Գրադարան

Ցավեր ուսագոտու շրջանում

Ցավեր ուսագոտու շրջանում

Time Read 3 րոպե

Ուսագոտու շրջանի ցավերը կարող են առաջանալ տարբեր պատճառներից՝ բուն ուսային հոդի ցավեր, տվյալ շրջանի մկանների, ջլերի կամ կապանների ախտահարում:

Ուսի շրջանի ցավը սովորաբար տեղակայված է ուսի առաջային մակերեսին կամ ձեռքի վերին ծայրին: Հաճախ ցավը զգացվում է միայն այն ժամանակ, երբ դուք կոնկրետ մի ուղղությամբ շարժում եք ձեր ձեռքը: Հիշեք, որ եթե դուք ունեք ուսագոտու ցավ, որն ուղեկցվում է օդի պակասի զգացումով, շնչարգելությամբ կամ կրծքավանդակի սեղմվածության զգացումով, դա կարող է լինել սրտամկանի ինֆարկտի նշաններից մեկը: Նման դեպքերում անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:

Առանց հետաձգելու դիմեք բժշկին նաև այն դեպքում, երբ ձեր ուսի ցավն ի հայտ է եկել նույն շրջանում վնասվածք ստանալուց հետո, օրինակ՝ մարզանք կատարելիս, խաղալիս կամ վայր ընկնելիս: Նախատեսեք նաև ձեր բժշկին այցելելը, եթե ձեզ մոտ ուսի շրջանի ցավերը ժամանակի ընթացքում չեն մեղմանում կամ ավելի են սաստկանում:

Նման դեպքերում բժիշկը ձեր գանգատները լսելուց հետո սովորաբար նշանակում է որոշ հետազոտություններ, օրինակ՝ ուսահոդի շրջանի ռենտգեն կամ պատկերային այլ մեթոդներ: Հոդաբորբի կասկածի դեպքում ձեզ կարող են ուղեգրել նաև արյան որոշ թեստերի:

Ուսագոտու շրջանի ցավերի պատճառները

Ուսագոտու հետ կապված խնդիրները կարող են լինել աննշան կամ ստանալ լուրջ բնույթ, իսկ ցավերը՝ սուր (հանկարծակի սկսվող և ուժեղ) կամ քրոնիկ (ժամանակի ընթացքում զարգացող և երկար ժամանակ շարունակվող):

Տարեց մարդկանց մոտ առանց տեսանելի պատճառի ի հայտ եկող ուսի շրջանի ցավերի պատճառ կարող է հանդիսանալ տարիքային բնույթի ոսկրահոդային փոփոխությունները: Ցավի այլ պատճառներից են հոդաբորբը, ուսային հոդի գերծանրաբեռնվածությունը (օրինակ, որոշ մարզաձևերի կամ ուսահոդի կրկնակի աշխատանք պահանջող մարզանքների դեպքում), վայր ընկնելիս և այլ պատճառներով պայմանավորված վնասվածքները (այդ թվում՝ կոտրվածքները և հոդախախտերը) և այլն:

Որոշ դեպքերում ուսի շրջանի ցավը կարող է առաջանալ այլ հիվանդության պատճառով, օրինակ՝ ֆիբորմիալգիա կամ ռևմատիկ պոլիմիալգիա: Հազվադեպ, ուսային շրջանի ցավերը կարող են ի հայտ գալ սրտային սուր պատահարների ժամանակ:

Ուսագոտու շրջանի ցավերի բուժումը

Ուսի շրջանի ցավերի բուժումը կախված է դրանց առաջացման պատճառից:

Ուսի մեղմ վնասվածքի ժամանակ դուք կարող եք բուժումը կազմակերպել տանը: Նման դեպքերում վնասվածքը ստանալուց անմիջապես հետո սառույցը դնում եք պոլիէթիլային փաթեթի մեջ, ապա բարակ մաքուր սրբիչի օգնությամբ դնում եք ցավոտ հոդի վրա 10-20 րոպե (կարող եք կրկնել օրը 3-5 անգամ): Կարելի է նաև թաց սրբիչը դնել սառցառանում, թողնել 2 ժամ, ապա հանել և դնել ցավոտ տեղամասին և թողնել 20 րոպե: Վնասվածքը ստանալու երկրորդ օրվանից սկսած կարող են անցնել տաքացնող միջոցառումների:

Ուսի շրջանի ցավերը կարելի է մեղմացնել նաև սովորական ցավազրկողներով կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերով:

Կայուն կամ ուժեղ ցավերի ժամանակ ձեզ կարող է առաջարկվել նաև՝

  • ցավող կողմի ուսային հոդի և ձեռքի հանգիստ պայմաններ, երբեմն՝ անշարժացնող կամ ձեռքի շարժումները սահմանափակող միջոցներ
  • բուժական մերսում
  • որոշ վարժանքներ
  • լազերային կամ գեձայնային բուժում:

Որոշ վնասվածքների ժամանակ ձեզ կարող են նշանակել նաև ստերոիդ հակաբորբոքայիններ կամ առաջարկել վիրահատություն:

Ուսագոտու շրջանի ցավերի կանխարգելումը

Դուք կարող եք կանխարգելել ուսի շրջանի ցավի որոշ տեսակներ հետևյալ միջոցներով՝

  • հետևեք ձեր ֆիզիկական վիճակին և ամրապնդեք ձեր ոսկրամկանային համակարգը
  • ֆիզիկական գործ անելիս ուշադրություն դարձրեք ձեր կեցվածքին և մարմնի դիրքին
  • երկարատև ֆիզիկական վարժանքներից կամ աշխատանքից առաջ նախապատրաստեք (տաքացրեք) ձեր մկանները, իսկ ընթացքում պարբերաբար ընդմիջեք և հնարավորություն տվեք, որ ձեր մկանները հանգստանան
  • ճիշտ ձևով բարձրացրեք և պահեք ծանրությունները:

Հոդվածը տեղադրվել է՝ 26-06-2018 վերանայվել է՝ 12-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: