Skip to main content

Նկարագիր - Ամորձու այտուց և ցավոտություն

Ամորձիները շատ զգայուն են, ուստի դրանց նույնիսկ թեթեև վնասվածքը կարող է մեծ ցավ և անհանգստություն պատճառել:

Ցավը կարող է ծագել հենց ամորձու ներսից կամ դրա ետին եզրին գտնվող խողովակաձև գոյացությունից (մակամորձի):

Երբեմն ամորձիների շրջանը կարող է ցավոտ դառնալ աճուկում, որովայնում կամ որևէ այլ շրջանում առկա խնդիրների պատճառով, օրինակ՝ երիկամային քարեր կամ ճողվածքներ: Սակայն միշտ չէ, որ ամորձու ցավի պատճառը կարելի է հեշտությամբ հայտնաբերել:

Ամորձիները (ձվեր) կարող են այտուցվել կամ ցավոտ դառնալ տարբեր պատճառներից, այդ թվում՝

  • վնասվածք (օրինակ՝ հարված, սեղմվածություն և այլն)
  • վարակ (խոզուկ կամ այլ հիվանդություն)
  • փոշտային ճողվածք
  • ամորձու բորբոքում (օրխիտ)
  • ամորձու ոլորում
  • ամորձու ջրակալում (հիդրոցելե)
  • սերմնալարի երակների լայնացում (վարիկոցելե)
  • սպերմատոցելե
  • մակամորձու բորբոքում (էպիդիդիմիտ)
  • ամորձու քաղցկեղ
  • շագանակագեղձի բորբոքում (պրոստատիտ)
  • միզուղիների վարակներ
  • ամորձու նյարդերի, զարկերակների կամ երակների հետ կապված խնդիրներ:

Եթե ցավն ուժեղ է կամ առաջացել է հանկարծակի, դուք պետք է շտապ այցելեք մոտակա վիրաբուժական կենտրոն:

Դուք պետք է նաև անհապաղ կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե ամորձիների ցավոտությունն ուղեկցվում է դող-սարսուռով, ջերմությամբ կամ մեզում արյան հայտնվելով:

Եթե ցավերը չափավոր են կամ բացակայում են, բայց զգում եք ամորձիներից մեկնումեկի այտուցվածություն, միևնույն է, պետք է առանց ձգձգելու այցելեք ձեր բժշկին:

Ամորձիների մեղմ կամ չափավոր ցավերի կամ այտուցվածության նշանները մեղմացնելու համար մինչև բժշկին դիմելը կարող եք նաև տանը ձեռնարկել որոշ միջոցառումներ, օրինակ՝ ընդունել սովորական ցավազրկող դեղեր:

Իմացե՛ք ավելին ամորձապարկի գոյացությունների մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2018
Վերջին վերանայում՝ 04-04-2024