Գրադարան

Սպինալ սթենոզ (ողնաշարային խողովակի նեղացում)

Սպինալ սթենոզ (ողնաշարային խողովակի նեղացում)

Time Read 2 րոպե

Սպինալ սթենոզն այն խողովակի նեղացումն է, որում տեղավորված է ձեր ողնուղեղը:

Սպինալ սթենոզը կամ նեղացումն առաջացնում է ողնուղեղի և ողնուղեղից դուրս եկող նյարդերի ճնշում, որն իր հերթին դրսևորվում է վերին կամ ստորին վերջույթների ցավերով և թուլությամբ: Սպինալ սթենոզի վիրահատական բուժումը նախատեսում է նեղացած խողովակի լայնացում՝ նյարդերի վրա եղած ճնշումը վերացնելու նպատակով:

Սպինալ սթենոզի պատճառները

Սպինալ սթենոզը սովորաբար պատճառվում է հոդաբորբով (արթրիտ): Որոշ մարդիկ ծնվում են նեղացած ողնաշարային խողովակով, որն այս հիվանդության զարգացման համար դառնում է ռիսկի գործոն: Սպինալ սթենոզը կարող է առաջանալ միջողնային սկավառակի (դիսկ) ճողվածքից՝ պրոլափսից հետո: Վերջինս առաջանում է, երբ սկավառակի կակուղ կորիզի ճողվածքը ուղղվում է դեպի ողնաշարային խողովակ և նյարդարմատների անցքեր: Այլ պատճառներից են՝ միջողնային սկավառակի դեգեներատիվ հիվանդություն, ողների վրա ոսկրային հավելյալ աճեր, սպոնդիլոլիսթեզ (երբ մեկ ողը սահում է մյուսի վրա) և այլն:

Սպինալ սթենոզի պատճառ կարող է հանդիսանալ նաև ողնուղեղը կամ նյարդարմատները ճնշող ողնաշարի դեղին կապանները, ուռուցքը, ինչպես նաև մեջքի շրջանի տրավման կամ վնասվածքը:

Սպինալ սթենոզի ամենատարածված տեսակը գոտկային (լումբալ) սթենոզն է, որը տեղակայված է ողնաշարի գոտկային հատվածում։ Դրան հաջորդում է պարանոցային հատվածն ախտահարող պարանոցային (ցերվիկալ) սթենոզը: Շատ ավելի հազվադեպ հանդիպում է կրծքային (թորակալ) սթենոզը, որն ախտահարում է ողնաշարի կրծքային շրջանը:

Սպինալ սթենոզն ավելի հաճախ առաջանում է 50 տարեկանից մեծ մարդկանց մոտ: Կանանց և տղամարդկանց մոտ դիտվում է հավասար հաճախականությամբ:

Սպինալ սթենոզի ախտանիշները

Բազմաթիվ մարդիկ որևէ գանգատ չեն ներկայացնում, նույնիսկ եթե ռենտգենով երևում է խողովակի նեղացում:

Երբ գանգատներն ի հայտ են գալիս, դրանք ժամանակի ընթացքում աստիճանաբար վատթարանում են:

Ախտանիշները կախված են ախտահարված (սեղմված) նյարդից:

  • Գոտկային նեղացման դեպքում ճնշվում են մեջքի ստորին հատվածի նյարդերը։ Սա կարող է հանգեցնել նստանյարդի ճնշման ախտանիշների (թուլություն, թմրածություն, որը ճառագայթում է դեպի մեջք, հետույք և ոտքեր):
  • Պարանոցային նեղացումը կարող է լինել ավելի վտանգավոր, երբ ճնշում է ողնուղեղը: Պարանոցային նեղացումը կարող է բերել միելոպաթիայի, որը դրսևորվում է մարմնի թուլությամբ և պարալիզով (շարժման անկարողություն):

Ավելի հաճախ հանդիպում են հետևյալ ախտանիշները՝

  • կանգնած ժամանակ անհարմարության զգացում
  • ձեռքի, դաստակի, ոտքի կամ ոտնաթաթի թմրածություն, թուլություն կամ ծակծկոցներ
  • քայլքի և հավասարակշռության խնդիրներ
  • պարանոցային ցավեր
  • աղիների դատարկման կամ միզարձակության խնդիրներ
  • մեկ կամ երկու ոտքերում ցավեր կամ կծկանքներ (սպազմ), որոնք մեղմանում են առաջ թեքվելիս
  • մեջքի (գոտկատեղի կամ թիկունքի) ցավեր:

Սպինալ սթենոզի ախտորոշումը

Սպինալ սթենոզն ախտորոշելիս բժիշկը լսում է ձեր գանգատները, ծանոթանում ձեր առողջական վիճակին, կատարում արտաքին զննում և նշանակում ողնաշարի ռենտգեն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ):

Սպինալ սթենոզի բուժումը

Բժիշկը կարող է խորհուրդ տալ սովորական ցավազրկողներ և մեջքի մկանների ուժը, իրանի սլացիկությունն ու հավասարակշռությունը բարելավող ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ: Ձեզ նաև կարող է առաջարկվել ողնաշարի շրջանում ստերոիդների ներարկում, որը կարող է մեղմացնել ցավը և բորբոքումը:

Եթե հիվանդության ախտանիշները խիստ սահմանափակում են ձեր առօրյա գործունեությունը կամ դեղերը և ֆիզիոթերապիան չեն օգնում, բժիշկը կարող է առաջարկել դեկոմպրեսիվ լամինէկտոմիա կոչվող վիրահատություն, երբ նյարդերի վրա եղած ճնշումը վերացնելու նպատակով հեռացվում է ողնաշարային խողովակը ծածկող ոսկորի հատվածը և հաստացած կապանները։ Որոշ դեպքերում կարող է իրականացվել նաև արհեստական իմպլանտի միջոցով հարևան ողների անշարժացման վիրահատություն:

Սովորաբար, բժիշկները նախ փորձում են ոչ վիրահատական մեթոդները և դրանց անարդյունավետության դեպքում նոր միայն առաջարկում վիրահատական բուժում:

Ի՞նչ կարող եք անել դուք

Դուք կարող եք կառավարել ցավը՝ օգտագործելով սովորական ցավազրկող դեղեր, փորձելով տաքացնող կամ սառեցնող միջոցներ: Առողջ քաշը և ֆիզիկական վարժանքները (ֆիզիոթերապևտի հսկողությամբ) նույնպես կարող են մեղմացնել գանգատները:

Եթե ձեր հավասարակշռությունը խանգարված է, կարող եք փորձել այն բարելավող վարժանքներ և հնարքներ:

Հոդվածը տեղադրվել է՝ 19-04-2020 վերանայվել է՝ 12-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: