Գրադարան

Ամֆետամիններ («սպիդ»)

Ամֆետամիններ («սպիդ»)

Time Read 2 րոպե

Ամֆետամինը թմրամիջոց է, որն ազդում է ձեր գլխուղեղի «պարգևատրման համակարգի» վրա՝ առաջացնելով հակում առաջացնող դրական զգացողություններ:

Ամֆետամինի օգտագործումը կարող է հանգեցնել առողջական, սոցիալական և ֆինանսական խնդիրների:

Ի՞նչ է «սպիդը»

«Սպիդը» համարվում է խթանիչ նյութ, քանի որ արագացնում է դեպի գլխուղեղ և հակառակ ուղղությամբ նյարդային ազդանշանների փոխանցումը (անգլերենից speed-ը թարգմանվում է որպես արագություն): Այն պատկանում է ամֆետամինային թմրամիջոցների խմբին, որը ներառում է նաև ավելի հզոր ազդեցությամբ բյուրեղային մեթամֆետամինը («սառույց», ice):

Որոշ ամֆետամինային դեղեր կարող են նշանակվել բժշկի կողմից որպես սակավաթիվ հիվանդությունների բուժման միջոց (օրինակ՝ նարկոլեպսիան կամ ուշադրության պակասի գերակտիվության խանգարումը բուժելիս): Մնացած ամֆետամինները, այդ թվում՝ «սպիդը» արտադրվում և վաճառվում են ապօրինի ճանապարհով:

«Սպիդի» փոշին կարող է ունենալ սկսած սպիտակից մինչև շագանակագույն երանգ և մոխրագույն կամ մանուշակագույն հետքեր: Այս թմրամիջոցի բաղադրիչները կարող են տարբերվել, ուստի իրականում դուք չեք կարող իմանալ նրա հզորությունը կամ դեղաչափը, նույնիսկ այն, թե ինչ է իրականում պարունակում:

«Սպիդն» ունի ուժեղ հոտ և դառը համ: Այն օգտագործում են կուլ տալով, ներարկվելով, ծխելով կամ քիթը քաշելով: «Սպիդն» ունի ժարգոնային տարբեր անվանումներ՝ «գոգո», «գո-գո», «մաքուր», «ձյուն» և այլն:

«Սպիդի» ազդեցությունները

«Սպիդն» օժտված է բազմաթիվ ֆիզիկական ազդեցություններով: Օրինակ, այն բարձրացնում է սրտազարկի հաճախականությունը, շնչառության ռիթմը և արյան ճնշումը, ինչպես նաև կարող է ընկճել քաղցի զգացումը և բարձրացնել սեռական մղումները:

«Սպիդի» օգտագործումը նաև առաջացնում է հուզական «վերելքի» և երջանկության, լրացուցիչ ներուժի և բարձրացած զգոնության զգացողություններ և զգացումներ:

Թմրամիջոցի ազդեցությունները սկսվում են ներարկվելուց կամ ծխելուց անմիջապես հետո կամ կուլ տալուց և քթով ներշնչելուց հետո՝ 30 րոպե անց: Քանակից կախված, «սպիդի» ազդեցությունը տևում է մինչև 6 ժամ: Թմրամիջոցից զրկանքի նշանները տևում են օրեր, որի ընթացքում սկսում են առաջին պլան մղվել քնի խանգարումները և հոգնածության կամ անուժության զգացումները, գլխացավերն ու գլխապտույտը, ցնորքները (հալյուցինացիա), պարանոյան կամ դեպրեսիան:

«Սպիդ» օգտագործող մարդիկ հաճախ քրտնում են, ունենում մարմնի գերտաքացում և ատամների վնասում (հաճախ սեղմված մնալու պատճառով):

Այս թմրամիջոցը երկար ժամանակ օգտագործելիս զարգանում են մարմնի կշռի կորուստ, սրտային և երիկամային տարատեսակ խնդիրներ, կախվածություն, ատամների խնդիրներ, ինսուլտ և ՄԻԱՎ-ով ու հեպատիտներով վարակվելու կամ վարակելու ռիսկի բարձրացում (ներարկման պարագաների համատեղ օգտագործում):

«Սպիդի» և ալկոհոլի, քնաբերների և այլ դեղերի միաժամանակյա օգտագործումը կարող է առաջացնել անկանխատեսելի և վտանգավոր փոխազդեցություններ:

Հոդվածը տեղադրվել է՝ 24-05-2019 վերանայվել է՝ 02-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով