Գրադարան

Մեռելածնություն (մահացած պտուղ)

Մեռելածնություն (մահացած պտուղ)

Time Read 4 րոպե

Մեռելածնությունը՝ երբ ծնվելուց հետո երեխան չի ցուցադրում կյանքի որևէ նշան, չափազանց տխուր և հուզումալից պահ է ծնողների համար։

Նրանք կորցրած երեխայի համար մեծ ցավ են ապրում, հայտնվում են շոկի մեջ և ոչ հազվադեպ լցվում են մեղավորության զգացումով։ Հաճախ մեռելածնության պատճառը և այն, թե արդյոք հնարավոր էր կանխարգելել, մնում են անհայտ։ Այնուամենայնիվ, կան մեռելածնության ռիսկը նվազեցնող մի շարք մեթոդներ։

Ի՞նչ է մեռելածնությունը

Մեռելածնություն է համարվում այն երեխայի ծնունդը, ով մահացել է սկսած հղիության 20 շաբաթականից մինչև ծննդաբերության ժամկետը։ Պտուղը կարող է մահանալ հղիության ընթացքում կամ, ավելի հազվադեպ, ծննդաբերության ընթացքում։

Եթե հղիության ժամկետն անհայտ է, ծննդաբերությունը համարվում է մահացած պտուղով, եթե վերջինիս կշիռը ծննդաբերության պահին կազմել է 400 գրամ և ավելի։

Մեռելածնությունը տարբերվում է ինքնաբուխ վիժումից, որը տեղի է ունենում, երբ հղիությունն ավարտվում է մինչև 20 շաբաթական զարգացումը։

Ի՞նչը կարող է պատճառել կամ նպաստել մեռելածնությանը

Ցավոք, մեռելածնության պատճառը հաճախ մնում է չպարզաբանված։ Սակայն կան գործոններ, որոնք կարող են բարձրացնել մահացած պտուղի ռիսկը, որոնից են՝

  • բնածին արատներ՝ հիվանդություններ, որոնք ազդում են պտղի կառուցվածքի և գործունեության վրա
  • վաղաժամ ծննդաբերություն, երբ նորածինն այն աստիճան անհաս է, որ չի կարող ապրել
  • պտղի աճի կանգ
  • հղի կնոջ մոտ որևէ հիվանդություն, օրինակ՝ դիաբետ, երիկամային հիվանդություն, սրտային հիվանդություններ կամ պրեէկլամպսիա
  • ծննդաբերության ընթացքում առաջացած բարդություններ
  • պորտալարի կամ ընկերքի հետ կապված խնդիրներ
  • հղի կնոջ մեծ տարիք
  • մինչև հղիությունը՝ գիրություն
  • վարակ
  • հղիության ընթացքում մեջքի վրա քնելը
  • հղիության ընթացքում ծխախոտի, ալկոհոլի կամ ապօրինի թմրամիջոցների օգտագործում
  • հղիության ընթացքում որովայնի շրջանում հարված կամ վնասվածք
  • հղիության ընթացքում ընտանեկան բռնություն։

Ինչպե՞ս կարող եմ կանխարգելել մեռելածնությունը

Թեև մեռելածնության պատճառները հաճախ մնում են չբացահայտված, կան քայլեր, որոնց միջոցով դուք կարող եք նվազեցնել մեռելածնության ռիսկը։

Այս առումով, մինչև հղիանալն ընդհանուր առողջության պահպանումը և ֆոլաթթվի ընդունումը, ինչպես նաև ծխախտից, ալկոհոլից և ապօրինի թմրամիջոցներից հրաժարվելը՝ այս բոլորն էլ կարևոր կանխարգելիչ հանգամանքներ են։

Կարևոր է նաև, որ դուք կանոնավոր կերպով օգտվեք կանանց կոնսուլտացիայի ծառայությունից, բաց չթողնեք նախածննդյան այցելությունները և սքրինինգային հետազոտությունները, որոնք կարող են հայտնաբերել հնարավոր խնդիրը։

