Գրադարան

Մաշկի տափակ բջջային կարցինոմա

Մաշկի տափակ բջջային կարցինոմա

Time Read 3 րոպե

Տափակ բջջային կարցինոման (ՏԲԿ) կամ քաղցկեղը մաշկի ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակներից է։

ՏԲԿ հայտնի նաև որպես մաշկի թեփուկաբջջային կարցինոմա։ Այն կազմում է մաշկի ոչ մելանոմային քաղցկեղների մոտավորապես 20%-ը, սակայն ավելի բացահայտ բնույթի և աճի տեմպերի պատճառով կազմում է գլխի և պարանոցի ի սկզբանե ներկայացող բոլոր ուռուցքների 90%-ը։

Այն կարող է զարգանալ մի քանի ամսվա ընթացքում մարմնի արևահարվող շրջաններում՝ գլուխ, պարանոց և ձեռքեր։ Հիմնական ախտանիշը աճող ելունդն է, որը կարող է ունենալ կոպիտ, թեփուկավոր մակերես և հարթ կարմրավուն բծեր: ՏԲԿ այնքան վտանգավոր և ագրեսիվ չէ, որքան մելանոման, սակայն բուժումից դուրս մնալու դեպքում կարող է տարածվել (մետաստազավորվել) մարմնի այլ շրջաններ։

Տափակ բջջային կարցինոմայի տեսակները

ՏՓԿ զարգանում է, երբ մաշկի վերին շերտի տափակ բջիջները սկսում են անկառավարելի կերպով աճել ու բազմանալ։

ՏՓԿ կարող է առաջանալ մարմնի բոլոր այն շրջաններում, որտեղ կան տափակ բջիջներ, սակայն ավելի հաճախ ի հայտ է գալիս այն շրջաններում, որոնք ենթարկվում են արևի կամ սոլյարիների ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթման ավելի բարձր ընդհանուր ներգործության։

Մաշկի քաղցկեղի վաղ ձևը՝ Բոուենի հիվանդությունը, որը դրսևորվում է որպես մաշի կարմրած և թեփոտվող ախտահարում, չբուժվելու դեպքում կարող է վերափոխվել ՏԲԿ-ի։

Ի տարբերություն բազալ բջջային քաղցկեղի, ՏԲԿ-ն ունի տարածման՝ մետաստազավորման բարձր ռիսկ և չբուժվելու դեպքում կարող է վերածվել ագրեսիվ քաղցկեղի։ Մետաստազավորման վտանգն ավելի բարձր է սպիներում, ստորին շրթունքին կամ լորձաթաղանթին ծագող ՏԲԿ-ում, ինչպես նաև թույլ իմունային համակարգով մարդկանց մոտ։

Եթե ձեր մաշկի վրա նկատում եք արտասովոր և չլավացող վերքեր, թեփոտված շրջաններ կամ պնդացումներ, առանց հետաձգելու այցելեք ձեր բժշկին։

Իմացե՛ք ավելին Բոուենի հիվանդության մասին:

Տափակ բջջային կարցինոմայի ախտանիշները

ՏԲԿ առաջին նշանը սովորաբար մաշկի վրա փոքր հանգուցիկի առաջացումն, որի մեծանալուն զուգահեռ կենտրոնը դառնում է մեռուկացած, թեփոտում է և վերածվում է չապաքինվող վերքի՝ խոցի: Ավելի հավանական է, որ նման բծեր հայտնաբերեք ձեր ձեռքերի դաստակների և նախաբազուկների թինային մակերեսներին, գլխամաշկի, ոտքերի, ականջների կամ շրթունքների վրա։ Շրթունքների վրա կարող է նաև ի հայտ գալ փոքր խոց, որը ոչ մի կերպ չի լավանում։

ՏԲԿ-ի այլ ախտանիշներից են՝

  • կոշտ, բարձրացած եզրերով խոցոտված ախտահարում
  • կոշտ վահանիկ կամ հանգուցիկ, հաճախ փայլփլուն մակերեսով և արյան մանր անոթներով
  • պնդացած և կարմրավուն մաշկային վահանիկ, որը դանդաղ աճում է
  • բերանի խոռոչում պնդացած կամ խոցային մակերեսի առաջացում, որը չի լավանում և պարբերաբար արյունահոսում է
  • հետանցքի կամ արտաքին սեռական օրգանների շուրջը կարմրած և մաշկից բարձրացած վերքային մակերեսի առաջացում։

