյունահոսության պատճառով զարգացած հեմոռագիկ (արյունահոսային) շոկը: Ընդ որում, արյունահոսությունը կարող է լինել ինչպես տեսանելի՝ արտաքին, այնպես է ոչ ակնհայտ՝ ներքին:

Մանկահասակ երեխաների մոտ հիպովոլեմիկ շոկի պատճառ կարող է դառնալ ջրազրկումը, որը մանկական օրգանիզմում կարող է արագորեն զարգանալ կրկնակի փսխումների և փորլուծության արդյունքում:

Հիպովոլեմիկ շոկի մյուս պատճառներից են այրվածքները, արտաքին միջավայրի սուր ազդեցությունները (օրինակ՝ ջերմահարություն), դիաբետիկ կետոացիդոզին և ոչ շաքարային դիաբետին ուղեկցող առատ միզարտադրությունը:

Հիպովոլեմիկ շոկը բնորոշվում է արագացած, թույլ, թելանման և հաճախացած սրտազարկով, կպչուն սառը և գունատված մաշկով, հաճախացած և մակերեսային շնչառությամբ, մարմնի ջերմաստիճանի նվազեցմամբ, զարկերակային ճնշման կտրուկ անկմամբ, բերանի չորությամբ և ծարավի զգացումով:

Կարդիոգեն (սրտային ծագման) շոկ

Կարդիոգեն շոկի պատճառը սրտի արտամղող (արդյունավետ կծկման) գործունեության կտրուկ վատթարացումն է, որը հայտնի է որպես սուր սրտային անբավարարություն:

Կարդիոգեն շոկն առավել հաճախ զարգանում է սրտամկանի ծանր վնասման՝ սրտամկանի ինֆարկտի ժամանակ: Շոկի առաջացման այլ պատճառներից են սրտի ռիթմի ծանր խանգարումները (առիթմիաներ), կարդիոմիոպաթիաները կամ միոկարդիտները, կանգային սրտային անբավարարությունը, սրտի փականային հիվանդությունները և այլն:

Կարդիոգեն շոկը դրսևորվում է պարանոցի լծային երակների լեցունությամբ, թուլացած, թելանման կամ չշոշափվող անոթազարկով, սրտի ռիթմի խանգարումներով (հաճախ՝ տախիկարդիա) և զարկերակային ճնշման անկմամբ:

Օբստրուկտիվ (խցանման) շոկ

Օբստրուկտիվ շոկը զարգանում է խոշոր անոթների կամ բուն սրտի խցանման պատճառով:

Շոկի այս տեսակը կարող է զարգանալ սրտային տամպոնադայի, թոքային զարկերակների էմբոլիայի, լարման պնևմոթորաքսի, աորտայի սթենոզի և այլ ծանր հիվանդությունների ժամանակ:

Դիստրիբուտիվ (տեղաբաշխման) շոկ

Տեղաբաշխման շոկի զարգացման հիմքում ընկած է օրգանիզմում արյան ախտաբանական տեղաբաշխումը, որը բերում է հյուսվածքների ու բջիջների կողմից թթվածնի յուրացման խանգարման։ Այն ներառում է վարակային (սեպտիկ) շոկը (օրինակ՝ կանանց մոտ զարգացող տոքսիկ-շոկային համախտանիշ), անաֆիլակտիկ շոկը, ներզատական (օրինակ՝ թիրեոտոքսիկոզի, ադրենալ անբավարարություն) և նյարդածին շոկերը (օրինակ՝ ողնաշարի և ողնուղեղի վնասվածքներ բարձր մակարդակներում):

Շոկի ախտանիշները

Շոկի ախտանիշները տարբերվում են՝ կախված առաջացման պատճառից և իրավիճակային այլ գործոններից։ Ավելի հաճախ շոկը դրսևորվում է հետևյալ նշաններով՝

  • սառը և խոնավ-կպչուն մաշկ
  • գունատված կամ մոխրագույն մաշկ
  • հաճախացած և թույլ-թելանման անոթազարկ (պուլս)
  • զարկերակային ճնշման անկում (հիպոտենզիա)
  • հաճախացած և մակերեսային շնչառություն
  • սրտխառնոց կամ փսխում
  • լայնացած բբեր (միդրիազ)
  • թուլություն կամ ուժասպառություն
  • գլխապտույտ կամ գիտակցության կորուստ
  • հոգեկան վիճակի կամ վարքի փոփոխություններ, օրինակ՝ տագնապ, աժիտացիա կամ շփոթվածություն
  • միզարտադրության կրճատում (օլիգուրիա), իսկ ծանր դեպքերում՝ բացակայություն (անուրիա), որը պետք չէ խառնել միզարձակման դժվարացման հետ:

Շոկի առաջին օգնությունը

Եթե կարծում եք, որ որևէ մեկի մոտ զարգացել է շոկ, առանց հետաձգելու զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:

Մինչև բժշկական անձնակազմի ժամանելը, փորձեք օգնել տուժող անձին։ Հիշեք, որ դուք կարող եք փրկել մեկ այլ մարդու կյանք:

Իմացե՛ք ավելին շոկի առաջին օգնության մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 04-05-2019
Վերջին վերանայում՝ 08-04-2024