Skip to main content

Ախտանիշներ - Լարվածության գլխացավ

Լարվածության գլխացավերը սովորաբար մեղմ կամ չափավոր, բայց երբեմն անհանգստացնել բնույթի են։

Լարվածության գլխացավի նշաններն ու ախտանիշները ներառում են՝

  • բութ, «նվվազող» գլխացավ
  • ճակատով մեկ կամ քունքերի և գլխի հետևի մասում ձգվածության (լարվածության) կամ ճնշման զգացում
  • գլխամաշկի, պարանոցի և ուսի մկանների գերզգայունություն կամ ցավոտություն:

Լարվածության տիպի գլխացավերը բաժանվում են երկու հիմնական դասի՝ դրվագային (էպիզոդիկ) և քրոնիկ։

Դրվագային լարվածության գլխացավեր

Դրվագային լարվածության գլխացավերը կարող են տևել 30 րոպեից մինչև մեկ շաբաթ: Հաճախակի դրվագային լարվածության գլխացավերն առաջանում են ամսական մինչև 15 օր՝ առնվազն երեք ամսվա ընթացքում: Հաճախակի դրվագային լարվածության գլխացավերը կարող են դառնալ քրոնիկ:

Լարվածության գլխացավերի և միգրենի տարբերությունը

Լարվածության գլխացավերը կարող են դժվար տարբերակվել միգրենային գլխացավերից: Ավելին, եթե ունեք հաճախակի դրվագային լարվածության գլխացավեր, կարող եք ունենալ նաև միգրեն:

Ի տարբերություն միգրենի որոշ ձևերի, լարվածության գլխացավերը սովորաբար կապված չեն տեսողության խանգարումների, սրտխառնոցի կամ փսխման հետ: Թեև ֆիզիկական ակտիվությունը սովորաբար ուժեղացնում է միգրենային ցավը, այն չի վատթարացնում լարվածության գլխացավը: Լույսի կամ ձայնի նկատմամբ զգայունության բարձրացում կարող է առաջանալ նաև լարվածության գլխացավի դեպքում, սակայն այս ախտանիշը տարածված չէ:

Ե՞րբ դիմել բժշկին

Պայմանավորվեք ձեր բժշկի հետ

Եթե լարվածության գլխացավերը խաթարում են ձեր կյանքը կամ շաբաթական երկու անգամից ավելի գլխացավի դեմ դեղեր ընդունելու կարիք ունեք, դիմեք ձեր բժշկին:

Նույնիսկ եթե ունեք գլխացավերի պատմություն, դիմեք ձեր բժշկին, եթե պատկերը փոխվել է կամ ձեր գլխացավերը հանկարծակի զգացվում են այլ կերպ: Երբեմն գլխացավերը կարող են վկայել լուրջ հիվանդության մասին, ինչպիսին է գլխուղեղի ուռուցքը կամ թուլացած արյունատար անոթի պատռվածքը (անևրիզմա):

Ե՞րբ դիմել անհետաձգելի բուժօգնության

Եթե ունեք այս գանգատներից կամ ախտանիշներից որևէ մեկը, դիմեք անհետաձգելի բուժօգնության՝

  • կտրուկ, ուժեղ գլխացավեր
  • գլխացավ, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, պարանոցի կարկամվածությամբ (ձգվածությամբ), գիտակցության շփոթվածությամբ, ցնցումներով, երկտեսությամբ, թուլությամբ, թմրածությամբ կամ խոսքի դժվարացմամբ
  • գլխացավն առաջացել է գլխի վնասվածքից հետո, հատկապես, եթե ցավը սաստկանում է:

Հոդվածը հրապարակվել է՝ 20-03-2021
Վերջին վերանայում՝ 05-04-2024