Եթե ունեք դիաբետ կամ բարձր արյան ճնշում, համոզվեք, որ դրանք պատշաճ ձևով վերահսկվում են ինչպես մինչև հղիությունը, այնպես էլ հղիության ընթացքում։

Դուք կարող եք նաև հետևել ձեր պտղի շարժումներին (պտղի խաղ), հատկապես հղիության երրորդ տրիմեստրում (եռամսյակ)։ Եթե կարծում եք, որ դրան փոփոխվել են, առանց հետաձգելու զրուցեք այդ մասին ձեր բժշկի կամ մանկաբարձուհու հետ։

Հղիության զարգացմանը զուգընթաց, հատկապես երրորդ տրիմեստրում, ցանկալի է, որ քնեք ոչ թե մեջքի, այլ մի կողքի վրա։

Որոշ դեպքերում (հղի կնոջ կամ պտղի հետ կապված խնդիրներ) մեռելածնության կանխարգելիչ միջոցառում կարելի է համարել նաև կեսարյան հատումը։

Հնարավոր ահազանգող նշանները

Անհապաղ կապ հաստատեք ձեր բժշկի կամ մանկաբարձուհու հետ, եթե՝

  • կարծում եք, որ պտուղը այլևս չի շարժվում կամ պտղի խաղը ստացել է արտասովոր բնույթ
  • ունեք որովայնային ուժեղ ցավեր կամ կծկանքներ կամ գոտկատեղում տեղակայված ցավեր
  • ստացել եք հարված որովայնին կամ մեկ այլ վնասվածք
  • ունեք հեշտոցային արյունահոսություն կամ սովորականից առատ արտադրություն
  • զգում եք գլխապտույտ, տեսողության հետ կապված խնդիրներ կամ սուր կամ երկարատև գլխացավեր
  • ձեր դեմքը, ոտնաթաթերը կամ ձեռքերը հանկարծակի այտուցվում են կամ ձեր ոտքերը ցավոտ այտուցված են
  • ունեք սուր կամ շարունակվող սրտխառնոց և կրկնակի փսխումներ, որոնք ազդում են ձեր սնունդ և հեղուկներ ընդունելու վրա
  • ունեք ջերմություն կամ դող և սարսուռ
  • ունեք զգացում, որ ձեր հղիության կամ առողջության հետ ինչ-որ մի բան ճիշտ չի ընթանում։

Եթե բժշկի կամ մանկաբարձուհու հետ կապ հաստատելը չի հաջողվում, այցելեք մոտակա ծննդատուն։ Եթե կարծում եք, որ առաջացել է անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտություն, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն։

Ինչպե՞ս է մեռելածնությունն ախտորոշվում

Բժիշկ-մանկաբարձը կամ մանկաբարձուհին կլսեն ձեր գանգատները, կզննեն ձեր որովայնը և կնշանակեն որոշ հետազոտություններ, օրինակ՝ պտղի գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա):

Ինչպե՞ս է կատարվում մահացած պտղի ծննդալուծումը

Ծննդալուծման տարբերակը կախված է մի շարք գործոններից՝ կնոջ առողջական վիճակ, հղիության ընթացք, ուղեկցող հիվանդություններ և այլն։ Ավելի հաճախ բժիշկներն առաջարկում են հեշտոցային ծննդալուծում, իսկ ցուցումների առկայության դեպքում՝ կեսարյան հատում։

Մահացած պտղի հեշտոցային ծննդալուծման ընթացքը կարող է տևել ավելի երկար, քան նորմալ ծննդաբերությունը։ Նման դեպքերում ձեզ կարող են առաջարկել ցավազրկման որևէ տարբերակ։

Հոդվածը տեղադրվել է՝ 11-05-2019 վերանայվել է՝ 09-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: