Գրադարան

Շլություն (ստրաբիզմ, հետերոտրոպիա)

Շլություն (ստրաբիզմ, հետերոտրոպիա)

Time Read 3 րոպե

Երբ երկու աչքերն ունեն ընդհանուր ֆիքսման կետ, գլխուղեղը կարողանում են միաձուլել առանձին աչքերի պատկերները և ստանալ մեկ եռաչափ (3D) պատկեր:

Սա թույլ է տալիս ստանալ տեսողական խոր ընկալում, օրինակ՝ պատկերացում կազմել տարբեր առարկաների միմյանց նկատմամբ դիրքի մասին:

Երբ աչքերը նայում են տարբեր ուղղություններով, գլխուղեղը ստիպված է անտեսել մեկ աչքից ստացած ազդանշանները, որ տեսողությունը դարձնի ավելի հստակ: Երբ երեխան ունի շլություն, նրա աչքերը ժամանակի որևէ պահին կամ ամբողջ ժամանակ ունեն տարբեր ուղղություններ (երկու աչքերի տեսողական առանցքների խանգարում):

Ի՞նչ է շլությունը

Շլությունն այն վիճակն է, երբ աչքերից մեկը չի նայում նույն այն ուղղությամբ, ինչ-որ մյուսը: Այլ կերպ ասած, սա մեկ աչքի շեղումն է ընդհանուր ֆիքսման կետից: Օրինակ, շիլ աչքը կարող է շեղված լինել դեպի քիթը (խաչվող կամ զուգամիտվող) կամ դեպի դուրս՝ նույն կողմի ականջը (տարամիտվող աչքեր):

Շլության բժշկական անվանումն է ստրաբիզմ: Այն ունի տարբեր պատճառներ և կարող է հանգեցնել ինչպես մոնօկուլյար այնպես և բինօկուլյար տեսողության խանգարման:

Նորմալ զարգացում

  • Կյանքի առաջին մի քանի շաբաթվա ընթացքում նորածնի աչքերը հաճախ խաչաձև կամ տարամիտվող շլացած են:
  • 3 ամսական տարիքում նրա աչքերի դիրքը պետք լինի այնպես, որ դրանք ուղղված լինեն նույն առարկային կամ կետին:
  • Եթե նորածնի աչքերը ժամանակի մեծ մասի ընթացքում կամ 3 ամսականից հետո զուգամիտվում կամ տարամիտվում են, ամենայն հավանականությամբ նրա աչքերը ստուգելու կարիք կա:
  • Որոշ նորածինների կամ մանկահասակ երեխաների մոտ աչքերը որոշ ժամանակ շլանում են, ավելի հաճախ, երբ իրենց լավ չեն զգում կամ հոգնած են: Նման դեպքերում նույնպես անհրաժեշտ է ստուգել աչքերը և տեսողությունը:

Ինչպե՞ս է շլությունն առաջանում ու զարգանում

  • Երեխաների 2-4%-ն ունի որոշակի աստիճանի շլություն:
  • Այս երեխաների շուջ կեսի մոտ շլությունն ի հայտ է գալիս ծնված օրվանից, իսկ մյուս կեսի մոտ աչքերի դիրքերի շեղումները զարգանում են ավելի ուշ տարքում, երբեմն այն պատճառով, որ մի աչքը մյուսից ավելի հստակ է տեսնում կամ առկա է աչքի վնասվածք կամ էլ (խիստ հազվադեպ) աչքի որևէ հիվանդություն:

Ովքե՞ր են շլության նկատմամբ ավելի բարձր ռիսկի խմբում

  • Երեխաների մոտ աչքերի շլության առաջացման հավանականությունը բարձրանում է, եթե նրանց ընտանիքի անդամներ մոտ նույնպես առկա է շլություն (ժառանգական գործոններ):
  • Հաճախ շլությունն առաջանում է առանց որևէ տեսանելի պատճառի:

Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել

  • Աչքերից մեկը, համեմատած մյուսի հետ, ակնհայտ կերպով շեղված է դեպի ներս, դուրս, վերև կամ ներքև:
  • Դուք նկատում եք, որ նորածին կամ մանկահասակ երեխայի աչքերը միասին համաչափ չեն շարժվում, կամ մի աչքը մյուսից առաջ կամ հետ է ընկնում:
    • Նման վիճակը կարող է հեշտությամբ հայտնաբերվել ֆլեշ լուսարձակմամբ լուսանկարներում, երբ աչքերի ծիածանաթաղանթները երևում են տարբեր դիրքերով:
    • Նույն կերպ, երկու աչքերի դիրքերի տարբերությունը կարող է հայտնաբերվել վառ լուսավորության պայմաններում, օրինակ՝ ուժեղ լուսավորված սենյակում:

Ավելի մեծ երեխաները կարող են՝

  • փակել կամ ծածկել մի աչքը, որ առարկան տեսնեն ավելի հստակ
  • տեսողությունը լարելիս թեքել կամ պտտել գլուխը
  • դժվարանալ հեռավորությունները կամ տարածությունները գնահատելիս
  • ունենալ կոորդինացիայի հետ կապված խնդիրներ
  • նշել գլխացավեր կամ աչքերի հոգնածություն
  • նշել կարդալու կամ ընթերցելու հետ կապված դժվարություններ
  • հաճախակի թարթել աչքերը
  • ունենալ ուշադրությունը կենտրոնացնելու հետ կապված խնդիրներ:

Կայուն շլություն ունեցող երեխաները կարող են չիմանալ, որ ունեն աչքերի հետ կապված խնդիրներ, սակայն, երբ շլությունը անցողիկ է կամ «գալիս ու գնում է», նրանք կարող են այդ պահերին զգալ տեսողության մշուշոտում կամ երկտեսություն:

Վաղ սկսված բուժումը կարող է ունենալ ավելի բարվոք արդյունքներ: Եթե կարծում եք, որ ձեր նորածին կամ մանկահասակ երեխան կարող է ունենալ տեսողության հետ կապած խնդիրներ, այդ թվում՝ շլություն, առանց ուշացնելու դիմեք ձեր բժշկին:

Շլության պատճառող խնդիրները

  • Նորմայում գլխուղեղը երկու աչքերից առանձին-առանձին ստանում է երկու միանման «պատկերներ», սակայն, շլության առկայության ժամանակ այն ստանում է միմյանցից տարբերվող պատկերներ:
    • Գլխուղեղը չի կարողանում միաձուլել միմյանցից տարբերվող այս երկու պատկերները, ուստի սկսում է անտեսել դրանցից մեկնումեկը:
    • Երբ մի աչքից ստացված պատկերը գլխուղեղի կողմից մշտապես անտեսվում է, տվյալ աչքի տեսողությունը սկսում է աստիճանաբար թուլանալ, որը չբուժելու դեպքում կարող է ավարտվել այդ աչքի տեսողության լիարժեք կորստով: Սա կոչվում է «ծույլ աչք» կամ ամբլիոպիա:
    • Ի սկզբանե մեկ կամ երկու աչքերով վատ տեսողությունն իր հերթին կարող է առաջացնել շլություն, քանի որ գլխուղեղը սկսում է անտեսել թույլ տեսողությամբ աչքից ստացված պատկերը:
  • Շլությամբ մարդկանց մեծ մասը կարող է կառավարել ի հայտ եկած խնդիրները, սակայն՝
    • նրանք կարող են դժվարությամբ գնահատել տարածությունները կամ հեռավորությունները
    • նրանք կարող են բարդույթավորվել, հատկապես դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ՝ փախցնելով հայացքը
    • եթե մի աչքի տեսողությունը թուլացած է, լավ տեսողությամբ աչքի վնասվածքի դեպքում կարող է ի հայտ գալ ընդհանուր տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ:

Ո՞վ կարող է օգնել

Եթե կարծում եք, որ ձեր երեխայի մոտ կա շլություն, դիմեք ձեր ընտանեկան բժշկին կամ մանկաբույժին, ով անհրաժեշտության դեպքում ձեզ կուղեգրի ակնաբույժի խորհրդատվության:

Շլության բուժումը

Շլությունը կարող է տարիքի հետ չանհետանալ: Նման դեպքերում ակնաբույժը կարող է առաջարկել բուժման որոշ տարբերակներ, այդ թվում՝

  • տեսողության պահպանման կամ բարելավման միջոցներ, որը թույլ է տալիս, որ երկու աչքերն էլ գործեն ավելի լավ
  • աչքերի միասին և ներդաշնակ գործելու վարժություններ
  • աչքերի մկանների ամրապնդման վարժություններ:

Բուժման մեթոդներ

  • Ակնոցներ, որը կարող է լինել բավարար, քանի որ շտկում է յուրաքանչյուր առանձին աչքի տեսողությունը:
  • Մեկ աչքը փակելը, երբ լավ տեսողությամբ աչքը ծածկվում է, որպեսզի գլխուղեղը ավելի շատ ազդանշան ստանա միայն մյուս աչքից:
  • Աչքի վարժություններ, որոնց շնորհիվ զույգ աչքերը սկսում են աստիճանաբար միասին ավելի ներդաշնակ գործել:
  • Վիրահատական շտկում, օրինակ՝ ակնաշարժ որոշ մկանների վրա վիրահատական միջամտություն: Նոր մեթոդներից է նաև բոտոքս բուժումը՝ շուրջակնային մկանների մեջ Botulinum toxin նյութի ներարկումը:

Անուշադրության մատնելիս շլությունը կարող է հանգեցնել տվյալ աչքում տեսողության լուրջ խանգարումների:

Հոդվածը տեղադրվել է՝ 17-02-2020 վերանայվել է՝ 06-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: