Skip to main content

Սպոնդիլոլիսթեզ -

Սպոնդիլոլիսթեզը ողնաշարի խնդիր է, որը կարող է առաջացնել մեջքի ցավեր:

Կան այս վիճակի հետ կապված ցավերի և մյուս գանգատների մեղմացման տարբեր մեթոդներ:

Սպոնդիլոլիսթեզի պատճառները

Ձեր ողնաշարը կազմված է միմյանց վրա նստած բազմաթիվ ողներից:

Սպոնդիլոլիսթեզի ժամանակ, ձեր ողներից մեկն իր տակն ընկած ողնի համեմատ շեղվում-տեղաշարժվում է առաջ, որի պատճառով այս երկու ողների արանքից դուրս եկող նյարդը սեղմվում-ճնշվում է:

Նման վիճակը կարող է առաջացնել գոտկային շրջանի ցավեր, մկանային լարվածություն, ոտքերի թուլություն կամ լարվածություն, ազդրերի կամ հետույքի շրջանում ծակծկոցների և թմրածության զգացողություններ:

Սպոնդիլոլիսթեզ
Սպոնդիլոլիսթեզ

Չափահաս մարդկանց մոտ սպոնդիլոլիսթեզի հիմնական պատճառներից են ողնաշարի գոտկային շրջանում տեղակայված հոդաբորբը (արթրիտ), օստեոպորոզը և ողնի կոտրվածքը կամ ողնաշարի հանկարծակի վնասվածքը կամ տրավման:

Երեխաների մոտ սպոնդիլոլիսթեզը սովորաբար բնածին արատի կամ գոտկային շրջանի վնասվածքի արդյունք է:

Սպոնդիլոլիսթեզի ախտանիշները

Հաճախ սպոնիդլոլիսթեզով մարդիկ որևէ գանգատ չեն նշում: Այլ մարդիկ կարող են զգալ՝

  • գոտկային շրջանում ցավ կամ լարվածություն
  • ազդրերի հետին շրջաններում մկանային լարվածություն կամ սպազմ
  • հետույքի, ստորին վերջույթների կամ ոտնաթաթերի շրջանում ցավ, թմրածություն կամ ծակծկոցներ
  • ոտքերի թուլություն:

Սպոնդիլոլիսթեզի ախտորոշումը

Սպոնդիլոլիսթեզն ախտորոշելու համար ձեր բժիշկը սովորաբար իրականացնում է արտաքին զննում և կարող է նշանակել ձեր ողնաշարի գոտկային շրջանի ռենտգեն հետազոտություն, որ ստուգի, թե արդյոք կա իր նորմալ տեղից շեղված որևէ ողն: Երբեմն առաջանում է նաև պատկերային այլ հետազոտությունների անհրաժեշտություն, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ):

Սպոնդիլոլիսթեզի բուժումը

Սպոնդիլոլիսթեզով մարդկանց մեծ մասը կարող է իր ինքնազգացողությունը բարելավել գոտկային մկաններն ամրապնդող հատուկ վարժությունների միջոցով:

Եթե ձեզ ախտորոշել են սպոնդիլոլիսթեզ, ձեր բժիշկը կարող է առաջարկել մի շարք բուժումներ և խորհուրդներ, օրինակ՝

  • ծանր ֆիզիկական աշխատանքից, մարզումներից և վարժանքներից խուսափում
  • ցավերի դեպքում ցավազրկողների ընդունում, ինչպիսիք են Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ)
  • ֆիզիոթերապիա, օրինակ՝ որովայնային մկանների ուժը բարելավող վարժություններ
  • վիրահատություն, որի նպատակը ողնաշարից դուրս եկող նյարդերի վրա ճնշման վերացումն է և ախտահարված ողների միմյանց միաձուլումը, որ բացառվի դրանց հետագա տեղաշարժը և նյարդի վնասումը:

Հոդվածը հրապարակվել է՝ 19-04-2020
Վերջին վերանայում՝ 22-04-2024