ՏԲԿ-ի հիվանդացությունը տարիքի հետ ավելանում է և առավելագույնի է հասնում սովորաբար մոտ 60 տարեկանում:

Տափակ բջջային կարցինոմայի ախտորոշումը

Եթե կարծում եք, որ ձեզ մոտ կարող է լինել ՏԲԿ, այցելեք ձեր բժշկին, ով ձեզ կուղեգրի մաշկաբանի (դերմատոլոգ) և ուռուցքաբանի (օնկոլոգ) խորհրդատվության։

ՏԲԿ ախտորոշումը հաստատվում է ախտահարված մաշկից փոքր հյուսվածքի նմուշառմամբ և հյուսվածաբանական հետազոտությամբ (բիոպսիա)։

Տափակ բջջային կարցինոմայի բուժումը

Դեպքերի մեծ մասում հնարավոր է ամբողջապես հեռացնել ՏԲԿ-ն։ Բուժման լավագույն տեսակը կախված է ՏԲԿ-ի չափերից և տեղակայումից։

Փոքր ՏԲԿ-ի վիրահատությունը սովորաբար ախտահարված մաշկի պարզ և լիարժեք հեռացումն է (վիրաբուժական հեռացում առողջ հյուսվածքի ազատ եզրով), հակառակ դեպքում սովորաբար խորհուրդ է տրվում Մոհսի վիրահատություն։ Եթե առկա է քաղցկեղի տարածման բարձր ռիսկ, ապա կարող է նշանակվել նաև հետվիրահատական ճառագայթային թերապիա, իսկ հեռակա մետաստազավորման ժամանակ՝ քիմիոթերապիա կամ իմունոթերապիա։

Բուժման այլ տեսակներից են նաև էլեկտրական ասեղով այրումը կամ հեղուկ ազոտով սառեցումը (կրիոթերապիա), լազերով այրումը և այլն։

Կան նաև նրբաքսուքներ, հեղուկներ և լոսյոններ, որոնք կարող են ուղղակիորեն քսվել ախտահարված մաշկին։ Որոշ դեպքերում այս միջոցները կարող են օգտագործվել լուսաբուժման հետ միասին։

Բուժումից հետո կարիք կունենաք պարբերաբար այցելելու ձեր բժշկին կամ մաշկաբանին, որ նրանք գնահատեն բուժման հեռահար արդյունքները։

Տափակ բջջային կարցինոմայի կանխարգելումը

ՏԲԿ կանխարգելման լավագույն ճանապարհը արևայրուքից խուսափելն է։ Հեռու մնացեք արևի ճառագայթներից, եթե ՈւՄ գործակիցը 3-ից բարձր է (օրինակ՝ կեսօրին)։ Օրվա արևոտ ժամերն անցկացրեք ստվերի տակ, կրեք արևապաշտպան գլխարկ, ակնոցներ և մաշկը ծածկող թեթև հագուստ։ Մի օգտվեք սոլյարիներից և նմանատիպ ծառայություններից։

Եթե ձեր բժիշկը կարծում է, որ ձեզ մոտ առկա է մաշկի քաղցկեղի խիստ բարձր ռիսկ, ձեզ կնշանակի հատուկ վիտամիններ։

Ե՞րբ դիմել օգնության

Մաշկային ոչ բոլոր ախտահարումներն ու խոցերն են քաղցկեղներ։ Սակայն մաշկի քաղցկեղների վաղ ախտորոշումը խիստ կարևոր է, որ բուժումը դառնա առավելագույնս արդյունավետ։

ՏԲԿ-ով մարդիկ կարող են հիվանդության մասին կասկածել՝ պարզապես զննելով իրենց մաշկը։ Պարբերաբար ստուգեք ձեր մաշկը։ Այցելեք ձեր բժշկին, եթե՝

  • ունեք մաշկային խոց, որը չի լավանում 2 ամսվա ընթացքում
  • նկատում եք նոր և արտասովոր տեսքով մաշկային բծեր
  • բծերի գույնը, չափսը կամ ձևը փոփոխվում է
  • ունեք ասիմետրիկ մաշկային բծեր (անկանոն, ոչ կլոր կամ ձվաձև)
  • ունեք անկանոն եզրերով մաշկային բծեր
  • ունեք արտասովոր կամ անսովոր գույնի մաշկային բծեր
  • ունեք 7 մմ-ից մեծ բծեր։

Հոդվածը տեղադրվել է՝ 15-06-2019 վերանայվել է՝ 10-11-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: